Կադրային տեղաշարժերը հարց չեն լուծում

Կադրային տեղաշարժերը հարց չեն լուծում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ հրապարակեց «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» խորագրով իր տարեկան զեկույցը, որտեղ մանրամասն ներկայացված են 2011 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում սպանությունների եւ մահացությունների դեպքերը: Զեկույցի հրապարակմանը ներկա էին   ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ով, որքան էլ տարօրինակ է, համաձայնեց զեկույցում բարձրացված հարցերին եւ մտահոգություններին:  Բանակում թերությունները, մահացությունները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, զեկույցում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց Գեղամ Հարությունյանը խոստացավ անդրադառնալ դրանց ծանոթանալուց հետո: Հրապարակված զեկույցում եկել են եզրակացության, որ բացակայում են ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության մեխանիզմների իրականացման համար իրավական նորմերը, պաշտպանական գերատեսչության գործունեության վերաբերյալ տեղեկություններն ամբողջովին գաղտնի են, եւ դա ամրագրված է օրենսդրորեն: Պաշտպանական բյուջեն  ամբողջովին գաղտնի է` թե կառուցվածքի, թե ընդունման եւ թե իրականացման տեսակետից: Գաղտնիք են հանդիսանում նույնիսկ ոչ ռազմական նշանակության ծախսերը: ՀՀ զինված ուժերում բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Պատշաճ քննություն չի իրականացվում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ: Զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական բազան, հատկապես գերատեսչական նորմատիվ փաստաթղթերը, մատչելի չեն քաղաքացիներին, եւ մի շարք այլ թերություններ: Այս ամենին զուգահեռ արվել են նաեւ առաջարկություններ, որոնք թերեւս այդպես էլ կմնան թղթի վրա, քանի որ եթե ՊՆ-ն ցանկություն ունենար հաշվի առնելու նման առաջարկները եւ կամք դրսեւորեր, մեր զինված ուժերի վիճակը շատ ավելի բարվոք կլիներ, իսկ մահացությունների թիվը նվազագույնի կհասցվեր: Զեկույցի հրապարակումից հետո գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել այս եւ նախորդ տարվա զեկույցների միջեւ: Վերջինս կարծիք հայտնեց, որ ոչ մի բան չի փոխվել: «Ցավոք սրտի, ոչ մի բան չի փոխվել թե համակարգի մոտեցումներում, թե ընդհանրապես: Ինչքան ավելանում է լրատվամիջոցների կողմից լուսաբանումը, այնքան նրանք իմիտացիա են ստեղծում, թե ինչ-որ բան են անում: Որեւիցե համակարգային փոփոխություն չի կատարվում»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը եւ հավելեց. «Կադրային փոփոխություններ են անում, բայց դա ի՞նչ պետք է փոխի: Կադրային տեղաշարժերը հարց չեն լուծում: Գենշտաբի պետի որդու կամպանիան մի տեղից տեղափոխում են մեկ այլ տեղ. ի՞նչ պետք է  փոխվի դրա արդյունքում: Հիմա, ինչքանով որ պարզ է դառնում, ընդամենը ստատուս քվոն պահպանելու խնդիր կա, ուրիշ ոչինչ»: Հանդիպմանը ներկա Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ զինված ուժերում կան մի շարք այլ խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են տեղյակ, օրինակ` զինվորները ճիշտ, պատշաճ ժամկետում չեն զորացրվում, սպայական կազմն ունի սոցիալական լուրջ խնդիրներ, «չարտոնյալ մարդիկ ծառայում են ՊՆ կամ զինվորական դատախազության համակարգում» եւ այլն: Ինչեւէ, այն, որ ՀՀ զինված ուժերում առկա են մի շարք խնդիրներ, փաստ է, եւ դա չեն հերքում անգամ ոլորտի պատասխանատու անձինք, իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ թերությունները վերացնելու համար, պարզ չէ: