Ռոբերտ Քոչարյան. «Մատի եւ մատանու արանքում»

Ռոբերտ Քոչարյան. «Մատի եւ մատանու արանքում»
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ոչ պաշտոնական www.2rd.am կայքում այսօր տեղադրվել է Վարդան Օսկանյանի շուրջ զարգացումների եւ Ռոբերտ Քոչարյանի 2013-ին հնարավոր առաջադրման վերաբերյալ նյութ, որը վերնագրված է «Մատի եւ մատանու արանքում»:



 



«Դեռեւս Սուլան էր հին հռոմեական ժամանակներում պարզել, որ եթե նախադասության մեջ կա «բայց» բառը, ուրեմն դրանից առաջ եղածն անիմաստ, հենց այնպես ասված արտահայտություն է, եւ ավելի կարեւոր է, թե ինչ է հաջորդում բայց շաղկապին: Անցած շաբաթ թե տպագիր մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները, թե խորհրդարանական կամ այլ ամբիոնների մոտ ելույթ ունեցող պատգամավորների ու քաղաքական գործիչների մեծ մասը այս կամ այն կերպ կրկնում էին, թե գիտեն, որ Վարդան Օսկանյանի «գործի» հիմքում լուրջ բան չկա, բայց...



Ահա այս «բայց»-ից հետո ասում էին ամենաանհեթեթ բաները, իսկ իրականում իրենց համար շատ ավելի կարեւոր էր այդ բայցին հաջորդող անհեթեթությունը, քան այն, որ մարդուն եւ քաղաքական գործչին անարդարացիորեն հետապնդում են: Ավելորդ է ասել, որ անցած շաբաթը հենց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից  զրկելու գլխավոր դատախազի միջնորդության եւ խորհրդարանի տված համաձայնության շուրջ բուռն քնարկումներով առանձնացավ: Ոմանք բացահայտ, ոմանք կիսատոներով կրկնում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի անունը, եւ չի կարելի ասել, թե  անհարկի, որովհետեւ Վարդան Օսկանյանը նախագահ Քոչարյանի արտաքին քաղաքականության գլխավոր դերակատարն էր, նրա իշխանության տարիների առանցքային դեմքերից մեկը: Ուրեմն բնական էր ակնկալիքը, որ Ռոբերտ Քոչարյանն արձագանքելու է: Սակայն մի տեսակ տենդագին ու անհամբերությամբ էին սպասում այդ արձագանքին: Երկրորդ նախագահի խոսքը սթափեցնող էր: Հետո եղան նաեւ նրա այդ խոսքին արձագանքողներ նույնպես: Մի երեք-չորս հայկբաբուխանյաններ ու «նորը լավ մոռացված հինն է» ասացվածքի հերոս քաղաքական գործիչներ փորձեցին օգտվել առիթից ու հերթական անգամ հիշեցնել իրենց մասին: Սակայն թե նրանք, եւ թե ասենք Գալուստ Սահակյանը ցանկանալով «թունդ ու կատաղի» երեւալ, այնուամենայնիվ զգուշավոր էին ու կիսաբերան: Երեւի չեն մոռացել Քոչարյանի հայտնի որսորդական պատմությունը արջի մասին...



Գալուստ Սահակյանը նույնիսկ հայտարարեց, թե չի հավատում, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է տեքստի հեղինակը: Չէր հավատում, որպեսզի ստիպված չլինի կարծիք ասել, որեւէ մեկի հետ հարաբերություններ փչացնել, մարդը կոմպլեմենտար բնավորություն ունի, հո զոռով չի:



Ափսոս, մենք էլ կարծում էինք, թե մեզ համար գործունեության նոր դաշտ է բացվում, ու սիրով որոշ մարդկանց իրենց տեղը կդնենք: Դե լավ, երեւի ստիպված կլինենք ուրիշ անգամ դա անել:



Բայց, քանի որ մեկն արդեն ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը չի իր խոսքի հեղինակը, ուրեմն լծվեցին իսկական հեղինակին գտնելու գործին ու այնքան զավեշտալի եզրահանգումների հասան, որոնց թագն ու պսակն անշուշտ Լ.Տ.Պ.-ի տարբերակն է: Պատկերացնո՞ւմ եք անհեթեթության «գրադուսը»... Պարզվում է, որ Վարդան Օսկանյանին սատարող` Ռոբերտ Քոչարյանի խոսքը, ըստ հայոց մամուլի ու քաղաքական մտքի, գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Բացի այդ, երկրորդ նախագահի արձագանքը ոմանք համարեցին չափազանց մեղմ, ոմանք` առավել քան խիստ, ոմանք այն համարեցին նետված ձեռնոց ու «պատերազմի» հայտարարում, մյուսները` հաշտության կոչ ու իրար հասկանալու «մեսիջ»: Դե լավ, մենք էլ դրամատիկ հերոսի հանգույն կրկնենք. «Ախ ժամանակներ, ախ բարքեր...»:



Իմիջիայլոց, ԱԺ-ում Օսկանյանին անձեռնմխելիությունիզ զրկելու կողմնակիցները, բացի իրավական անմտություններից, չէին խորշում նախկին արտգործնախարարի նկատմամբ` գործի հետ ամենեւին կապ չունեցող իրենց հին քեները, ոխերն ու մերժումները վերհիշել ու բարձրաձայնել: Իսկ ահա, Նիկոլ Փաշինյանն էլ այդ հին ոխերի տեղ մարտի մեկն էր հիշել եւ շահարկում էր ու շահարկում: Այստեղ էլ մի հին հայկական ասացվածք արժե հիշել: ժողովուրդն ասում է` «Գող` սիրտը դող»:



Ռեւազի ոչխարների, կամ նույնն է թե Ջոն Հանթսմանի փողերի պատմության շուրջ աղմուկից մի քանի օր առաջ ու հետո կրկին նոր թափ է առել հետաքրքրությունը` վերադառնալո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն, թե` ոչ: Վկայելու համար, թե որքան բեւեռային ու ծայրահեղ են այս հարցի շուրջ տեսակետները, ընդամենը մեջբերենք երկու տարբեր թերթերի հոդվածների վերնագրերը. «Քոչարյանը չի առաջադրվի» եւ «Քոչարյանը լրջորեն պատրաստվում է»:



Նրանց, ովքեր սարսափով են սպասում երկրորդ նախագահի վերադարձին` միայն մի բան կասենք. թուլացեք, չարժե այդքան անհանգիստ ու անքուն մնալ: Ինչի՞ եք ձեզ տանջում. չէ որ, եթե նա որոշի վերադառնալ, ուրեմն կվերադառնա, եւ դուք դժվար թե կարողանանք խոչընդոտել: Իսկ եթե չէ, ուրեմն, առավել եւս, անհանգստանալու պատճառ չունեք: Թե չէ երեւակայական նոր ռեկորդներ եք սահմանում: Մեկ, պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ եւ այնտեղ հանդիպել ինչ-որ մարդկանց ու քննարկել իր վերադարձի հարցը, մեկ նույն խնդրով Մոսկվա է գնացել ու հանդիպել ուրիշ մարդկանց, եւ վերջապես Եվրոպայում է բանակցություններ վարել քաղաքականություն իր վերադարձի շուրջ: Լավ է, որ դեռ Ամերիկա չեք ճանապարհել երկրորդ նախագահին: Թե՞ ճանապարհել եք, մենք տեղյակ չենք:



Միշտ է այդպես: Երբ սթափությունն ու լրջմտությունը երկրորդ պլան են մղվում, բորբոքված երեւակայությունը պարապը լցնում է կեղծիքով, անմտությամբ ու զավեշտով»: