Կկանգնեցնի՞ «ծակ տաշտակի» առաջ

Կկանգնեցնի՞ «ծակ տաշտակի» առաջ
Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում բավականին հետաքրքիր ընտրապայքար է սպասվում. այստեղ միմյանց դեմ կպայքարեն կոալիցիոն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ այդ շրջանից մի քանի գումարման ԱԺ պատգամավոր ընտրված երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ում նաեւ Հայ ազգային կոնգրեսն է աջակցում: Այստեղ առաջադրված թեկնածուներն են՝ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը, ով «Քեթրին» բարեգործական ՀԿ նախագահն է, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի  հովանավորյալը, եւ «Բարգավաճ Հայաստանից» ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը կամ նույն ինքը` Տոնուսի Աշոտը: Մեր զրույցը Մանուել Գասպարյանի հետ:



- Պարոն Գասպարյան, այս ընտրատարածքում Ձեր հակառակորդներն են իշխանական երեք կուսակցությունների թեկնածուները: Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Ձեր ընտրատարածքում, իշխանական թեկնածուներն այստեղ է՞լ են օգտագործում վարչական լծակները, ճնշումներ, նման բաներ լինո՞ւմ են, ինչպես որոշ ընտրատարածքներից են ահազանգեր հնչեցվում, թե՞ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում:



- Այո, կոալիցիոն կոլորիտն այստեղ ապահովված է, բայց դեռ մինչ օրս նման ճնշումներ չեն եղել: Պարզապես ակնհայտ է, որ գնալով պայքարը թեժանում է, եւ հեռու չենք մնում մյուս ընտրատարածքներում տեղի ունեցող պրոցեսներից: Կարծում եմ՝ ոչ մի տարածք էլ զերծ չի մնա նախապես ծրագրավորված ընտրակեղծիքների մեթոդներից՝ թե ցուցակների վերաբերյալ, թե մանր-մունր բարեգործական կազմակերպությունների միջոցով իրականացվող  գործողություններով, թե շինարարական եւ այլ կենցաղային աշխատանքներով: Մեր ընտրատարածքում էլ «բարեգործություն» անվան ներքո փորձում են որոշ բաներ կապել իրենց քվեի հետ:



- Իսկ Դուք մտադիր չե՞ք դրա դեմ պայքարել, ահազանգ հնչեցնել:



- Եթե բարեգործությունը տարիներ շարունակ է արվում, դա ինչ-որ տեղ ընդունելի է, թեպետ «բարեգործ թեկնածու» ես չեմ կարող հասկանալ. ի՞նչ է նշանակում բարեգործը ներկայանա որպես թեկնածու: Ես հիմա չեմ ուզում ժողովրդի համար արվող գործերին խանգարած լինեմ, այդ աշխատանքները, որոնք արվում են, թող արվեն՝ բակեր վերանորոգեն, ասֆալտապատեն, տանիքի վերանորոգման եւ վերելակների, ինչպես նաեւ լուսավորության հարցեր են փորձում կազմակերպել: Պարզապես ես մտահոգություն ունեմ, որ այդ բոլորը հետագայում չմտցվի... այսինքն՝ պետական բյուջեի հաշվից չարվի: Թող անեն, ես չեմ  փորձելու դրա դեմն առնել, եւ սա առաջին տարին չէ կամ առաջին անգամ չէ, որ նման ձեւով են պայքարում: Այդ մեթոդները մեզ համար վաղուց հասկանալի են:



- Պարոն Գասպարյան, Ձեր մրցակիցները բավականին հայտնի եւ ազդեցիկ անուններ են...



- Ճիշտն ասած, մեկն է ինձ համար հայտնի (ոչ մեկին ազդեցիկ չեմ համարում), դա Մհերն է Շահգելդյան, որ հայտնի է, իսկ մյուս երկուսը քաղաքական իրենց  գործունեությամբ հասարակության համար ոչ մի հայտնի կամ տեսանելի բան չեն արել, ինչո՞վ պետք է հայտնի լինեն: Անգամ գործող պատգամավորը տարվա ընթացքում ոչնչով... եթե ինքն ինձ հայտնի չի, չեմ կարծում, որ ժողովրդին հայտնի լինի:



- Այսինքն՝ Դուք Ձեր հիմնական մրցակից ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին եք համարում:



- Որպես քաղաքակիրթ քաղաքական պայքարի մարտիկ, կարող եմ ասել այդպես՝ Մհեր Շահգելդյանին եմ համարում, որովհետեւ նա ժողովրդի մեջ ավելի հայտնի է որպես քաղաքական գործիչ, ճիշտ է՝ ժողովրդի մոտ վստահություն չվայելող ուժի ներկայացուցիչ է, բայց գոնե քաղաքական գործիչ է:



- Ի դեպ, ՀԱԿ-ը բավականին բուռն է եւ անխնա քննադատության է ենթարկում այս կուսակցությանը:



- Ես էլ եմ քննադատում, բայց թիվ 3-ում, որպես քաղաքական գործիչ, ես համարում եմ Մհեր Շահգելդյանին, որի հետ, կարծում եմ, քաղաքական պայքար կընթանա: Չնայած նրանցից էլ հեռու չի այդ մուրաբա եւ այլ մանր-մունր ընտրակաշառքները, այնուամենայնիվ փորձելու եմ քաղաքական դեբատների գնալ:



- Լավ, իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում, եւ ընտրողը Ձեզ ինչի՞ պիտի ընտրի:



- Մեր շանսերը մենք գնահատում ենք ռեալ, քանի որ առաջադրվել եմ քաղխորհրդի որոշմամբ, ինչպես նաեւ ժողովրդի հետ մի փոքր սոցհարցման պես քարոզարշավ անցկացրեցինք, որը խախտում չէր: Ժողովրդի կողմից ասեմ, որ բավականին մեծ աջակցություն գրանցեցինք:



Արդար մրցակցության դեպքում հաղթող թեկնածու ենք մեզ համարում: Նշեմ, որ մեր շտաբը տարիներ շարունակ գործում է, այն կուսակցության գրասենյակն է, եւ ենթաշտաբների հետ կապված՝ փոքրիկ պրոբլեմներ ունեցանք, խանգարող հանգամանքներ եղան՝ ի դեմս իշխող ռեժիմի, բայց կարողացանք ծանոթների, բարեկամների միջոցով այդ հարցն էլ կարգավորել: Քանի որ իրենք դեռ երեք ամիս առաջ էին զբաղվում շտաբների ձեւավորմամբ, եւ միայն այս համայնքում 63 շտաբ ունի ՀՀԿ-ն, երեւի էլ «պադվալ» ու բան չեն թողել, որ չեն զբաղեցրել, դրա համար մեզ տարածք չէին հատկացնում: Չմոռանանք, որ հայրս էլ այս ընտրատարածքից նման պայմաններում է ստացել ժողովրդի վստահությունը, որի ժամանակ էլ միլիոն գումարներ են ներդրել, բռնություններ էլ են եղել, սակայն վերջում կանգնել են ծակ տաշտակի առաջ: