Հրապարակային հարցազրույց

Հրապարակային հարցազրույց
Քաղաքագիտական վերլուծություններից Լեւոն Տեր-Պետրոսյանն անցել է հրապարակային «հարցազրույցներ» տալուն: Երեկ Ազատության հրապարակում իր ելույթը նա հենց այդպես էլ սկսել է: Անշուշտ, անհասկանալի է, թե ինչու մենք՝ լրագրողներս, նման պատվի չենք արժանանում: Չէ՞ որ մեր շրջանում էլ կան իրեն յուրային կամ սիրելի լրագրողներ, որոնք կարող են հարցազրույց վերցնել ու հանրությանը ներկայացնել նրա մտքերն՝ անաղարտ ու բարձր մակարդակով: Չէ՞ որ, երբ հարցազրույցն ինքդ քեզնից ես վերցնում, հարցերն ու պատասխանները կազմում է նույն անձը, եւ դրանք կարող են հանրային հետաքրքրության հետ չհամընկնել: Դա է պատճառը, որ ՀՀ առաջին նախագահի, իհարկե՝ խելացի ու գրագետ, իհարկե՝ բովանդակալից, բայց հարցերի առումով բավականին տարօրինակ խոսքը-հարցազրույցը նման կառուցվածք ուներ. Մարտի 1, Ֆրանսիայի Սենատի որոշում, արտագաղթ, Վարդան Օսկանյան, ԵԿՄ համագումար, իրեն վերագրվող մի երկու արտահայտություններ եւ ձմռան ընթացքում իր նկատած դրական դրսեւորումներ, ինչպես Հայկ Գեւորգյանի դեմ կազմակերպված «սադրանքի վիժեցումն էր», Հրազդանի քաղաքապետի ընտրությունները եւ քաղաքական մի շարք կուսակցությունների «կառուցողական երկխոսությունը» արդար ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ: Իսկ ամենակարեւորը, ինչին սպասում էին նրա զինակիցները, ընտրություններին ՀԱԿ մասնակցության համամասնական ցուցակի հրապարակումը, այդպես էլ տեղի չունեցավ: Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ հումորով հայտարարեց, որ հլու-հնազանդ ստանձնել է այդ ծանր պարտավորությունը, գիտակցելով, որ իրեն շատ բաների համար են հայհոյում, մի բան ավել, մի բան պակաս՝ իր կյանքում ոչինչ չի փոխվելու: Իսկ ո՞վ էր կասկածում, որ ցուցակը կազմելու է հենց առաջնորդը: