Կայացել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը

Կայացել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը
Ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները: Հունիսի 2-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է հինգ թիմ` «Sky Spy»-ը, «Eagle Eye»-ը, «Dangerous Sky»-ը, «Fly Art»-ը եւ «Armdroid»-ը:



 



Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչեւ 300 գրամ բեռ եւ վերադառնում մեկնարկային կետ: Ամենաբարձր միավորները հավաքել եւ մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել «Eagle Eye» թիմը՝ ստանալով 500 000 ՀՀ դրամի չափով մրցանակ: Երկրորդ տեղում է «Dangerous Sky» թիմը, որն էլ արժանացել է 400 000 դրամ մրցանակի: Երրորդ տեղն զբաղեցրել է «Armdroid»-ը` 300 000 դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը եւ «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակների եւ ստացել 150 000-ական դրամական պարգեւ:



 



Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը եւ հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաեւ բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են կիրառվել հետախուզություն եւ թիրախների խոցում իրականացնելիս:



 



Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014 թվականի մայիսին: «ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է նորարարական նախագծերի աջակից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:



 



ՎիվաՍել-ՄՏՍ...



Դու կապ ունես: