Ուսանողները պահանջում են ՀՀ նախագահի նոր ընտրություններ

Ուսանողները պահանջում են ՀՀ նախագահի նոր ընտրություններ
Երեկ մայրաքաղաքի ուսանողության ակտիվ մասը դարձյալ Երեւանի պետական համալսարանի բակում էր՝ շարունակելով նախորդ օրը սկսած դասադուլը: «Մեր ակցիայի երկրորդ քայլն ենք իրականացնում, շրջում ենք համալսարաններով՝ ականատես լինում, թե ինչպես են բոլոր դռները փակ»,- ասում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանող Լիլիթ Հարությունյանը:



 



ԵՊՀ կենտրոնական մուտքի դիմացից ուսանողները երթով քայլեցին դեպի Ֆիզկուլտինստիտուտ եւ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենք, սակայն համոզվելով, որ ուսանողներն արգելափակված են ներսում, երթը շարունակեցին դեպի Ժողինստիտուտ, հետո Բժշկական համալսարան, Բժշկական քոլեջ, ապա երեւանյան փողոցներով հասան Բրյուսովի լեզվաբանական համալսարան եւ Թատերական ինստիտուտ: Ակտիվ ուսանողներն ամեն բուհի առաջ կանգ էին առնում եւ կոչ անում ներսի ուսանողներին միանալ իրենց, սակայն ամեն տեղ հանդիպում էին փակ դռների, որոնց ելումուտը հսկում էին եւ ներսում գտնվող, եւ երթն ուղեկցող ոստիկանները: «Մենք արձանագրում ենք այդ փաստը եւ մեր միասնական բողոքն ենք արտահայտում այդ առիթով, քանի որ կան ուսանողներ, որոնք ուզում են միանալ դասադուլին, բայց նրանց նկատմամբ օրեր շարունակ տարբեր սպառնալիքներ են հնչեցվում, այդ թվում եւ իմ, եւ մյուս ակտիվ ուսանողների, որ կհեռացնեն բուհից կամ այլ պատժամիջոցների կդիմեն»,- ասում է Լիլիթ Հարությունյանը: Բոլոր բուհերի պատուհաններից ուսանողները ողջունում էին իրենց դասադուլի կոչ անողներին, բայց չէին կարող միանալ նրանց, քանի որ փակ դռների ետեւում էին: Միայն ուսխորհրդի նախագահներն էին դուրս գալիս ու հայտարարում, որ չեն միանում դասադուլին, թող բարի լինեն հեռանալ ու չխանգարել իրենց դասերը: Իսկ մյուս ուսանողներին փողոց էին դուրս բերել հետընտրական զարգացումները, ընտրությունների արդյունքները: «Մեր միակ պահանջն է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները եւ հայտարարել նոր ընտրություններ»,- շարունակում է Լիլիթը:



 



Ուսանողները նշում էին, որ դա նաեւ մեր հասարակության պահանջն է, քանի որ համակարգն ամբողջովին լճացած, կոռումպացված է, որ երիտասարդությունն ուզում է ապրել մի երկրում, որտեղ իր իրավունքները պաշտպանված կլինեն եւ հարգանքի կարժանանան պետության կողմից:



 



Սեփական իրավունքները գիտակցող, արժանապատիվ կյանքի ձգտող, իրենց բողոքը գուցեեւ ծայրահեղ՝ դասադուլի միջոցով արտահայտող ուսանողները երթով քայլեցին Ազատության հրապարակ, որտեղ էլ քննարկեցին առաջիկա անելիքները: Բողոքի այդ միջոցը՝ դասադուլը, առայժմ շարունակվելու է: «Մեր երկրում մենք բոլորս տխուր, դժգոհ քայլում ենք փողոցներով եւ երազում ենք այն օրվա մասին, երբ մեր դեմքին ժպիտ կառաջանա: Այսօր այդ ժպիտը, ճիշտ է՝ բողոքի ակցիայի տեսքով, նշմարվում է մեր դեմքին, քանի որ մենք միասին ենք, երիտասարդությունը միասնական է, եւ համոզված ենք, որ անպայման հաղթելու ենք: Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում»,- վստահեցնում է Լիլիթ Հարությունյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ