25 տարի է՝ միտինգ ենք անում

25 տարի է՝ միտինգ ենք անում
Ընտրություններից շուրջ 10 օր անց ի՞նչ են մտածում Ազատության հրապարակում հավաքված մարդիկ այս պայքարի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա անելիքների մասին:



 



Անդրանիկ Ասրյան - Հանրահավաքների առաջին օրից մինչեւ հիմա իմ տրամադրության մեջ որեւէ փոփոխություն չկա, հուսով եմ, որ մենք կհաղթենք: Մինչեւ վերջ պայքարելու ենք, կապ չունի, թե ինչքան կտեւի, տարիներ էլ ձգվի, միեւնույն է, մենք պայքարելու ենք, հասնելու ենք մեր ուզածին, մենք հաղթելու ենք: Իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը, կարծում եմ, Հանրապետականը դրան չի գնա, որովհետեւ այդ համարձակությունը չունի, որ կանգնի ժողովրդի առջեւ ու բացեիբաց ասի՝ կեղծել է ընտրությունները: Իսկ երկխոսությունն այնքանով է լավ, որ ժողովուրդը պարզ կտեսնի, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Բայց, ցավոք, Հանրապետական կուսակցությունը չի ընդունում իր կեղծարարությունը: Այս հավաքներին պակասող մի բան կա, որ ժողովրդի մեջ դեռ նստած է՝ մարտի 1-ի վախը, հակառակ դեպքում ավելի շատ մարդ կհավաքվեր Ազատության հրապարակում, բայց անգամ այդ վախի պայմաններում էլ մարդիկ օր օրի շատանում են, եւ սկսում ենք ավելի շատ հավատալ մեր հաղթանակին:



 



Աննա Դավթյան - Րաֆֆին ես-ի հարց չի դնում, չի ասում՝ ես եմ, կարծես այդպիսով պատասխանատվություն չի վերցնում իր վրա. սա է մի քիչ հիասթափեցնում: Սկզբում լավ էր ընդունվում, որ ժողովրդի վրա էր պատասխանատվությունը դնում, բայց հիմա կամաց-կամաց պիտի իր վրա վերցնի պատասխանատվությունը, եւ հույս ունեմ, որ այդպես կլինի: Ի վերջո, նախագահականում ժողովուրդը չի նստելու, այլ ինքը: Մի քանի օր առաջ հավատի, ոգու ժամանակն էր, իսկ հիմա մարդիկ մի տեսակ ուզում են գործնական քայլեր տեսնել: Այդ հավատը ոչ թե կորել է, այլ դարձել է հենք, որի վրա մարդիկ ուզում են հստակություն, ռեալ քայլեր տեսնել: Ժամանակն է, որ մոտեցումը փոխվի, ավելի շոշափելի դառնա, թե չէ այս նույն տեքստերով այս ամենը երկար չի կարող շարունակվել, պետք է ավելի գործնական լինել, որպեսզի արդյունքի հասնենք, հակառակ դեպքում «մենք հաղթել ենք, ժողովուրդը հաղթել է» ասելով, բան չի փոխվի:



 



Վարդգես Թորոսյան - Եթե ժողովուրդը կանգնել է, ուրեմն մի բանի կհասնի, միայն թե կուլիսային խաղեր չտան եւ ժողովրդին չհիասթափեցնեն: Ես առաջին օրից մինչեւ հիմա նույն բարձր տրամադրությունն ունեմ, ճիշտ է, ներքին վախ ունեցել եմ, որ ժողովուրդ չի գա, բայց պարզվում է, որ ժողովուրդը շատանում է: Հավատում եմ, որ փոխվելու է, թե չէ ինչո՞ւ պիտի ստեղ գայի: Մեզնից շատ բան է կախված, եթե ձիգ, տղամարդավարի կանգնենք, կհասնենք, ինչքան ուզում են՝ թող իրենք ուրախանան, իրենց շնորհավորանքներն ստանան, դա ոչինչ չի տա իրենց: Ուղղակի մի մտահոգող բան կա, որ շուտ մտան երկխոսության մեջ, առայժմ պիտի չգնային: Ընդդիմադիր դաշտը դեռ կուռ, միասնական չէ, փխրուն է, եւ հնարավոր է, որ կուլիսային խաղերի հետեւանքով թեքվի իշխանության կողմը, ու ժողովուրդը հիասթափվի:



 



Գագիկ Շահվերդյան - Փետրվարի 19-ի Րաֆֆու ասուլիսին ես կասկածանքով էի գալիս՝ մտածելով, որ մարդ չի լինի, բայց տեսա՝ մարդիկ են հավաքվել, ուրախացա, եւ գնալով շատանում են: Րաֆֆին այն պնդաճակատներից չի, որ մարդկանց տանի Բաղրամյան 26, ոչ էլ Սերժն է այն մարդատյացը, որ ժողովրդի դեմ զորք հանի, ուրեմն մնում է այստեղ ունենալ կրիտիկական զանգված, բայց այդ զանգվածն առայժմ չկա: Ես վատատես չեմ, ես ձգտում եմ տրամաբանության մեջ լավատես լինել: Հավատում եմ, որ ինչ-որ բան կփոխվի, հակառակ դեպքում չէի գա այստեղ: Եթե մարդիկ իրենց բանուգործը թողած գան այստեղ, անպայման կհաղթենք: Սա արդեն վերջն է, ճիշտ է, առջեւում տարիներ կան, բայց Հայաստանում մարդ չի մնում, դատարկվում է:



 



Հովհաննես Այվազյան - Սովետի փլուզումից 23 տարի անց մինչեւ հիմա պարտքով հաց առնողներ կան: Մեր շենքի կողքի կրպակում վաճառողն ինձ ցույց տվեց երկու հաստ տետր, որտեղ միայն ցամաք հաց առնողների պարտքերն էին գրված: Անարդարության, սոցիալական շերտավորման խորացածության, արտագաղթի, բարոյալքվածության հետեւանքով է, որ ժողովուրդն այս հրապարակում է հավաքվել: Յուրաքանչյուր երկրորդը, երրորդը մտածում է գնալու մասին, մի տեղ մի կերպ գլուխը պահելու մասին: Միայն ժողովրդի կանգնելով կարելի է ինչ-որ բան փոխել, բայց միայն միտինգներով բան դուրս չի գա: 25 տարի է՝ միտինգ ենք անում, 25 տարի ես այս հրապարակում եմ, ինչի՞ ենք հասել:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ