Անթույլատրելի վարքագիծ

Անթույլատրելի վարքագիծ
Միանգամայն հասկանալի է այն մարդկանց վրդովմունքը, ովքեր հայտարարում են, թե ընտրություններ չկան, թե ընտրությունները վաղուց ավարտվել են, եւ կոչ են անում կամ չգնալ քվեարկության, կամ գնալ ու ցանկացած եղանակով անվավեր դարձնել քվեաթերթիկները:



 



Այս տրամադրությունները կրողները, բնականաբար, նկատի ունեն այն, որ տասնամյակներ շարունակ իշխանությունները ոչնչացրել են ընտրական համակարգերը, փչացրել ընտրողին, կաշառել հանձնաժողովների անդամներին, վախեցրել ու սպառնացել, պարտադրել ու կեղծել: Արդյունքում 2013-ին մենք ունենք խեղված ընտրահամակարգ ու ընտրողի խեղված հոգեբանություն: Բայց ես վստահ եմ, որ այս խեղումների դեմ պայքարի միակ միջոցը ընտրությունների բոյկոտելն ու անօրինական գործողությունները չեն, որոնց կոչ են անում ընտրական համակարգից դժգոհ մարդիկ եւ ուժերը: Համոզված եմ, որ ընտրությունների գաղափարին ինչքան վնաս է ընտրակաշառքի, վախի ու կեղծիքների արմատավորումը, նույնքան կամ գրեթե նույնքան վնասակար է նաեւ ընտրությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նիհիլիզմի, Ընտրական օրենսգրքով չնախատեսված մեթոդներով պայքարի հոգեբանության սերմանումը:



 



Ասենք՝ եթե դու կոչ ես անում ընտրողին գնալ եւ խզբզել քվեաթերթիկը, դա նույնպես ընտրական համակարգերի նկատմամբ ոտնձգություն է, եւ հետո՝ տարիներ անց, երբ, ըստ քեզ, կգա ժամանակը՝ հնարավոր չի լինելու քաղաքացուն հասկացնել, որ ընտրությունները ազնիվ, ճշմարիտ եւ ազգի համար կարեւոր միջոցառում են: Որ այդ միջոցառումը չի կարելի ծաղրել, թատրոնի վերածել, խեղաթյուրել ու ձեւափոխել՝ ըստ այդ պահի տրամադրության: Մարդիկ պետք է հասկանան՝ որքան վատ է ընտրողների ցուցակներ կազմելն ու ընտրակաշառք բաժանելը, նույնքան անթույլատրելի է քվեաթերթիկի վրա հայհոյանք գրելը: