Հիշողության էսքիզներ

Հիշողության էսքիզներ
Օգոստոսի 9-ին Վարդգես  Պետրոսյանը կդառնար 80 տարեկան



 



Այս աշխարհում ամեն ոք իր ոտնահետքերը թողնում է: Նրանից հետո եկողներից յուրաքանչյուրն իր յուրովի վերաբերմունքը կունենա դրանց հանդեպ՝  մեկն այդ ոտնահետքերի վրա կհարմարեցնի իր քայլերը, մյուսը կտրորի, երրորդը պարզապես չի նկատի:



Մարդկանց հարցրինք. «Դուք հիշո՞ւմ եք գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանին, ում ծննդյան 80-ամյակն է լրանում: Հիշո՞ւմ եք «Գարունի» առաջին համարները, որոնք ձեր մտերիմը դարձան գրական մի նոր աշխարհի հայտնությամբ: Հիշո՞ւմ եք Մշակույթի հայկական ֆոնդի կողմից սումգայիթյան ջարդերի վավերագրերը ռուսերեն հրապարակելու եւ տարածելու նրա  ջանքերը: Ի վերջո, գրողների տան թարմությունն այն ժամանակվա: Եվ, վերջապես, ձեր հիշողության էսքիզներում մնացի՞ն, արդյոք, մի քանի տող, մի քանի խոսք, մի քանի դրվագ Վարդգես Պետրոսյանի գրածներից...»:



Շատ եմ ափսոսում, որ ներկա սերնդին բավարար իմացության հնարավորությունը չի տրվել, որ պետական մակարդակով էլ, կարծես թե, այսօր որեւէ նկատելի միջոցառում չի նախատեսված: Նախաձեռնող խումբն օրեր առաջ  նամակներ գրեց մշակույթի նախարարին՝ հայցելով կառավարական մակարդակով  հանդիսություն կազմակերպել: Գրողների միությունը, հավանաբար,  աշնանն ինչ-որ բան կկազմակերպի: Բայց այսօր է նրա ծննդյան օրը: Արեւշատ Ավագյանը, ով Վարդգես Պետրոսյանից հետո ղեկավարում է Մշակույթի հայկական ֆոնդը, Աշտարակի գրադարանում Պետրոսյանի համախոհների հանդիպում է կազմակերպում: Բավարա՞ր է, արդյոք, այս ամենը:



Եվ հիմա, նոր սերնդի համար բացվող պատուհան որպես, զրուցենք արձակագիր, դրամատուրգ, հասարակական գործիչ, հրապարակախոս... Վարդգես Պետրոսյանի մասին: «Մոմջյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ռոմեն Կոզմոյանի գրասենյակում ես տեսա Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» լրացված հրատարակությունը արեւմտահայերենով: «Սփյուռքում է տպագրվել, առայժմ մեկ օրինակ  ունեմ»,-ասաց Կոզմոյանը՝  հասկանալով, որ ոչ միայն ես կուզենայի ունենալ այդ գիրքը, այլեւ արժեր այն տարածել: Էսքիզնե՜րը: Ի՜նչ սիրով էինք կարդում դրանք, երբ «Գարունում» պարբերաբար տպագրվեցին: Ու հիմա դրանք, որ  ամբողջական են այս գրքի մեջ, ի՜նչ հրաշալի նվեր կլինեն ներկա եւ ապագա լրագրողների, հրապարակախոսության բնագավառում իրենց դրսեւորել ցանկացողների համար:



...Հարաբերություններ պահելու առումով մարդկային որոշ թերություններ՝ երբեմն իրար չներել, սովորական բանավեճը բախումի վերածել, որից ավելի հաճախ ուրիշներն են օգտվում, ու՝ բամբասանքը գնա՜ց: Այդպես եղավ նաեւ Վարդգես Պետրոսյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի հարաբերություններում: Բայց  երկուսն էլ գրական աշխարհի մարդիկ էին, մարդկային առավել բարձր արժանիքների տեր, եւ  Հրանտ Մաթեւոսյանի նման անհատը կարող էր վեր լինել ամեն մի նեղվածությունից ու Պետրոսյանի եղերական մահվան օրը հնչեցներ իր խոսքը՝ ոչ միայն որպես խոր կսկիծ, ափսոսանք ու ցավ, այլեւ գրողի ընդվզում ու նախատինք նրանց,  ովքեր  այդ հրաշալի լրագրողին, գրողին ու հրապարակախոսին, այդ հրաշալի մարդուն  զրկեցին կյանքից. «...Մտավորականի սպանությունը մակդիր չունի... սա զառանցա՛նք է: Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում է Վարդգես Պետրոսյան: Այդպիսի կարգավիճակ չկար, այդպիսի տեղ չկար: Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ: Թե՞ նպատակը հենց այդ խիզախ, շարժուն, սթափ, անընկճելի մարդուն, որ ամեն օր եւ ամենուր կարողանում էր գործ ստեղծել ու «Վարդգես Պետրոսյան» կնքել, այդ եզակի գործչին վերացնելն է եղել»:



...Հիմա յուրաքանչյուր ոք, ով լավ գիտե Վարդգես Պետրոսյանին, ով անհանգստացել կամ իմացել է նրա մահվան մասին, այս վերհուշով իր մեջ նորից ու նորից կարթնացնի հարցը՝ կպարզվե՞ն, ի վերջո, նրա սպանության հանգամանքները: Այդ հարցը թաքուն ի՛ր համար է պահում, թե մեզ է ուզում տալ, ավաղ, դեռ չի կարող ստանալ դրա պատասխանը: Եղան մարդիկ, որոնց կարծիքով՝ չարժե այսօր խոսել Վարդգես Պետրոսյանի մասին, մինչեւ չպարզվի այդ հարցը: Եղան մարդիկ էլ, որ խուսափեցին նրա մասին կարծիք հայտնել, պահեր հիշել նախկին հանդիպումներից: Աստված նրանց հետ: Կգա օրը՝ կիմացվի ամենը:



Ի՞նչ է փոխվելու, մեր վերաբերմո՞ւնքը: Դժվար թե: Նրա անվան հետ կապված մեր հիշողությո՞ւնը պիտի խաթարվի: Քավ լիցի: Նրա գրածների մեջ ինչ-որ բանե՞ր պիտի փնտրենք, որ համադրենք նրա կյանքի վերջին տարիների, վերջին  օրերի պահվածքի հետ: Անհեթեթ է: Ուրեմն, այդ գործով զբաղվողները թող իրենց գործն անեն՝ մի քիչ անհարմար զգալով, որ անպտուղ տարիներ են անցնում: Իսկ Վարդգես Պետրոսյանին իր կենդանության օրոք իմացողները, նրա հետ աշխատած կամ ընկերություն արած, նրանից աջակցություն ստացած կամ նրանից սրտնեղած մարդիկ տարվա մեջ մեկ օրվա մի քանի պահ տրամադրեն նրան, եթե ոչ հոբելյան նշելու, ապա գոնե վերապրելու հիշողության կտորներով: Մեծ ու փոքր, լավ ու վատ հիշողության խնդիր չէ. մարդուն հիշողությունից չվանելու խնդիր է: Թե չէ վաղը հանկարծ մեծագույն անտարբերությամբ կասենք. մարդ էր՝ եկավ, ապրեց, գնաց: Դա նույնքան դաժան կլինի, որքան դաժան էր Վարդգես Պետրոսյանի առեղծվածային ու մինչ օրս չպարզված  հեռացումը կյանքից:  Եվ նրա չապրած օրերը մեզ շարունակ հիշեցնելու են, որ հայ լրագրությունը, հրապարակախոսությունն ու գրականությունը  այսպիսի ներկայացուցիչներ են ունեցել: Թե չէ ցավալիորեն սովորական է դառնում այն իրողությունը, երբ  բուհական քննություններին շարադրություն գրող դիմորդը Մեսրոպ Մաշտոցին Ավարայրի դաշտում զորավար է կարգում, Րաֆֆուն՝ նավթ հայտնաբերողների կենսագիր:



Հավատում եմ, որ Վարդգես Պետրոսյանի թողած ավանդը գնահատողներ դեռ կլինեն: Դեռ գրքեր ու հոդվածներ կգրվեն: Գրականության աշխարհի մարդիկ դեռ առիթներ կունենան հիշելու, թե Հայաստանի գրողների միությունում ինչ աշխուժություն նկատվեց նրա նախագահ դառնալով: Եվ պատեհ առիթ է, որ հիմա հիշեմ Հովհաննես Շիրազի գնահատանքն այդ օրերի վերաբերյալ: 1976 թվականի ապրիլին, Հայաստանի գրողների 7-րդ համագումարում, Շիրազի հանդեպ կարծես թե վերաբերմունքի փոփոխություն նկատվեց, եւ դա՝ շնորհիվ Վարդգես Պետրոսյանի:  Համագումարին մասնակցելու հրավեր-գրության մեջ Շիրազը զարմանքով եւ ուրախությամբ նկատեց Հայաստանի ԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանի ձեռագրով ավելացված տողերը, որոնց ընթերցմամբ էլ  Շիրազը սկսեց իր ելույթը. «Լուսամուտները բացվել են, օդը մաքրվել է: Երբ ես ստացա այն թուղթը, որով հրավիրում են այս դահլիճ, շատ զարմացա, գրեթե ապշեցի մի տողից, որով սիրելի Վարդգես Պետրոսյանը հայտնում էր. «Նախընտրելի է անտիպներով հանդես գաք»։ Զարմացա, որովհետեւ ես այն բանաստեղծն եմ, որ որեւէ դահլիճում, իմ պատվին երեկոյին թե պոեզիայի երեկոներին անդադար ասում էին՝ սիրելի Շիրազ, անտիպ բան չկարդաս, անտիպ հո չէ՞...»։ Այս միջադեպն ընդամենը մի դրվագ է այն օրերից, երբ Վարդգես Պետրոսյանի ղեկավարությամբ գրողների տունն իրապես դարձել էր կաշկանդումներից ազատ գրական օջախ:



 Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ