Բարոյական չէ

Բարոյական չէ
Տարիներ-ամիսներ շարունակ մենք հետեւողականորեն գրել ենք ՀՀ նախագահի, վարչապետի, Սյունիքի մարզպետի, Գյումրիի քաղաքապետի, ՀՖՖ նախագահի, տարբեր գեներալների ու օլիգարխների, ԱԺ պատգամավորների եւ նրանց քաջագործությունների մասին:



 



Մեր հրապարակումներով բարձրացրել ենք նրանցից ոմանց պաշտոնաթող անելու, մյուսներին՝ պատժելու, երրորդներին՝ զսպելու հարցը: Բայց այդ ամենն արել ենք, երբ նրանք «ձիու վրա» են եղել՝ վարել-ցանել են հայրենի պետական դաշտը: Երբ մարդը պատժվել է, մեր հրապարակումների թիրախը փոխվել է: Չէ՞ որ լկտի ու սանձարձակ պաշտոնյաների, ասել կուզի՝ թիրախների պակաս մեզանում չկա: Ընկածին խփելը ոչ միայն բարոյական չէ, այլեւ անիմաստ է: Նաեւ պատվաբեր չէ խփողի համար: Այդքան համարձակ ու ազնիվ ես, այդքան անհանդուրժող վատի նկատմամբ, գրիր, պայքարիր, երբ մարդը բարձր պաշտոն է զբաղեցնում, երբ շարքային մարդիկ վախենում են նրանից ու նրա դեմ չեն պայքարում: Իսկ երբ նա արդեն վտանգավոր չէ, երբ դադարել է գործել, չի կարելի մարդուն հարվածել:



 



Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սկսված այս արշավը, որ մամուլով, հանրային հարթակներում իրականացվում է վերջին դեպքերից հետո, թույլ, խեղճ հասարակությանը բնորոշ պահվածք է: Ամեն օր մի նոր պատմություն է հայտնվում մամուլի էջերում՝ մեկը մյուսից սահմռկեցուցիչ: Դժվար է ասել, թե գզրոցներից դուրս բերված այդ պատմություններից որն է ճիշտ, որը՝ սխալ: Բոլորը հանկարծ հաղթահարել են վախը Սյունիքը տարիներ շարունակ սարսափի մեջ պահող Լիսկայի հանդեպ եւ սկսել են նրան քննադատել: Չե՞ք լսել մեր մեծերի խոսքը. եզն ընկավ, դանակավորը շատացավ: «Հրապարակը» երբեք չի եղել «դանակավորների» թվում: Մենք մենակ ու անզեն կռիվ գնացողների մեջ ենք, երբ թշնամին զինված է եւ հույժ վտանգավոր: