Ապարհարզան հայկական ձեւով

Ապարհարզան հայկական ձեւով
Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, կորցնելով իրեն ժողովրդական համարում բերած պատգամավորներին՝ Անահիտ Բախշյանին, Ստեփան Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, նոր երջանկություն գտավ «Ազատ դեմոկրատների» գրկում: Այս զույգի համատեղ խորհրդարանական կյանքն առաջին իսկ օրվանից հարթ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Քոքոբելյանի՝ մանդատները միասին վայր դնելու պայմանավորվածությունը, որի իրագործումից հետո իբր հնարավոր կլիներ նոր ուժեր բերել խորհրդարան, չփրկեց քաղաքական այս անհաջող եւ, որոշ կարծիքների համաձայն, պարտադրված ալյանսը:



 



Իրականում, «երիտասարդ ուժեր ներգրավելը» պատրվակ էր, եւ այս պայմանավորվածությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու «նապաստակ» էր սպանելու. ազատելու էր ձեռքերը նախագահական ընտրություններին մասնակցելու համար եւ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանին հեռացնելու էր խորհրդարանական խմբակցությունից՝ միանգամայն տարբեր կուսակցությունների միջեւ փխրուն հավասարակշռությունը վերականգնելով: Բայց Րաֆֆու հաշվարկը սխալ էր: Քոքոբելյանը, ի տարբերություն «Ժառանգության» առաջնորդի, պրագմատիկ գործիչ է եւ մանդատից հրաժարվելու «կպչուն» մտքեր չի ունենում: Նա ուղղակի չկատարեց խոստումն ու գնաց արտասահման: «Ազատ դեմոկրատները» ժխտում են  պայմանավորվածության փաստը՝ պատճառաբանելով, որ ցանկացած որոշում կայացվում է կոլեգիալ քննարկման արդյունքում, իսկ այս հարցով որեւէ քննարկում չի եղել:



 



Վերջնական խոսքը, սակայն, Քոքոբելյանինն է լինելու: Այսօր նա պետք է վերադառնա արտասահմանից եւ հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ հանդիպում, որից ակնկալվում է «Ազատ դեմոկրատներ» - «Ժառանգություն» դաշինքի հետագա ճակատագիրը, սակայն պարզվեց՝ վերադարձն ուշանում է: Երեկ ամենատարբեր սցենարներ էին շրջում թեմայի շուրջ: Ըստ մեկի, «Ժառանգությունը» Խաչատուր Քոքոբելյանին վտարելու է խմբակցությունից, եթե նա Րաֆֆու հետ համաձայնության չգա: «Խաչիկ Քոքոբելյանը պետք է վերադառնա եւ որոշ պարզաբանումներ պետք է տա, հետո նոր կխոսենք»,- պատասխանեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա պատասխաններից կարելի է ենթադրել, որ ժառանգականներն այնուամենայնիվ «սանկցիաներ» են կիրառելու:



 



- Հնարավո՞ր եք համարում, որ կուսակցությունները բաժանվեն իրարից:



 



- Կարծում եմ, որ բաժանումը չի լինի, ցանկալի չէ, որ խզում լինի: Բայց, բոլոր դեպքերում, Քոքոբելյանը կտա ինչ-որ հարցերի պատասխաններ: Քանի դեռ մենք չենք լսել նրան, ոչինչ չենք կարող ասել:



 



- Հնարավոր է, որ նրան հանե՞ք խմբակցությունից:



 



- Ամեն ինչ պետք է դիտարկել որոշ պարզաբանումներից հետո:



 



Սակայն այս մտադրությունների մասին տեղյակ են նաեւ «Ազատ դեմոկրատները» եւ արդեն իսկ հակաքայլեր են ծրագրում: Ասում են՝ Ալիկ Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, ժառանգականներից առաջ ընկնելով, «մի ոտ առաջ» հայտարարելու են խմբակցությունից դուրս գալու մասին: «ԱԺ կանոնակարգ-օրենքը նման հնարավորություն չի ընձեռում, եւ Ձեր ասածը աբսուրդի ժանրից է, եւ այս պահի դրությամբ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե Դուք տեսնում եք, хотите женитесь, хотите разводитесь, хотите-топитесь, море ряадом»,- իր ավանդական պատասխանը տվեց Արզումանյանը:



 



Նախկինում ԱԺ կանոնակարգ-օրենքի 414-րդ հոդվածով սահմանվում էր, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին: Սակայն այս դրույթը ՍԴ որոշմամբ անվավեր է ճանաչվել (ՍԴՈ-810), քանի որ «նպաստում էր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձեւավորված քաղաքական հավասարակշռության փոփոխությանը: Այնպես որ, «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» օրինական ապահարզանը հնարավոր չէ: Եվ ծագումով ու սկզբունքներով միանգամայն տարբեր, բայց նույն կառքին լծված այս ուժերը դատապարտված են այլ ելք փնտրելու: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հետ վերցնել մանդատը, իսկ Ալիկ Արզումանյանը, օրինակ, որոշի դառնալ Ճապոնիայի քաղաքացի: