Հայ կինն ու հայ հասարակությունը

Հայ կինն ու հայ հասարակությունը

Կանայք սկսել են ավելի ակտիվ դերակատարում ունենալ մեր կյանքում: Իհարկե՝ ոչ միշտ դրական իմաստներով: Իշխանության մեջ գտնվող տիկնայք, որպես կանոն, վահանի դեր են ստանձնում իրենց քաղաքականություն տարած գործիչների համար՝ կրծքով ու խոսքով, ամբողջ էությամբ պաշտպանելով նրանց «օտարների» հարձակումներից: Գուցե դա նրանից է, որ կանայք, որպես կանոն, ավելի նվիրված ու երախտապարտ էակներ են, քան տղամարդիկ: Անշուշտ, այդ պահվածքից հենց իրենք են տուժում՝ դառնալով իրենց «ընտրյալի» ստվերն ու գերին, բայց դա չի խանգարում, որ հարկ եղած պահին էգ առյուծի նման պաշտպանեն արուին: Իսկ այն կանայք, ովքեր ինքնուրույն են եւ որեւէ տղամարդու կցորդը չեն, երբեմն հայտնվում են բարդ, անգամ ծիծաղելի վիճակներում, ինչպես օրերս տեղի ունեցավ նորահայտ կուսակցության ղեկավարի հետ: Բայց միայն քաղաքականության մեջ չէ, որ կանայք սկսել են ակտիվ դերակատարում ունենալ՝ վերցրեք շոու-բիզնեսը: Ո՞վ կսպասեր, որ Անկախության օրը, որպես անկախ երկրի խորհրդանիշ, Հանրապետության հրապարակում մենահամերգով հանդես կգա միայն Նունե Եսայանը: Այս օրը, որպես կանոն, մեր աստղերը համատեղ էին հանդես գալիս՝ բեմահարթակում փոխարինելով ու մրցելով իրար հետ: Այս անգամ անկախության տոնական տրամադրությունն ապահովելու է միայն Նունեն: Մյուս ոլորտներում էլ կանայք պասիվ չեն. բնապահպանական խնդիրնե՞ր են՝ կանայք են առաջին պլանում: Տրանսպորտի սակագի՞ն է՝ վճռորոշը կանանց ներկայությունն է: Քաղբանտարկյալների ազատության համար պայքարելու կարի՞ք կա՝ կանայք պաստառները ձեռքին կանգնած են դատախազության առաջ: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա՞ է՝ կրկին կանայք են առաջին գծում: Ի՞նչ կլիներ մեր հասարակության վիճակը, եթե հայ կինն իր վրա այսքան բեռ չվերցներ: