Ժիրայր Սեֆիլյան. Այս ընտրությունները մենք կոչում ենք չընտրություններ

Ժիրայր Սեֆիլյան. Այս ընտրությունները մենք կոչում ենք չընտրություններ
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայ ազատամարտիկ, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու իրավաբան, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը զրուցեցին Հայաստանում ներքաղաքական անցուդարձի ու հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին:



 



Վարուժան Ավետիսյանը նշեց, որ եթե ներքին կյանքում խնդիրները լուծված չեն, ապա արտաքին ճնշումները անխուսափելի են:



 



Անդրադառնալով բանակի թեմային, Ավետիսյանը նկատեց, որ  ձեւավորվել է օրենքի վրա չհիմնավորված համակարգ, որտեղ ծաղկում են փողոցի բարքերը:  Բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է՝ ներսից շատ թույլ ենք որպես համակարգ: Եթե շարունակենք այսպես քայքայվել, ապա կգա մի պահ, երբ կտեսնենք թշնամու հստակ գործողությունները:



 



Ժիրայր Սեֆիլյանն, անդրադառնալով նախագահի ընտրություններին, նշեց, որ այս ընտրությունները չընտրություններ էին եւ որ դրանից բխող  մեր ժողովրդի այսօրվա ոգեղենության արտահայտումը  շատ բարձր է գնահատում:



 



Նրա համոզմամբ այսօր առաջին հերթին դերակատարումը մեր ժողովրդինն է, բայց չենք կարող մոռանալ Րաֆֆի Հովհաննիսյանի ներդրումն ու  անկեղծությունը հայրենանվեր գործում: Ժիրայր Սեֆիլյանը կարեւորեց  Րաֆֆի Հովհաննիսյանի մտքերն ու գործողությունները, որոնք դուրս են քաղաքական դասական գործելաոճից: Դա միտված է նոր որակի պետության ստեղծմանը: Ազատամարտիկը նշեց, որ եկել է քաղաքական ստեղծագործության պահը, որը մեզ նախորդ դեպքերի նման չի տանի փակուղի:



 



Սեֆիլյանն ասաց, որ այսօրվա ներուժը պետք է բազմացնել ու մեծացնել: Մինչ այս ռեժիմի տապալումն ու վերջակետին հասնելը պետք է լուծել մի քանի խնդիրներ: Այդ խնդիրներն են՝ հստակ ձեւակերպել մեր երազած պետության տեսլականը, մեկտեղել հայության մտավոր, գաղափարական մարդկանց, կատարել քաղաքական սերնդափոխություն՝ որակական իմաստով, ձեւավորել կոլեգիալ որոշումներով առաջնորդվող սկզբունքներ, գտնել այն մեխանիզմը, որը կկանխարգելի անարդար երեւույթների կրկնությունը:



 



Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ այսօրվա պայքարը արհամարհում է իշխող վարչակարգի խաղի կանոնները, եւ ինքն այս շարժման մեջ բովանդակային իմաստով Հայաստանի վերածնունդն է տեսնում, որին հասնելու համար օպերատիվ ձեւով պետք է լծվել ինքնակարգավորման: Նա նաեւ վստահեցրեց, որ ողջ Արցախն ու բանակը  լինելու են այս շարժման մեջ:



 



Մանե ԶՈՐՅԱՆ