Լոլոներ մի կարդացեք եւ բացահայտեք

Լոլոներ մի կարդացեք եւ բացահայտեք
Նախագահի թեկնածու, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ Ազատության հրապարակում ոչ թե նախընտրական հանդիպում անցկացրեց, այլ իր կողմից ավանդույթ դարձած ամենամսիմեկյան հանդիպումը համակիրների հետ. «Մենք այսօր քարոզարշավ չենք արել՝ զորակցություն հայտնելով Պարույր Հայրիկյանին»,- ասաց նա հավաքված մարդկանց:



 



Բագրատյանի ասելիքը հիմնականում օրվա իրադարձությամբ էր պայմանավորված, սակայն նա չխուսափեց նաեւ նախընտրական գործընթացներին վերաբերող հարցերից, մասնավորապես ընդգծելով, որ ինքը շարունակելու է չխոսել մյուս թեկնածուների մասին՝բացի իշխանությունից: Եվ խնդիր է դրել հետեւողականորեն ցույց տալ իշխանության «մերկությունը», որ Սերժ Սարգսյանը որեւէ լուրջ ծրագիր էլ չունի որեւէ բան փոխելու: «Լավ հասկանում եմ, թե ինչու են ինձ ամենաքիչը լուսաբանում՝ ընկալելով որպես իրական ընդդիմություն»,- ասաց Բագրատյանը:



 



- Ըստ Ձեզ, ովքե՞ր են մահափորձ իրականացրել, ո՞ւմ էր պետք սա:



 



- Մի քանի տարբերակ կարող է լինել, բայց, որպեսզի որոշենք, թե ով է դա, պետք է հետաձգենք ընտրությունները եւ հասկանանք իրավիճակը, որպեսզի դա շահարկման առարկա չլինի: Վարկածները մի քանիսն են, որոնց մասին այժմ չեմ ուզում խոսել: Ես կրիմինալից չեմ, որ ասեմ, թե ում էր պետք:



 



- Ո՞ւմ գործն էր սա՝  ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերի:



 



- Ես կարծում եմ, որ սա ներքին խնդիր է:



 



- Եթե, այնուամենայնիվ, չհետաձգվեն ընտրությունները:



 



- Ես չեմ հասկանա եւ կընդունեմ, որ դա մեր դեմ է ուղղված: Եթե դուք 7-8 օր պառկած եք (նկատի ունի Հայրիկյանին), ինչո՞ւ չպիտի հետաձգվեն, ի՞նչ իրավունքով:



 



- Կարծում եք Հայրիկյանը կարեւոր ֆիգուր էր, դրա՞ համար հենց նա, ինչո՞ւ հենց Հայրիկյանը:



 



- Ես չգիտեմ, ես գնահատական չեմ տալու, Սերժ Սարգսյանից բացի, ուրիշների անուններ չեմ տալու: Տվյալ դեպքում Հայրիկյանին դիտարկում եմ գործընկեր, խորապես զորակցում եմ նրան, համարում եմ ահաբեկչության զոհ:



 



- Կարծում եք հետաձգելով  հնարավո՞ր է ի հայտ բերել ահաբեկիչներին:



 



- Հնարավոր չէ չհայտնաբերել:



 



- Իսկ կօգտվե՞ք պետության կողմից տրամադրվող թիկնազորից:



 



- Ոչ, չեմ օգտվի, էդ էր պակաս մեր շտաբում իրենք նստեին:



 



- Իսկ ստեղծվածից  հետո վտանգ չե՞ք զգում, չե՞ք կարծում, որ թիկնապահների ներկայությունն անհրաժեշտ է:



 



- Ոչ, իրենք թող դրսից հետեւեն: Իմ հին թիկնազորի աշխատակիցներից մեկին երկու օր է՝ խնդրել եմ, որ երեկոյան, երբ ուշ եմ գնում, գա եւ ուղեկցի ինձ:



 



- Հայրիկյանի հետ զրուցե՞լ եք, ի՞նչ վարկածներ է առաջ քաշում:



 



- Նման զրույց չի եղել, պարզապես նրա ձեռքն եմ սեղմել, առողջություն մաղթել եւ զորակցություն հայտնել:



 



- Նշեցիք, որ երեք-չորս օր առաջ Ձեր նախկին թիկնազորի աշխատակիցներից մեկին խնդրել եք ուղեկցել Ձեզ, հիմքեր ունեի՞ք, սպառնալիքներ, ահաբեկումներ եղե՞լ են Ձեր նկատմամբ:



 



- Անկեղծ ասած, ինքը զանգեց եւ ասաց՝ խառը ժամանակներ են: Ես երբեք թիկնապահով ման չեմ եկել, ասաց, որ գիշերը մինչեւ 2-ը մնում եք շտաբում:



 



- Եթե չհետաձգեն ընտրությունները, ի՞նչ նպատակ կհետապնդեն:



 



- Չեմ հասկանա, ասում էին, թե հանգիստ ընտրվում ենք, բայց հենց մի փոքր վտանգ են զգում, կխփեն, կոչնչացնեն: Չեմ ասում, որ հենց իշխանությունն արեց, բայց պետք է պարզաբանել: Պետք չէ լոլոներ կարդալ, այլ պետք է բռնել հանցագործին:



 



- Հայտարարություն է տարածվել, որ բոլորը հանեն իրենց թեկնածությունը եւ թողնեն միայն Պարույր Հայրիկյանին, Դուք հավանակա՞ն եք համարում մեկ թեկնածուի մնալու տարբերակը:



 



- Ես նման խաղերի մեջ չեմ մտնի, երբեք: