Էս ճամփեքով մինչեվ հիվանդանոց հասցնեն՝ հիվանդը ճամփին կմեռնի

Էս ճամփեքով մինչեվ հիվանդանոց հասցնեն՝ հիվանդը ճամփին կմեռնի

Վանաձորի՝ դեպի մի շարք հիվանդանոցներ տանող ճանապարհները գտնվում են քարուքանդ վիճակում, իսկ անձրեւներից ու տեղումներից հետո դրանք, մեղմ ասած, վտանգավոր են դառնում երթեւեկելու համար, քանի որ հսկա ջրափոսերն ու անձրեւաջրերից գոյացած ցեխը խանգարում են երթեւեկությանը: Ու սա այն դեպքում, երբ այդ ճանապարհներով են երթեւեկում եւ դեպի հիվանդանոցներ մարդկանց հասցնում շտապ բուժօգնության մեքենաներն ու հիվանդներին տեղափոխող տաքսիները: Այս իրավիճակն է տիրում հատկապես դեպի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհին: Ի դեպ, դա նույնպես ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ գտնվող թաղային պոլիկլինիկա տանող միակ ճանապարհն է: Գրեթե նույն վիճակում է նաեւ մարզկենտրոնն ու հարակից 22 գյուղական համայնքներն սպասարկող Վանաձորի բժշկական կենտրոն տանող ճանապարհը: Հարկ է նշել, որ այս տարի ճանապարհի մի մասը նորոգվեց, սակայն բժշկական կենտրոնի մոտ աշխատող տաքսու վարորդները հիմա էլ բողոքում են ճանապարհի չափազանց վատ ու կիսատ արված «կարկատաններից»:



Վանաձորի բժշկական կենտրոնի կազմի մեջ մտնող, բայց առանձին մասնաշենքում գործող Վանաձորի սրտաբանական հիվանդանոց տանող ճանապարհները եւս քարուքանդ, անբարեկարգ վիճակում են: Սա, թերեւս, ամենաշատ դժգոհությունների պատճառ դարձած ճանապարհն է, բնակիչները բողոքում են, որ մինչեւ շտապ օգնության մեքենան սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց հասցնում է սրտաբանական հիվանդանոց, հիվանդների վիճակն ավելի է վատանում:



Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանից փորձեցինք ճշտել, թե մարզպետարանը տեղյա՞կ է արդյոք վերը նշված խնդրից, եւ կա՞ արդյոք ծրագիր դեպի հիվանդանոցներ տանող ճանապարհների բարեկարգման համար: Ի պատասխան, Լուսինե Վարդանյանը «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ նշված ճանապարհների վերանորոգումն ու ասֆալտապատումը քաղաքապետարանի լիազորությունների մեջ են մտնում: Մինչդեռ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից հայտնեցին, որ այդ ճանապարհների նորոգման աշխատանքները հիվանդանոցներն իրենք պետք է հոգան: 



Ի հավելումն այս ամենի, նշենք, որ նույն իրավիճակն է տիրում նաեւ մարզի Ստեփանավանի հիվանդանոց տանող ճանապարհներին, բացի այդ, հիշյալ ճանապարհներով երթեւեկող շտապ բուժօգնության մեքենաները եւս նորմալ վիճակում չեն:



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ  Լոռու մարզ