Փոխել դիմագիծը

Փոխել դիմագիծը
90-ականներին, ԱԺ ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի իշխանությունը փորձում էր կարգավորել օրենսդիր մարմնի որակը, եւ որոշ մականունավորների ու գողականների թույլ չէին տալիս մտնել խորհրդարան: Մի մասին ուղղակի ասում էին՝ թեկնածությունդ չդնես, մյուսներին նստեցնում էին ինքնաթիռ ու մի քանի ամսով ուղարկում Ռուսաստան: Ոմանց փաստաթղթերի մեջ անճշտություններ էին գտնում կամ որեւէ այլ օրինական հիմքով խոչընդոտներ ստեղծում: Սրանք հայտնի փաստեր են: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ պրակտիկան վերացվեց: Հակառակը՝ կանաչ լույս վառեցին բոլոր փողատերերի ու հեղինակությունների առաջ: Սրանք պետք էին իշխանությանը, իսկ իշխանությունը պետք էր նրանց, եւ փոխշահավետ համագործակցությունը ծաղկեց: Անցան տարիներ: Փոխվեց խորհրդարանի դեմքը: ԱԺ հեղինակությունը գրեթե հավասարվեց զրոյի: Օրենսդիր աշխատանքի որակը ոչ միայն ընկավ, այլեւ այդ աշխատանքը սկսեցին կազմակերպել խորհրդարանի պատերից դուրս՝ կառավարության, տարբեր փորձագետների ուժերով: Սկզբում իշխանությունը էյֆորիայի մեջ էր՝ օրենք անցկացնելու դժվարություններ չկային, պատգամավորների ներուժը լիուլի օգտագործում էին հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց դա երկար չտեւեց. ոչ միայն մեր հասարակությունը սկսեց դժգոհել ու ընդվզել, այլեւ միջազգային հանրությունը: Աշխարհի բոլոր երկրներում պառլամենտը քաղաքական մարմին է, որտեղ մականունավորների մուտքն արգելված է: Եվ իշխանությունը հիմա փորձում է վերականգնել 90-ականներին կիրառվող ավանդույթները, որ փոխի խորհրդարանի դիմագիծը: Բայց եթե 95-ին կային Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, որոնք կարգավորում էին այդ հարցերը, հիմա նրանք չկան: Եվ ուժային մեթոդներով հարցեր լուծելը խիստ բարդացել է: