Հայրենյաց սիրով մենք զորանանք

Հայրենյաց սիրով մենք զորանանք
Սկսվե՛ց… Ո՞ւմ էր ձեռնտու, ո՞ւմ չէր ձեռնտու, ո՞վ էր շահագրգռված, ո՞վ չէ, ո՞վ կուզեր, որ Հայրիկյանին դիպած գյուլլեն իրեն դիպչեր… Քաղշոուբիզը հասել է գագաթնակետին:



 



Հայրիկյանի հումորը տեղն է, հանգստացեք: Նա թույլ չի տա, որ այս ընտրությունները հետաձգվեն, կամ բիծ ընկնի Սերժ Սարգսյանի կազմակերպած մաքրամաքուր գործընթացի վրա, որով պարծենում են իշխանությունները եւ խաչ հանելու պես օրնիբուն կրկնում, որ այս ընտրություններով ամրապնդվելու է մեր պետականությունը: Բայց ավաղ, պետականությունը գործով են ամրապնդում, պարոնայք, եւ ոչ թե օդ կրակվող հայտարարություններով ու քաղշոուբիզի կանոններով:



 



Կրակոցից ժամեր առաջ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր. ընտրելով Հայրիկյանին՝ դուք ընտրում եք բոլորին՝ թե Սերժ Սարգսյանին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին, թե Հրանտ Բագրատյանին… Կրակոցից հետո տարբեր տեղերում գրառումներ են հայտնվել. կրակելով Հայրիկյանի վրա՝ կրակել են բոլորի եւ մեր պետականության վրա: Զուգահեռն ակնհայտ է, այդպես չէ՞: Իսկ ի՞նչ պետք է անել, երբ ոտնձգություն է կատարվում պետության ու պետականության դեմ: Դժվար չէ հասկանալը՝ պետք է ավելի համախմբվել պետության ու պետականության գաղափարի շուրջ: Իսկ ո՞վ է այսօր պետության ու պետականության սիմվոլը: Դե իհարկե, գործող նախագահը եւ ոչ թե Հայրիկյանը կամ թեկնածուներից որեւէ մեկը: Ոչինչ, անգամ վիրակապով քարոզարշավին մասնակցող Հայրիկյանը չի կարող փոխել ինքնապաշտպանության այս ինստինկտը: Այնպես որ՝ Հայրիկյանը հաջողությամբ կշարունակի երկրորդից-չորրորդ տեղերի համար պայքարը, եւ ուրիշ ոչինչ:



 



Ոմանք արդեն գրել են՝ ահա, տեսա՞ք, բա ասում էիք մրցակցություն չկա, ամեն ինչ հանդարտ է, տեսա՞ք, թե խորքերում ինչեր կան: Ինչե՞ր կան, բալամ: Հիմա էլ վհուկների ո՞րս սկսենք «ո՞վ էր ուզում Հայրիկյանի մահը» թեմայով: Այս թեման փակվել է Հայաստանի վերանկախացումից հետո: Հայրիկյանն այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտներից չէր, նրա ելույթներն աչքի չէին ընկնում այս կամ այն ուժային եւ ֆինանսական կենտրոններին ուղղված մարտահրավերներով, ազգային հարցերում հանդուրժողական է, տնտեսագիտության բնագավառում չկա, լիբերալների հետ լիբերալ է, սոցիալիստների հետ՝ սոցիալիստ, գյուղատնտեսությունից ոչինչ չի հասկանում, իսկ բանաստեղծության եւ երաժշտության ասպարեզներում էլ անհույս միջակություն է: Դաժա՞ն ենք: Ոչինչ: Դեռ ոչ մի բժշկի չի հաջողվել հիվանդին սիրաշահելով ոտքի կանգնեցնել: Հիվանդին պետք է կտրել, կարկատել, ասեղ մտցնել մարմնի մեջ: Մեռնում են միայն այն հիվանդները, ում չեն բուժում կամ սխալ են բուժում: Որ թողնենք իշխանության բուժելուն, կասեն՝ Հայրիկյանի վիճակն օրհասական ա, ջերմությունը 40-ից չի իջնում, բոքսում ա, միայն տաք բուլյոն ա կարելի, լո, լո, լո… Անձամբ ես բուժելու այլ մեթոդ ունեմ՝ հապա մի հայրենյաց սիրով վեր կաց ու քայլիր…



 



Իսկ այսօր, Հայրիկյանից բացի, բուժել պետք է շատերին: Տեսեք՝ բոլորը խոսում են մեր պետականության դեմ կատարված ոտնձգությունից: ԱԺ նախագահը, վարչապետը, ԱԺ փոխնախագահը, ոստիկանապետը, պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, շարքային քաղաքացիներ: Եվ այս բումի մեջ, երբ բոլորը հաստատ գիտեն, որ «մեր պոյեզը շուռ գալուց է պրձե», երկրիս վարչապետը մի բան է ասում, որ ոչ մի, նույնիսկ ամենալայն դարպասներից հնարավոր չէ ներս մտցնել: Ըստ նրա՝ դեպքի հետ կապված կլինեն համապատասխան հայտարարություններ, կտրվեն գնահատականներ, չի բացառվում՝ նաեւ քաղաքական գնահատականներ: Ապշել կարելի է: Ըստ իրենց՝ տեղի է ունեցել պետականության դեմ ոտնձգություն, իսկ քաղաքական հայտարարություն եւ գնահատականներ, դեռ չգիտեն՝ կլինե՞ն թե՞ չեն լինի: Ասում է՝ չի բացառվում, որ լինեն: Այսինքն՝ չի բացառվում նաեւ, որ չլինեն: Իրենցից, ի դեպ, հեռու չէ՝ կարող են մի փուչիկ ծախողի բռնել ու ասել, որ նա փորձել է գիշերը ժամը 11:30-ի սահմաններում պատահական անցորդի վրա փուչիկ ծախել, բայց, քանի որ տեսել է՝ դա Հայրիկյանն է, շփոթվել է: Այդ շփոթմունքի արդյունքում մահաբեր գազով լցված փուչիկը պայթել է, իսկ անհաջողակ գործարարի բանալիների տրցակն ընկել է գետնին, որը, թողնելով դեպքի վայրում, վերջինս փախել է: Վատ վերսիա չէ, կարծում եմ, եթե չես ցանկանում կամ չես կարողանում հիմնավորել, որ սա քաղաքական ոտնձգություն է պետականության դեմ կամ, գոնե, քաղաքական նպատակներով իրականացված «իսպուգ»:



 



Այս պահին վստահաբար կարելի է ասել, որ «մահափորձ» իրականացնողը հաստատ կհայտնաբերվի: Այլապես Սերժ Սարգսյանի ողջ ամագ-աշխատանքը ջուրը կլցվի: Վլադիմիր Գասպարյանի մասին էլ չխոսենք, ով ստիպված կլինի հրաժարական տալ, որովհետեւ քանիցս իր ղեկավարությանն ու հայ ժողովրդին հասցրել է զեկուցել, որ նախագահական ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունը բերվել է հատուկ ռեժիմի, եւ ոչինչ, նույնիսկ ճանճի տզզոց, անպատիժ չի մնալու: Այնպես որ, ժամանակի հարց է միայն՝ ե՞րբ հայտնաբերել. ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Պարզ է նաեւ, որ երբ էլ հայտնաբերեն ու բացահայտեն, դա ծառայեցվելու է իշխանությունների եւ, իհարկե, պետականության շահերին: Բոլորը գոհ կլինեն: Մենք կունենանք հանուն պետականության ամրապնդման օրուգիշեր աշխատող իշխանություն, Հայրիկյանի պես հերոս եւ այս ամենի շուրջ համախմբված հայ ժողովուրդ: Ամեն դեպքում՝ վատ չէ:



 



ՀԳ - Որպեսզի մեր պետականությանը նորանոր հարվածներ չհասցվեն, պետք է այնպես անել, որ Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին համոզի՝ դադարեցնել հացադուլը: Կարող է ասել՝ Անդրիաս ջան, եթե ուզում ես շուտ լավանամ, մի կտոր հաց կեր: Իսկ եթե սցենարով նախատեսված է, որ Անդրիասին Սերժ Սարգսյանն է համոզելու, դա արդեն ուրիշ թեմա է:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ