Կասկածելի կառույց

Կասկածելի կառույց

Երբ երեկ տպագրում էինք տեղեկությունն այն մասին, որ տարբեր համակարգերի քննչական մարմինների միավորումից ձեւավորվող կառույցն ստեղծվելու է մինչեւ տարեվերջ, եւ այն գլխավորելու է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, չէինք պատկերացնում, որ հենց նույն օրը կհրապարակվեր ՀՀ նախագահի հրամանագիրն այդ կառույցի ձեւավորման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի ստեղծման մասին: Փաստորեն, ճիշտ էին այն տեղեկությունները, որ Աղվան Հովսեփյանին թոշակառուի կարգավիճակ չի սպառնում, եւ նրա հաջորդ պաշտոնը պակաս կարեւոր չի լինելու, քան նախորդը: Արդյո՞ք այսպիսի հզոր եւ կենտրոնացված քննչական ծառայություն ունենալը նպատակահարմար է մեր երկրի համար: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս կառույցի մեջ են միավորվելու ոստիկանության, պաշտպանության նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի քննչականները: Միայն Հատուկ քննչական ծառայությունը չի մտնելու այս կառույցի մեջ: Եթե քննչական մարմինները մեկ՝ անկախ կառույցի մեջ կենտրոնացնելն է այս քայլի իմաստը, ապա ինչո՞ւ դրա մեջ չի մտնում ՀՔԾ-ն: Եվ, ընդհանրապես՝ եթե ոստիկանության կամ ՊՆ համակարգերում հնարավոր չէ անկախ քննություն իրականացնել, ապա ինչպե՞ս կարող է նախաքննությունն անկախ լինել առհասարակ ու հատկապես Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներքո: Եվ եթե գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Գառնիկիչն իրեն սպառել է, եւ տարիքն էլ փոքր չէ, ապա ինչպե՞ս պետք է կայացնի այս հսկայական նոր կառույցը զրոյից: Մի բան պարզ է՝ Սերժ Սարգսյանը կտրուկ քայլեր չի անում, չի ուզում ոչ մեկին նեղացնել, ոչ մեկին չի զրկում իր բարեհաճությունից եւ չի հեռացնում կերակրատաշտից: Ամեն ինչ անում է, որ երկրում դժգոհությունը չավելանա, եւ իշխանությունից բողոքողների շարքերը չհամալրվեն: