Քայլով մարշ ետ

Քայլով մարշ ետ

Իրոք որ բանանային երկիր ենք. բավական էր մի անորոշ հայտարարություն հնչեր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, եւ ամեն ինչ սկսեց կայծակնային արագությամբ փոխվել: Տարբեր եվրոպական կառույցներից ու եվրոպական երկրների դեսպանատներից հայտարարություններ հնչեցին՝ իշխանությունների վարքը դատապարտող, ինչպես երեկ ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էր: Սկսեց փոխվել պետական ու պետականամետ լրատվամիջոցների կողմից տարածվող քարոզչությունը. առաջին պլան մղվեցին ռուսաստանյան նորությունները, Վլադիմիր Պուտինի հանդիպումների ու քայլերի մասին տեղեկատվությունը սկսեց գերազանցել անգամ մեր տեղական լուրերին: Սկսեցին աջ ու ձախից հնչել «ուռա, ընկերներ», «սովետն ամենալավ երկիրն էր», «մեր փրկությունը ռուսների կողքին լինելն է» տիպի հայտարարություններ: Ընդ որում, վերջին տարիներին մի քիչ նվազած ռուսամետությունը միանգամից գլուխ բարձրացրեց: Մոռացվեցին Հրաչյա Հարությունյանի դեպքն ու ծաղկավոր խալաթի պատմությունը: Բոլորն սկսեցին խոսել Ղարաբաղի ու մեր անվտանգության մասին: Եվ ստրկական վախի ու կոմունիստական հիացմունքի տարափի ներքո հանկարծ պարզվեց, որ Սերժ Սարգսյանն ամենաիմաստուն որոշումն է կայացրել, եւ մենք, իհարկե, պետք է մտնեինք նոր Ռուսաստանի կազմի մեջ: Ամբողջ ցավն այն է, որ այս գաղափարը կրողները մոռանում են. 1. Ռուսաստանն առաջվանը չէ, եւ այն պետք չէ շփոթել Սովետական Միության հետ: 2. Աշխարհն առաջվանը չէ եւ ոչ ոք թույլ չի տա, որ «չարիքի կայսրությունը» վերականգնվի՝ դա կլինի նախկին ծաղրապատկերը. շատ ավելի թույլ ու խեղճ, բայց գրեթե նույն ամբիցիաներով ու վնասակարությամբ: Եվ վերջապես 3. անկախություն տեսած ու ազատ ապրած սերնդին հնարավոր չէ նորից գաղութացնել: