Կա՞ արդյոք խորհրդարանական ճգնաժամի վտանգ

Կա՞ արդյոք խորհրդարանական ճգնաժամի վտանգ
ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունները կարծես մտել են փակուղի: ԲՀԿ-ն չի շտապում հայտարարել, թե երբ է ավարտվելու խմբակցության բոյկոտն Ազգային ժողովի աշխատանքներին: Որքան էլ ԲՀԿ կռիվն իրենց ուսերին վերցրած խոսնակներն ու որոշ պատգամավորներ հակառակը պնդեն, միեւնույն է՝ փաստ է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անժամկետ անհետացել է եւ չի շտապում արձագանքել թե Վարդան Օսկանյանի հետ կատարվածին, թե հայտարարել կուսակցության անելիքների մասին: Եթե այս վիճակը երկար շարունակվի, չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունը կանգնի եթե ոչ քաղաքական, ապա խորհրդարանական ճգնաժամի առջեւ: Թեպետ երեկ քաղաքական կուլիսներում ՀՀԿ-ականները վստահեցնում էին, թե խորհրդարանի հաջորդ քառօրյային ԲՀԿ-ականները «խելոք կգան», եւ առաջիկայում ականատեսը կլինենք ՀՀԿ-ԲՀԿ հերթական հաշտեցման արարին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ակնարկեց նաեւ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ ասելով, թե չի կարծում, որ ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտը: Մինչդեռ ԲՀԿ-ականների շարքերում բացարձակ անորոշություն է տիրում: ԱԺ աշխատանքները բոյկոտելու օրը ԲՀԿ-ականներին ասել են՝ գնացեք տուն, նոր բան լինելուն պես կտեղեկացնենք, սակայն երեկվա դրությամբ՝ դեռ ոչ մի խոսք: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ վերադառնալու հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, տեղի չի ունեցել նաեւ հայտարարված խորհրդակցությունը, որի ընթացքում պետք է որոշեին: Վարդանյանը մեր հարցադրմանն ի պատասխան չբացառեց նաեւ, որ ԲՀԿ-ն առաջիկայում գուցե դադարեցնի բոյկոտը, բայց չմասնակցի քվեարկություններին: «Բոլոր տարբերակները կքննարկվեն, եւ երբ լինի վերջնական որոշում, տեղյակ կպահենք»,- ասաց ԲՀԿ պատգամավորը: Այսինքն՝ ԲՀԿ-ականները կօգտագործեն խորհրդարանի ամբիոնը, սակայն չեն նպաստի նախագծերի անցկացմանը. այս տարբերակը նույնպես խորհրդարանի ճգնաժամի սպառնալիքներ է պարունակում:



«Չի պարունակում»,- երեկ գրեթե միաձայն պնդում էին իշխանական պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ: Ավելին, իշխանականները հիշեցնում էին խորհրդարանի աշխատանքների նախին անարդյունավետ բոյկոտները՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ժառանգություն» խմբակցության կատարմամբ: Ընդդիմադիր թեւից ՀՅԴ-ականներն էլ հակառակն էին պնդում: Իրո՞ք առկա է խորհրդարանական ճգնաժամ, թե՞ ստեղծված իրավիճակն ընդամենը խոսում է, որ կա բեւեռացում, կա քաղաքական պայքար, որը սուր բնույթ է կրում։



Զրուցեցինք ՀՀԿ-ական փորձառու պատգամավորներից Մկրտիչ Մինասյանի հետ:



- Պարոն Մինասյան, չե՞ք կարծում, որ պառլամենտի աշխատանքներին ԲՀԿ խմբակցության բոյկոտը կարող է ի վերջո խորհրդարանի ճգնաժամի եւ լուծարման պատճառ դառնալ:



- Պրոցեսներն իրենց ընթացքը ցույց կտան, բայց ճգնաժամ չեմ տեսնում:



- Այնուամենայնիվ, առաջիկայի համար է՞լ այդ վտանգը չեք տեսնում:



- Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականներին ավելի հավաք ու կազմակերպված գործելու անհրաժեշտություն կա. դա բոլորս գիտակցում ենք:



- Պարոն Մինասյան, բյուջեի կատարողականն էլ մի կերպ հաստատեցիք, այն էլ ՕԵԿ 6 պատգամավորների օգնությամբ, բայց ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն գերլարել էր բոլոր ուժերը պատգամավորներին խորհրդարան բերելու ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, ամեն անգամ ձեզ կհաջողվի՞ դա կրկնել, եթե ԲՀԿ-ն որոշի բոյկոտել քվեարկությունները, իսկ մյուս խմբակցություններն էլ միանան…



- Գիտեք ինչ, մենք ուղղակի սովոր ենք, որ քաղաքական մեծամասնությունը երեք անգամ ավել լինի, ավելի շատ: Աշխարհում այդպես չի, աշխարհում ընդամենը 3-5 ձայնով մի ֆրակցիան մյուսից մեծամասնություն է կազմում եւ հենց այդ սկզբունքով էլ աշխատում է: Այնպես որ, նորմալ է, որ մենք կազմակերպված աշխատենք: Հաշվի առեք, որ մենք ունենք 75 պատգամավոր (ՕԵԿ-ականներին նույնպես հաշվում եմ, իհարկե, մարդիկ կոալիցիայի անդամներ են):



- Այսինքն ընդունում եք, որ ԲՀԿ-ի բոյկոտը բարդացրել է ձեր գործը:



- Ես չասացի՝ բարդացել է, ասացի՝ ավելի հավաք, կազմակերպված պետք է լինենք:



- Բայց թե Օսկանյանի հարցի, թե բյուջեի կատարողականի քվեարկությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն մեծ դժվարություններով է այդ ռեսուրսն ապահովում, իսկ եթե հաշվի առնենք գործուղումները, հիվանդությունները եւ ներսի «ընդդիմադիրներին», ապա դժվար թե ձեզ միշտ հաջողվի:



- Մեր աշխատանքներն այնպես պետք է կազմակերպենք, որ  քվեարկությունների ժամանակ գործուղումները քիչ լինեն, ավելի կազմակերպված աշխատենք: Այնպես որ, որեւէ վտանգ չկա: Իսկ Ձեր ասածներն ընդդիմադիր չեն, ուղղակի իրենց կարծիքն ունեն:



- Պարոն Մինասյան, ուզում եք ասել, որ ՀՀԿ-ն որեւէ բան չի՞ պատրաստվում զիջել, ավելի ճիշտ՝ հանգիստ թողնել ԲՀԿ-ին:



- Ի՞նչ ասել է «զիջել»:



- ԲՀԿ-ն հայտարարում է, որ Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, մյուս կողմից էլ խոսակցություններ կան, որ ՀՀԿ ղեկավարը նախագահական ընտրություններին ընդառաջ Ծառուկյանից սատարում է ակնկալում: ԲՀԿ-ն էլ, փաստորեն, չի նահանջում: Այս պարագայում ճիշտ չի՞ լինի դաշտն ազատ թողնել:



- Դաշտն ազատ է, իրենց իրավունքն է, իրենք էլ իրենց իրավունքը բանացնում են, այնպես որ, ես իրենց փոխարեն որոշում չեմ ուզում ընդունել: Մեր ճանապարհը ճիշտ է, եւ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում:



 



Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ