Խեղճ, թույլ երկիր

Խեղճ, թույլ երկիր
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն արդեն իրեն իրավունք է վերապահում քննադատել մեր երկրում տիրող իրավիճակը: Նա երեկ ասուլիսում ասել է, որ արտագաղթի պատճառներն այլ տեղում փնտրենք՝ «Հայրենակիցներ» ծրագիրը մեղք չունի: Այսինքն՝ մեղքը ձերն է, մեր վրա մի գցեք:



Իսկ խոսքն այն ծրագրի մասին է, որը Հայաստանի խոշոր քաղաքներում գրասենյակներ է բացել եւ ուղղակի մարդաորսով է զբաղված: Ընդ որում՝ որակյալ մասնագետների որսով, որոնց գայթակղիչ պայմաններ են առաջարկում Ռուսաստան տեղափոխվելու դիմաց. էլ կեցության համար անհրաժեշտ պայմաններ ու տուն, էլ սկզբի համար նպաստ, էլ արագությամբ քաղաքացիության տրամադրում, էլ բարձր վարձատրվող աշխատանք: Եվ պատահական չէ, որ մերոնք հերթ են կանգնում այդ գրասենյակների առաջ, որ ինչքան հնարավոր է, արագ մեկնեն ուրիշի երկիրը շենացնելու:



 



Ոչ մի ուրիշ երկրի իշխանություն չէր հանդուրժի, որ օտար երկրի գործակալները գան, իր հողում գրասենյակներ բացեն, իր իսկ քաղաքացիներին գայթակղեն, տանեն դեպի անհայտություն, հետն էլ հայտարարեն, թե՝ լավ ենք անում: Ոչ մի երկրում դեսպաններն այդքան «համարձակ» չեն, որ միջամտեն տվյալ երկրի ներքին կյանքին՝ գնահատականներ տան, քննադատեն, հանդիմանեն: Դա պարզապես միջազգային սկանդալի առիթ կարող է հանդիսանալ: Սակայն քանի որ ռուսները մեզ դիտում են որպես իրենց վասալներ, իսկ երկիրը՝ ֆորպոստ, ուստի բնական է, որ հենց այդպես էլ պետք է իրենց պահեն: Եվ միայն սա չէ: Բազմաթիվ անձինք են փորձել եվրոպական երկրներ եւ ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալ այդ երկրների դեսպանատներում, եւ բոլորը միաբերան պնդում են, որ նման նվաստացուցիչ վերաբերմունքի իրենց կյանքում հազվադեպ են հանդիպել: Սա եւս խոսում է մեր երկրի ու իշխանությունների թուլության մասին: