Պաթետիկ ու կեղծ

Պաթետիկ ու կեղծ
Չգիտեմ ում համար ոնց, բայց ինձ համար երեկվա ԱԺ նիստը երեսպաշտության ներկայացում էր: Իրոք որ ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Ի՜նչ ճառեր ասվեցին՝ ի շահ ազատամարտիկների, ինչքան սպեկուլյացիա ու աչքակապություն:



 



Բոլորը մի օրում դարձան հայրենիքն ու հայրենիքի համար մարտնչած զինվորին գնահատող: Հայրենասիրական ինչպիսի՜ պաթոս ու հոգածություն էր հնչում ելույթներում: Ի՜նչ հերոսական կեցվածք կար օրինագծի հեղինակների, զեկուցողի, համազեկուցողի եւ ընդհանրապես բոլոր ելույթ ունեցողների պահվածքում: Տհաճ էր ու կեղծ: Մանավանդ, երբ պարզվեց, որ օրինագիծը շոշափելի ոչինչ չի տալու ազատամարտիկներին, կոնկրետ, իրական հոգածությունը ձեւակերպվելու է (կամ չի ձեւակերպվելու) հետագայում՝ կառավարության կողմից: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչի՞ համար էր այս պոպուլիզմը: Ոչ առջեւում ընտրություններ են, ոչ էլ, հուսանք՝ պատերազմ: Անձամբ ես ունեմ հարցի իմ պատասխանը. երկրի վիճակն այնքան է վատթարացել, մեր տնտեսության անկումն այնքան շոշափելի է, արտագաղթն այնքան է ուժգնացել, հուսահատությունն այնքան է խորացել, որ իշխանությունը դժգոհության գեթ մեկ օջախ է ուզում մարել:



 



Հանդարտեցնել վիճակը: Ցույց տալ, որ ապարատն ու պաշտոնյաները միայն ալան-թալանով չեն զբաղված, հասարակության անապահով խավերի մասին էլ են հոգում: Չէ՞ որ երեկ էլ Արարատի մարզում էին գյուղացիները փողոց դուրս եկել՝ բողոքում էին ծիրանի մթերման գներից: Գոնե այս օրինագծով փողոց ելած ազատամարտիկները կխաղաղվեն: Իսկ Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցն էլ ցույց կտա, որ պայքարում են թալանչիների դեմ: Սա էլ՝ արդարության պահանջ ունեցողների մասով: Եթե անգամ ԱԺ նախագահն է խոսում բյուջեից գողացողներին պատժելու մասին, ուրեմն ամեն ինչ կորած չէ: