Անատոմիկում՝ Զորի Գայկովիչի ախպոր հետ

Անատոմիկում՝ Զորի Գայկովիչի ախպոր հետ

Ողջ ազգով Զորիի մասին ենք խոսում, ես էլ Զորիի հալալ ախպոր ձեռքն էի կրակն ընկել ու քիչ էր մնում ինքս էլ գնայի ու դիակների կողքին պառկեի: Վիրաբույժ Յուրի Հովակիմյանի մասին գիրք էի գրում ու պիտի հարցազրույց ունենայի անատոմիկի բաժնի վարիչ Բորիս Բալայանի հետ: Մի քանի տարի առաջ էր: Անատոմիկում երբևէ չէի եղել ու մի տեսակ մոտս վախ կար: Զանգեցի Բորիսին՝ չի լինի՞, որ հարցազրույցն ուրիշ տեղ կազմակերպենք: Սառը, դիակի անտարբերությամբ հարցրեց՝ ինչու՞: -Դե ինձ հաճելի չէ այդ վայրում լինելը,- կարճ կտրեցի: -Իսկ ես ո՞նց թողնեմ նրանց, պետք է աշխատեմ,- պատասխանեց: Երևակայությունս ինձնից առաջ ընկավ, ու ես սկսեցի պատկերացնել, թե ոնց է աշխատում նրանց հետ: Սրտակտուր հարցրի՝ չեք կարո՞ղ մի կես ժամ նրանց մենակ թողնել, ես կգամ Մասիվի հիվանդանոց, այնտեղ կհանդիպենք: Անատոմիկը գտնվում էր Մասիվի հիվանդանոցից մի տեսակ կտրված տարածքում: Բորիսը մեռելային պաղությամբ պատասխանեց՝ ոչ չեմ կարող հինգ րոպե անգամ նրանց լքել: Ստիպված ինքս ինձ հավաքեցի ու սիրտ տալով գնացի՝ ամո՜թ է, մեռելներն ինձ ի՞նչ պիտի անեն, հո միջանցքում կանգնած չեն լինելու: Անատոմիկ տանող ճանապարհի երկայնքով մի քանի շուն էին ինչ որ բան քաշքշում, երևակայությունս թելադրեց, թե մեռելների ավելորդ մասերն են ու արդեն մտքումս սկսեցի Զորիի եղբորը հայհոյել՝ քեզ մարդ ասողի… Քաջ Նազարի նման համարյա բարձրաձայն հայհոյելով առաջ էի գնում: Իսանի շունչ չկար, միայն այդ շներն էին խրախճանք կազմակերպել, ու ես մտածում էի, որ եթե նրանք ինձ վրա գան, ապահով վիճակում եմ նախագահի ասած. հիվանդանոցն ու անատոմիկը քթիս տակ են: Շներն ինձ վրա անգամ ուշադրություն չդարձրին, ու ես մտածեցի, որ հարգարժանների ճաշակով չեմ: Ինչևէ, հայհոյելով առաջ եմ գնում ու զգում, որ գլխիս մազերը հանրահավաքի են դուրս եկել: Մի քանի քայլ էր մնացել, որ հասնեի անատոմիկին, մեկ էլ տեսնեմ շուրջն ահագին մարդիկ են կանգնած՝ էս մեռելներն ինչու՞ են դուրս եկել,- անցավ մտքովս: Մի երկու սև մեքենա էին կանգնած, մուտքի մոտ սևապատ դագաղներ, հանգստացա՝ չէ՜, սրանք անատոմիկի ժողովուրդը չեն: Ուզում էի մուտքով մտնել, երբ մի դիակ էին հանում: Կուլտուրայից դրդված ճանապարհ տվեցի նրան ու քթիս տակ նորից մռնչացի՝ Գայկովի՜չ, ես քո էն, էն… Դիակից հետո ես մտա, դեմս պոլիփեդով մի կին կտրեց՝ ի՞նչ ես ուզում, ինչու՞ ես եկել: Հավաքարարն էր: Ասացի՝ եկել եմ հերձվեմ, Բորիսի մոտ եմ գնում: Աչքերը թռան ճակատին՝ ինքը դիահերձարանում է: - Հիմա սպասե՞մ, թե՞ մտնեմ,- հարցրի: - Հաճախորդ ունի, սպասիր,- չորեց: Հերթ կա, բան կա,- մտածեցի,- սպասիր էլի, Տեր Վռա՞զը չես: Քայլելով սկսեցի շրջակայքս ուսումնասիրել, պատերի վրա ինչ որ անոթների մեջ մարդու տարբեր օրգաններ էին կախված: Մեկը, որ պակաս ահաբեկող էր, մոտեցա ու սկսեցի անտարբեր զննել՝ իբր վեջս չի: Հավաքարարը մոտեցավ ու սկսեց գիդի դեր տանել, ուզում էր բացատրել: Կաշմարից փրկվելու համար, ասացի՝ Գայկովիչի կաբինետը բա՞ց է, գնամ, այնտեղ սպասեմ: Բարձրացանք երկրորդ հարկ: Բացեց, ետևիցս փակեց ու գնաց: Ուշքի եկա, երբ տարբեր երիկամներ, չծնված երեխաներ, սրտեր, ստամոքսներ պատերից սկսեցին ինձ դիմավորել: Մի անգամ էլ մռլտացի՝ Գայկովիչ, ես քո էն, էն… Չէի հասցրել հայացքով բոլորից ահաբեկվել, երբ Բորիսը քրտնաթաթախ մտավ: Տեսնելով, որ պատերին եմ նայում, սկսեց ոգևորված պատմել յուրաքանչյուրի մասին, հասնելով ընդհուպ մինչև ծագումնաբանությունը: Երբ ասացի, որ ինձ հետաքրքիր չեն մարմնամասերը, երևի մի տեսակ վիրավորվեց ու անցավ բուն թեմային՝ հա՜, իմ ընկեր Յուրայի մասին ես ուզում իմանալ,- ասաց ու հառաչեց: Մտածեցի, որ ցավ է ապրում, երբ նրա մարմնամասերի մասին չի խոսելու: Զրույցը զուտ մասնագիտական որակումների մասին էր, որոնք կարևոր չեն, ինձ մոտ տպավորվել է նրա պատմածից հետևյալը. «Մի օր իմ ընկերը պատմում է, թե հիվանդներն ինչ բառերով են երախտապարտ լինում իրեն: Ամեն մի կյանք փրկելուց առաջ հարյուրավոր օրհնանքներ է ստանում: Ես էլ սրտնեղվեցի՝ Յուրա, գիտե՞ս, իմն այնպիսի գործ է, որ ինչի համար շնորհակալ լինեն: Բայց մի անգամ գնացի շուկա, հանդիպեցի մեկին, որը մոտեցավ ինձ ու ասաց՝ բժիշկ, չե՞ս հիշում ինձ: Զարմացած նրան նայեցի՝ որտեղի՞ց պիտի ճանաչեմ, եթե հերձել եմ նրան, ի՞նչ գործ ունի շուկայում: Նա էլ թե՝ դու չե՞ս հիշում, թե իմ ծյոշային /զոքանչին/ ի՜նչ լավ հերձեցիր»: Սա է իմ միակ շնորհակալությունը,- ասաց Գայկովիչը:




Դուրս փախա անատոմիկից, մուտքի մոտ կրկին հանդիպեցի այս անգամ ավելը ձեռքին հավաքարարուհուն, ով ասաց՝ գնու՞մ ես: -Ես այլ նպատակով էի եկել,- համարյա արդարացա ու հայացքով թռուցիկ շոշափեցի դիահերձարանի սենյակը, որտեղ հավանաբար անատոմիկ մտնողին էին մտցնում: Լա՜վ պրծա…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ