Ո՞վ կարող է փոխարինել Հասմիկ Պողոսյանին
![Հասմիկ պողոսյան](/images/2013/04/Հասմիկ-պողոսյան-287x300.jpg)
Բայց համացանցն ու ԶԼՄ-ները գրեթե ամեն օր ողողված են Հասմիկ Պողոսյանի ղեկավարած ոլորտի մասին բացասական լուրերով: Մի՞թե Սերժ Սարգսյանը կարող է ականջալուր չլինել հասարակական բազմապիսի շարժումների ակտիվիստների տեսակետներին, որ Հասմիկ Պողոսյանը, քանի տարի էլ նախարար աշխատի, այդպես էլ կմնա պատահական մարդ այդ ոլորտում ու ընդամենը իր տխրահռչակ գոյությունը քարշ կտա, այլ ոչ թե իրավամբ կդառնա ոլորտի պատասխանատու: Չէ՞ որ տնտեսական աճի հետ առանձնապես չի առնչվում մշակույթի ոլորտը, իսկ նախագահը հիմնականում այս ցուցանիշը կարեւորեց, ուստի, եթե թեկուզ մի քանի նախարարների փոփոխություն, այդուհանդերձ, նախատեսվում է, գոնե դրանց մեջ անպայման պետք է լինի Հասմիկ Պողոսյանի անունը:
Բայց Աստված մի արասցե, որ փոխվելուց հետո նորից մշակութային ոլորտի նկատմամբ այս արհամարհական վերաբերմունքի պատճառով էլի մի պատահական մարդու գտնեն ու այս ոլորտ ուղարկեն, եւ, ինչպես ասում են՝ ջրից ելնենք, մրջուրն ընկնենք: Հասմիկ Պողոսյանին իր ղեկավարած տարիներին մի բան հաջողվեց ընդամենը՝ նախարարությունը դարձնել դժգույն ու անդեմ: Հիմա, եթե ուզենամ մի կայացած անձի անուն հիշել, որը կկարողանա այդ նախարարությունը ղեկավարել, չեմ գտնի, քանի որ նախարարն իր պուճուր հոգեբանությամբ փորձում է ենթականերին էլ փոքրացնել, որպեսզի կարողանա նրանց ղեկավարել: Այս ընթացքում անընդհատ հարցուփորձ եմ արել նախարարության հետ առնչվող մշակույթի գործիչներին՝ հասկանալու համար, որ եթե ճիշտ չէ հերթական անգամ դրսից մեկին բերելը, ներսում էլ հարմար կադր չի մնացել, հարցի լուծման ի՞նչ տարբերակ են պատկերացնում: Իմ անանուն հարցումները բերել են մի եզրակացության, որ նախարարության մի մասը շատ դրական է համարում փոխնախարար Արթուր Պողոսյանի թեկնածությունը՝ որպես փորձառու իրավաբանի, քանի որ այս ոլորտում, առավել քան երբեւէ, կարեւոր է իրավական գրագետ մոտեցումը մեր մշակութային արժեքների պահպանման ու զարգացման գործին: Բացի այդ, կարեւորում են ու շատ բարձր գնահատում նրա մարդկային հատկանիշները: Պետք է նշեմ, որ մի մասն էլ բավական դրական է արտահայտվում մյուս փոխնախարար, մասնագիտությամբ ճարտարապետ Արեւիկ Սամուելյանի մասին՝ նշելով, որ թեպետ երիտասարդ է, բայց հասցրել է գործի մեջ այնքան հմտանալ, որ կարող է ավելի բարձր պաշտոն էլ գրավել: Ասեմ, որ շատերի համար միեւնույն է, թե այս երկու թեկնածուներից ով կլինի, կամ էլ գուցե ավելի արժանավորին գտնեն, միայն թե Հասմիկ Պողոսյանից ավելի վատը չլինի: Ուղղակի նշեմ. նրանք, ովքեր բարձր էին գնահատում Արթուր Պողոսյանի թեկնածությունը, շատ վատ էին արտահայտվում Արեւիկ Սամուելյանի հասցեին ու գտնում, որ նա չի կարող այս ոլորտը ոչ միայն ոտքի կանգնեցնել, այլեւ անգամ յոլա տանել: Իսկ նրանք, ովքեր բարձր էին գնահատում Արեւիկ Սամուելյանի թեկնածությունը, այնուամենայնիվ, բավական հարգալից էին խոսում Արթուր Պողոսյանի հասցեին ու նշում, որ նա էլ է արժանի, պարզապես իրենց համար Արեւիկն ավելի նախընտրելի է:
Որպեսզի տարբեր թյուրըմբռնումների տեղիք չտամ, ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում մեր հարգարժան փոխնախարարներից ոչ մեկին, Հասմիկ Պողոսյանի հետ էլ անձնապես ծանոթ չեմ, բայց «բախտ» եմ ունենում ամեն քայլափոխի ծանոթանալու նրա վարած քաղաքականությանը: Մեզ մնում է հուսալ, որ այս հարցում նախագահը ճիշտ որոշում կկայացնի:
Անուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարծիքներ