Երբ «Իրազեկն» անիրազեկ է

Երբ «Իրազեկն» անիրազեկ է

Մոտ մեկ ամիս առաջ մենք «Իրազեկ» ստորագրությամբ գրություն էինք ստացել, որտեղ «իրազեկ» քաղաքացին քննադատել էր ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի դոկտորական ատենախոսությունը և բազմաթիվ վիճելի հարցեր առաջ քաշել: Մեր հրապարակման մեջ Աշոտ Մելքոնյանը, պատասխանելով մեղադրանքներին, կասկած էր հայտնել «Իրազեկի» ով լինելու առնչությամբ. նրա կարծիքով՝ անստորագիր նամակի հեղինակը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն է: Ստորև ներկայացնում ենք Աշոտ Մելքոնյանի պատասխանն այդ նամակին, որտեղ նա ամենայն մանրամասնությամբ պատասխանում է «Իրազեկի» մեղադրանքներին և բացահայտում նրա անձը։



 



Ինչպես երևում է, այդ հրապարակումը փաստորեն անստորագիր է, ուստի, եթե առաջնորդվենք խորհրդային ժամանակների եզրաբանությամբ, այն պիտի անվանենք «անոնիմկա»։ Բայց, կարդալով մեր սույն պատասխանը, շուտով ընթերցողը կհամոզվի, որ այն ոչ միայն «անոնիմկա» է, այլ նաև «մատերիալ»։



 



Հոդվածագիրն իր 3,5 էջանոց նյութում հանրությանն «իրազեկում է» մեր՝ «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած «լուրջ» թերությունների մասին և գալիս հետևյալ համոզման. քանի որ այն չի բավարարում դոկտորական ատենախոսություններին ներկայացվող պահաջները, անհրաժեշտ է դիմել «...Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` ի գիտություն, որպեսզի վերանայվի ոչ միայն 00.01 (պիտի լինի Է. 00.01, որն էլ ոչ թե մասնագիտական խորհրդի, այլ մասնագիտության թվանիշն է - Ա.Մ.) խորհրդի նախագահի մասնագիտական կարողությունների լիարժեքությունը, այլև վերոնշյալ դոկտորական ատենախոսության անհամապատասխանելիությունը գիտությունների դոկտորի աստիճանի հայցման պահանջներին»: Զավեշտալի է, որ «Իրազեկը» (չշփոթել ազգային գործիչ Իրազեկի՝ Հակոբ Տեր-Հակոբյանի հետ) նման պատասխանատու եզրակացության է հանգել՝ որպես ատենախոսությանը, ինչպես ինքն է գրում՝ «լոկ հպանցիկ ծանոթ պատմաբան», աշխատությանը «թռուցիկ ծանոթացած» անձ։ Պիտի ենթադրել, որ «ժամանակ չի ունեցել» ավելին անելու կամ ավելի ճիշտ, չի կարողացել անհնարինը հնարավոր դարձնել։



 



Այդուհանդերձ, որքան էլ դա լինի անհետաքրքիր, ժամանակատար, հաճախ և անիմաստ, պարտադրված անդրադառնանք «Իրազեկի» «փաստարկներին»՝ առանց բացառության։ Մեր պատասխանի անաչառության հարցում կասկածներ չթողնելու համար ստիպված ենք հաճախ նույնությամբ մեջբերել վերոհիշյալ նյութից ամբողջական հատվածներ։



 



Նախ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ «Իրազեկը» մեր ատենախոսությանն անդրադարձել է պաշտպանությունից 11 տարի անց, և այդ աշխատանքում միայն թերություններ է գտել։ Եվ դա այն դեպքում, երբ ատենախոսությունը հավելվածով կազմում է շուրջ 500 էջ, վերաբերում է խորհրդային տարիներին փակի տակ գտնվող, գրեթե չուսումնասիրված Ջավախքի պատմությանը։ Ավելացնենք, որ այդ ատենախոսության հիման վրա գրված մենագրությունն էլ արժանացել է հեղինակավոր մրցանակների։



 



Մեզ հասցեագրված մեղադրանքների առաջին խումբը, ոչ ավել ոչ պակաս, վերաբերում է, հոդվածագրի պնդմամբ՝ «ատենախոսության մեջ հանդիպող գրագողության երևույթներին»։ «Պարզվում է»՝ դրանք երկուսն են և բացառապես վերաբերում են մեր կողմից մի դեպքում թուրքերեն, մյուս դեպքում՝ պարսկերեն աղբյուրներ օգտագործելուն։ Ընդ որում, նյութի հեղինակն այնքան «իրազեկված է», որ գրագողությունն ու այդ լեզուների մեր չիմացությունը «հայտնաբերել է» ոչ թե բուն աշխատությունում, ինչպես սովորաբար լինում է (զուգահեռաբար բերվում են հեղինակի տեքստը և այն աղբյուրը, որտեղից կատարվել է գրագողությունը), այլ՝ օգտագործված գրականության ցանկում։



 



«Իրազեկը» վկայակոչում է մեր օգտագործած թուրքերեն մի «անհասկանալի աղբյուր», որի վերնագրից հետո «... շարունակվում է ռուսերեն c. 15, այսինքն` էջ 15, իսկ այնուհետև զարմանալիորեն նշվում է նաև s. 60 (թուրքերենով sayfa` էջ) այսինքն` էջ 60: Փորձառու գիտնականներն անմիջապես կկռահեն, որ Ա. Մելքոնյանն այստեղ ուղղակի օգտագործել է մեկ այլ` ռուսալեզու աղբյուրում հիշատակվող թուրքական աղբյուրը, սակայն չի ցանկացել հիշատակել օգտագործված բուն աղբյուրը և դիմել է գրագողության ժանրին»։



 



«Իրազեկը», c. 15 –ը կարդալով ռուսերեն страница՝ էջ 15, իսկ s. 60-ը՝ թուրքերեն sayfa, այսինքն՝ էջ 60, մեր «գրագողությունը» հայտնաբերելու փոխարեն հայտնվել է, մեղմ ասած՝ տխուր վիճակում։ Բանն այն է, որ երկու դեպքում էլ հապավումները բացառապես թուրքերեն են։ Բայց առաջին դեպքում c. 15 -ը նշանակում է cilt (ջիլթ), այսինքն՝ հատոր 15, երկրորդում՝ s. 60-ը՝ sayı (թիվ կամ համար 60)։ Ինչպես տեսնում ենք, «Իրազեկն» այդ մասին իրազեկված չէ։ Հավելենք նաև, որ այդ աղբյուրը «Թուրքական պատմագիտական ընկերության» (TՖrk Tarih Kurumu) պարբերաբար հրատարակած տեղեկագրերից (Belleten) մեկն է, որին մենք ծանոթ ենք դեռ ասպիրանտական տարիներից և օգտագործել ենք նաև մեկ այլ աշխատության մեջ (տե՛ս «Էրզրում..., Երևան, 1994, էջ 26, 30, 31, 174)։ Հետևաբար, այն ինչ-որ ռուսալեզու հրապարակումից մեջբերելու կարիքը չունեինք։



 



Ապա հոդվածագիրն անցնում է մեր «գրագողության» հաջորդ «բացահայտմանը»։ «Ա. Մելքոնյանը,- գրում է նա,- դիմել է աղաղակող մի կեղծարարության, իր աշխատանքի մատենագիտության մեջ հիշատակելով, ոչ ավել ոչ պակաս պարսկերեն օգտագործված աղբյուր, որի մասին վկայում է արաբատառ վարժ ձեռագիր մի քանի տողը, որի լուսանկարը հավաստի լինելու համար ներկայացնում ենք ստորև: Պետք է պնդել, որպեսզի հեղինակը բացի թուրքերեն, ֆրանսերեն աղբյուրներից, պարտադիր կերպով ապացուցի նաև պարսկերենին տիրապետելու և պարսկերեն ձեռագիր կարդալու և գրելու իր կարողությունները: Հակառակ պարագայում գործ ենք ունենալու ապացուցման կարիք չունեցող բացահայտ գրագողության երևույթի հետ, որը լիուլի բավարար է պաշտպանված ատենախոսության հաստատումը չեղյալ համարելու համար»։



 



Երևում է, որ այս «աղաղակող կեղծարարության» հայտնաբերումն այնքան է ոգևորել մութ սենյակում չգտնվող սև կատու փնտրող գրչակին, որ անգամ հարկ չի համարել դիմելու պարսկերենին փոքրիշատե ծանոթ որևէ անձի՝ պարզելու իմ օգտագործած «աղբյուրի» վերնագիրը։ Հոգ չէ, մենք նրա համար կթարգմանենք՝ «Աշոտ Մելքոնյան, Եղեռնի քաղաքականության ձևավորման ակունքները 15-րդ դարից մինչև 1915 թ. (Էրզրումի նահանգի օրինակով)», Հայոց ցեղասպանություն (հոդվածների ժողովածու), Թեհրան, 2001, էջ 67-112, նույնը տե՛ս նաև սեղմագրում մեր հրատարակած աշխատությունների ցանկը, էջ 38)։ Ի դեպ, առաջ անցնելով նշենք, որ «մատերիալիստ» հոդվածագիրը, որի անձին մենք ստորև կանդրադառնանք, զբաղվում է ցեղասպանության խնդիրներով, բայց ավա՜ղ, պատկերացում չունի Իրանում ՀՀ դեսպանության ջանքերով թարգմանաբար տպագրված հույժ կարևոր և եզակի այդ ժողովածուի մասին, որում զետեղված հոդվածներից մեկի հեղինակն էլ մենք ենք։ Ահա թե ինչի կարող է հանգեցնել նեղ անձնական հողի վրա հաշիվներ մաքրելու, հանիրավի այլ հեղինակի անունը սևացնելու մոլուցքը։ Հետևելով անստորագիր նամակի հեղինակի օրինակին՝ կից ներկայացնում ենք չարակամության արդյունք նրա «մատերիալն» ի չիք դարձնող նյութերի լուսապատճենները։ Բայց հանուն արդարության պիտի խոստովանենք, որ «Իրազեկն» այս դեպքում, այնուամենայնիվ, գրագողություն հայտնաբերել է՝ «Մելքոնյանը գրագողություն է արել ինքն իրենից»։



 



Վերոհիշյալ երկու «բացահայտումներով» գրագողությունն ապացուցված համարելով՝ «Իրազեկն» անցնում է մեր աշխատանքում տեղ գտած «օտարաբանություններով», «գիտական-բացատրական և տերմինաբանական ապարատի լիակատար բացակայությամբ» ընթերցողին զարմացնելուն։ Պարզվում է այդ օտար բառերը միայն մի քանիսն են (գրամոտա, կազեմատ, կապուչին), որոնք էլ մեր կողմից իբր չեն բացատրված։ Բայց իրականությունն այլ է. ատենախոսության էջ 55-ում կարդում ենք. «Փաստաթուղթը Քարթլիի թագավորների շնորհագիրն է՝ գրամոտան...», էջ 172-ում՝ «...փորձեցին պատսպարվել ապաստարանում՝ կազեմատում»։ Պարզ երևում է, որ բնագրային արժեք ունեցող այս բառերն անմիջապես բացատրված են։



 



Կապուչին բառ ատենախոսությունում չկա։ Կա «կապուչինական» ձևը, որը հղում է նշանավոր աշխարհագետ Ղ. Ինճիճյանի «Աշխարահագրութիւն չորից մասանց աշխարհի (հ. 1, Վենետիկ, 1806») հետազոտության մեջ գործածվող գրաբարյան «քաբուչինեան» տարբերակին (էջ 124, տե՛ս նաև կից ներկայացվող պատճենը)։ Որպեսզի «Իրազեկը» կրկին անհարմար վիճակի մեջ չհայտնվի, շտապենք իրազեկել. տվյալ դեպքում խոսքը ոչ թե «կապուչինո» սուրճի, այլ կաթոլիկ ֆրանցիսկյան միաբանության կապուցինականների մասին է։
Այժմ «հայերենում բացակայող զավեշտալի ձևակերպումների» մասին։ Ըստ «Իրազեկի»՝ հայերենում չկան «ողբերգական վախճան», «ազգային-դավանաբանական պատկանելիություն» հասկացություններ (տեքստում մենք գրել ենք ոչ թե պատկանելիություն ձևով, ինչպես հոդվածագիրն է նշում, այլ պատկանելություն, որ ավելի ճիշտ է)։



 



Անանուն հեղինակն անվարան «խոտանել է» նաև ատենախոսության 10 էջանոց եզրափակիչ մասի հինգ էջը՝ պնդելով, որ այն կիսով չափ է «առնչվում ատենախոսության ժամանակագրական ընդգրկմանը»։ Նախ նկատենք, որ այն ոչ թե Եզրակացություն է, ինչպես կարծում է «Իրազեկը», այլ՝ Վերջաբան։ Ավելի քան 10 տարի առաջ ԲՈՀ-ի կանոնակարգով Վերջաբանում միայն եզրահանգումների ամփոփում չէր պահանջվում, ինչպես այժմ։ Ուստի մենք որևէ կանոնակարգային արգելք չունեինք միանգամայն տեղին ակնարկային տարբերակով Ջավախքի պատմությունը մինչև 20-րդ դարավերջ հասցնելու։ Առավել ևս, որ եթե «Իրազեկն» ազնվություն ունենար, ապա կխոստովաներ, որ մեր ատենախոսությունը փաստացի Ջավախքի ամբողջական պատմությունը ներկայացնող աշխատություն է։



 



«Իրազեկը» դժգոհ է, որ «Աշխատանքի վերջին գլուխը հեղինակը շարադրում է խիստ սահմանափակ աղբյուրագիտական հենքի վրա` տասնյակ էջեր ներկայացնելով Ն. Դուբրովինի և Կայսերական հնագիտական հանձնաժողովի ակտերի հիման վրա»: Իրականում մեր ատենախոսության վերջին, այսինքն՝ չորրորդ գլխում (Ջավախքը 1917-1921 թթ.) վերոհիշյալ նյութերը բնավ չեն օգտագործված։ «Իրազեկը» բաժինը շփոթել է և հավանաբար նկատի ունի երկրորդ կամ երրորդ գլուխը։ Բայց այստեղ էլ պատկերն այնպիսին չէ, ինչպիսին ուզում է տեսնել մեր «բարեկամը»։ Կույր չձևանալու դեպքում բացի վկայակոչված երկու «աղբյուրներից» (ի գիտություն «Իրազեկի»՝ Դուբրովինի գիրքն աղբյուր չէ, այլ ուսումնասիրություն է, իսկ երկրորդի վերնագիրն ինքը ռուսերենից սխալ է թարգմանել) կարելի կլիներ տեսնել հղումներ Մատենադարանից, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարբեր արխիվներից, զանազան ժողովածուներից, ռուսաստանցի հեղինակներ Ն.Ուշակովի, Վ.Պոտտոյի, Պ.Զուբովի, Ա.Շչերբատովի, Լ.Զագուրսկու, Գ.Ռադդեի, վրացի պատմաբաններ Լ.Ջանիաշվիլու, Շ.Լոմսաձեի, ամերիկացի քարոզիչներ Է.Սմիթի ու Հ.Դուայթի, հայ հետազոտողներ Ղ.Ինճիճյանի, Ե.Գեղամյանցի, Ա.Պերպերյանի, Մ.Միրախորյանի, Գ.Աղանյանցի, Լեոյի, Պ.Հակոբյանի և այլոց աշխատություններից, մամուլից, ռուսական եզակի քարտեզներից։ Նշենք, որ Ն.Դուբրովինի ստվարածավալ բազմահատորյակին մեր ատենախոսության մեջ հղում ենք կատարել ընդամենը 6-7 անգամ։ Իսկ հայտնի «ԸՍՑօ, րՏոՐՈվվօպ ԽՈՉՍՈջրՍՏռ ՈՐւպՏչՐՈՒՌփպրՍՏռ ՍՏՎՌրրՌպռ» (ԸԽԸԽ, ՑՑ. 1–12, Ձ., 1866–1904) ժողովածուի նյութերի հաճախակի օգտագործումն ունի իր հասկանալի բացատրությունը։ Եթե «Իրազեկը» գոնե տեսած լիներ ստվարածավալ ԸԽԸԽ–ի 12 հատորները կամ այդ մասին իրազեկվեր այդ դարաշրջանի հարցերով մասնագիտացած ցանկած պատմաբանից, ապա կիմանար, որ ոչ միայն Ջավախքի, այլև ամբողջ Հայաստանի ու տարածաշրջանի 19-րդ դարի պատմությունն անկարելի է գրել առանց այդ բացառիկ ժողովածուի նյութերի լայն ընդգրկման։



 



«Իրազեկը» չի մոռացել նաև քննադատել մեր ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներին՝ միտումնավոր չնշելով նրանց անունները (ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյան, պատմագիտության դոկտորներ Էդուարդ Դանիելյան ու Վալերի Թունյան), քանի որ նրանց ուշադրությունից «վրիպել է» հայ-վրացական պատերազմը թերի ու անհամոզիչ ներկայացնելու «փաստը»: Թե ինչ է նշանակում պատերազմը ներկայացնել անհամոզիչ, հայտնի է միայն «Իրազեկին»։ Իմ խնդիրը ոչ թե պատերազմը, այլ Ջավախքը և ջավախահայերին պատերազմի օրերին ներկայացնելն էր, ինչն էլ արել ենք հանգամանորեն (տե՛ս էջ 290-305)։ Եթե «Իրազեկն» ուզում է ստուգել իմացությունս հենց այդ պատերազմի մասին, ապա թող բարի լինի ծանոթանալ «Հայոց պատմության» ակադեմիական նոր բազմահատորյակի 4-րդ հատորի առաջին գրքում (Երևան, 2010) իմ հեղինակած տեքստին և համապատասխան քարտեզին։



 



«Իրազեկը» վրացահայ իրականության խնդիրներով շուրջ 30 տարի զբաղվող պատմաբանիս ամենայն լրջությամբ սովորեցնում է, որ «Վրաստանի տարածքում գտնվող Սիգնախը Սղնախն է»։ Պարզաբանենք, որ այս տեղանունը վրացերենում էլ գործածվում է Սիղնաղի ձևով։ Միայն Հայաստանի ազգային արխիվի «Վրացաիմերեթական թեմի» ֆոնդից մենք ուսումնասիրել ենք այդ երկրամասի ու նրա համանուն բնակավայրի վերաբերյալ հարյուրավոր փաստաթղթեր, իսկ 2008 թ. հենց այդ քաղաքում մասնակցել վրացագիտական գիտաժողովի։ Եվ հետո հայագիտական գրականության մեջ նաև գործածվում է հենց Սիգնախ ձևը՝ Արցախի, Սյունիքի և այլ շրջանների սղնախներից տարբերելու համար։



 



Շարունակենք «Իրազեկի» մյուս սին պնդումների քննությունը։ Բայց մինչ այդ մի ճշգրտում մտցնենք. մի՞թե կարելի է նրան անվերջ իրազեկել իր չիմացածի մասին։ Ուստի վերոնշյալը լիուլի բավարար է (վերջին արտահայտությունը մատերիալիստի սիրած ձևակերպումներից է, երբ հերթական անգամ «համոզվում է» ինձ գիտական աստիճանից զրկելու «ճշմարտացիության» մեջ) իր ընտրած «Իրազեկ» կեղծանվան փոխարեն նրան նոր՝ Անիրազեկ անունով կոչելու համար։
Ուրեմն՝ Անիրազեկը կանգ չի առել մեր օգտագործած աղբյուրներից բերված քաղվածքներում առկա վիճելի ձևակերպումները, լեզվաոճական շեղումները մեզ վերագրելու հնարքի առջև։



 



Կարդում ենք. «Հեղինակի մոտ Ախալքալաքի բերդի թուրք պաշտպանները ցուցաբերում են ,,հազվագյուտ ամրության օրինակ, էջ 179»: Բացահայտ կեղծիք է։ Մեջբերման (իմիջիայլոց, դա ոչ թե 179, այլ 173 էջում է) վերջին երեք բառերը ոչ թե մեր, այլ ռուս հետազոտող Ն. Ուշակովի խոսքերն են, ինչպես դա հստակ երևում է տողատակ 10 հղումից։ Անիրազեկը կարծել է, թե առաջին հայացքից անհաջող թվացող «հազվագյուտ ամրության օրինակ» բացակապակցությունը մեզ վերագրելով կամ անհաջող թարգմանություն համարելով, կկարողանա հերթական ցեխը շպրտել մեզ վրա։ Ռուս հեղինակը բերդի պաշտպանների արարքը համարում է «ՏոՐՈջպՓ ՐպՊՍՏռ ՑՉպՐՊՏրՑՌ», որը վերոնշյալի առավել ճշգրիտ, բառացի և գիտական թարգմանությունն է։



 



Անիրազեկը նույն կերպ է վարվել նաև Ստրաբոնի աշխատության կապակցությամբ։ Նա նշում է, որ «Աղբյուրների մեջ առկա է նաև այսպիսի ձևակերպում «Ստրաբոն. Օտար աղբյուրները հայերի մասին (էջ 36): Հայտնի է, որ անտիկ շրջանի մեծ աշխարհագետն այսպիսի աշխատանք չունի…»։ Այստեղ ևս խնդիրը շատ պարզ է. Ստրաբոն բառից հետո դրված է ոչ թե ստորակետ կամ գծիկ (-), այլ կետ, որը նշանակում է, որ հաջորդ վերնագիրը վերաբերում է ոչ թե հեղինակի աշխատությանը, այլ այն մատենաշարին (տվյալ դեպքում՝ «Օտար աղբյուրները…»), որի մեջ զետեղված է այդ հեղինակի գործը։ Այնպես որ հույն հեղինակի «Աշխարհագրություն» հայտնի աշխատության վերնագրի բացակայությունն իմ աշխատության գիտական արժեքը բնավ չի նսեմացնում։



 



Անիրազեկը զավեշտալի է համարում 233 էջում տեղ գտած մեր հետևյալ ձևակերպումը. «խոսելով առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու հոր մասին` Ա. Մելքոնյանը գրում է. «… ՀՀ առաջին վարչապետ Հ. Քաջազնունու հայրը, որի անունը նույնությամբ ընդօրինակել էր որդին»: Ինչպես տեսնում ենք, մեջբերումը ենթատեքստից կտրված է ներկայացվել։ Դա պատահական չի արվել, քանի որ միտված է ընթերցողից թաքցնելու վարչապետ Հ. Քաջազնունու հոր անունը։ Խոսքը 19-րդ դարավերջին Ջավախքի հոգևոր վիճակի առաջնորդ Հովհաննես ավագ քահանայի մասին է, ով մինչև ձեռնադրվելը կրել է Իգիթխանյան ազգանունը։ Բայց հայրենասեր հոգևորականը շուտով որոշել է այդ օտար և անբարեհունչ ազգանունն ուղղակի թարգմանել՝ դարձնելով «Քաջազնունի» (տե՛ս նույն էջի 179 հղումը)։ Որդին՝ ապագա վարչապետը, ընդօրինակել է հոր անուն-ազգանունը։ Մնում է եզրակացնել, որ այստեղ զավեշտալին Անիրազեկի չհասկանալն է։



 



Անանուն ընդդիմախոսն ընդունում է, որ «Քաղաքների միությունը» բարեգործական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում, բայց անմիջապես ավելացնում է, որ այն «ազգային-բարեգործական կազմակերպություն» ներկայացնելը սխալ է։ Նկատենք, որ այդ համառուսաստանյան կազմակերպությունն Արևմտյան Հայաստանում ստեղծել էր իր հայկական մասնաճյուղերը, այդ թվում՝ Պողոս Աբելյանի գլխավորությամբ գործող ջավախեցիների խումբը (տե՛ս ատենախոսության նույն էջի հղումը, այն է՝ Ախալքալաքի գավառագիտական թանգարան, գործ 3674, թ. 1, գործ 3701, թ. 1)։



 



Անիրազեկն ուզում է իրազեկվել, թե Երվանդ Լալայանի մոտ վկայված ինչ «խորհրդավոր վելցիների» մասին ենք խոսում։ Պարզաբանենք. խոսքը Արդահանի նշանավոր հայկական Վել գյուղի բնակիչների մասին է, որոնց մի մասը 1829 թ. տեղափոխվել է Ջավախք և հաստատվել Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Տուրցխ գյուղերում։ Վելցիներին 1880-ական թթ. Ախալքալաքի վրացի գավառապետ Սումբատիշվիլին փորձում էր վրացի դարձնել։ Այդ մասին ատենախոսության մեջ զգալի նյութ կա (մանրամասն տե՛ս 78, 189-192, 223, 233 էջերը), բայց Անիրազեկը կամ չի նկատել կամ չի ցանկացել նկատել, որի պատճառով նրա աչքում վելցիները «խորհրդավոր» են երևացել։



 



Քննվող ատենախոսությունը սևացնելու Անիրազեկի ձգտումն այնքան մեծ է (բայց մատերիալն անգո), որ հաճախ մեզ հասցեագրած նրա մեղադրանքները հասնում են անհեթեթության։ Այսպես՝ Անիրազեկը համարձակվում է նաև իմ մայրենի բարբառը՝ կարնո-ջավախյան խոսվածքը, սովորեցնել ինձ։ «Մատերիալում» կարդում ենք. «Լեզվական և մտքի ձևակերպման սխալ է նաև թուրքերեն ուսուլ (usul բառացի` իմաստուն, խելոք) բառը Կարնո բարբառով որպես «հանդարտ», «սառնասիրտ» բացատրելը»: Այդ հարցով Անիրազեկին կառաջարկեինք դիմել նախ՝ ջավախեցիներին, ապա՝ բացել որևէ թուրքերեն բառարան։ Այսպես՝ usul բառի դիմաց թուրքերեն-ռուսերեն մի բառարանում կարդում ենք. тихо, осторожно (տե՛ս Турецко-русский словарь, Москва, 1945, с. 639), մինչդեռ умный (խելոք) բառի դիմաց հանդիպում ենք այլ բառերի՝ akıllı կամ zeki (տե՛ս Новый русско-турецкий, турецко-русский словарь, Москва, 2009, с. 949)։ «Պարզվում է»՝ խելոք բառի համարժեքը uslu ձևն է (տե՛ս վկայված առաջին բառարանի նույն էջը)։ Գործածելով Անիրազեկի «մատերիալում» սիրված ձևակերպումը՝ արձանագրենք. «Մեկնաբանություններն այստեղ, ինչպես ասում են, ավելորդ են»։



 



Անիրազեկը լուրջ բացթողում է համարում մեր աշխատությունում “MEMORANDUM Учредительному собранию о национальном самоуправлении армян в Грузии” սկզբնաղբյուրը չօգտագործելը։ Բայց այդպես էլ պարզ չի դառնում, թե խոսքը որ MEMORANDUM–ի մասին է, քանի որ դրանք մի քանիսն են և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ամբողջ գոյության ընթացքում պարբերաբար ներկայացվել են վրացական իշխանություններին։ Այդ նյութերը, որոնց բնօրինակները պահվում են Վրաստանի պատմության կենտրոնական պետական արխիվում և որպես կանոն, հասու են եղել միայն վրացի հետազոտողներին, օգտագործվել են հատկապես 1998 թ. Շոթա և Օթար Թեթվաձեների վրացերենով տպագրած «Հայերը Վրաստանում» հակահայ բովանդակության և կողմնակալ դիրքերից գրված գրքում (այդ աշխատության քննադատությունը տե՛ս մեր ատենախոսության 23 էջում)։ 1990-ականների վերջերին Թբիլիսիում ինչպես այդ MEMORANDUM –ները, այնպես էլ այլ փաստաթղթեր ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան, և մենք ստիպված եղանք բավարարվել այլ արխիվներում պահվող և տպագիր համանման նյութերով։ Իսկ որտեղի՞ց գիտի վրացերենով գրված Թեթվաձեների գրքի մասին վրացերեն չիմացող «գրախոսը», դժվար է ասել։ Գուցե Թեթվաձեների վերոհիշյալ գրքի ռուսերեն թարգմանության տողատակերի՞ց։ Ընդգծենք, որ այդ գրքի ռուսերեն տարբերակը լույս է տեսել 2008 թ.՝ մեր պաշտպանությունից վեց տարի անց և իր հակահայ բովանդակության համար այժմ պատվավոր տեղ է զբաղեցնում ադրբեջանական կայքէջերում։



 



Վերջապես, մեղադրանքների վերջին «փաթեթը». ինչո՞ւ ենք «ավետարան», «ամենայն հայոց կաթողիկոս» (էջ 233), «վեհափառ» (էջ 234), «մեծ եղեռն» (էջ 23), «մատենադարան» բառերը փոքրատառով գրել, գործածել «թուրքահպատակ գավառ» (էջ 107) «հրեական սինագոգ» (էջ 196) արտահայտությունները։ Եթե այստեղ փորձենք ընդունել մեր «մեղքը» և հայցել գիտական հանրության ներողամտությունը, միևնույն է, հազիվ թե ԲՈՀ-ը դրանով բավարարի մեզ դոկտորի գիտական աստիճանից զրկելու մեր «բարեկամի» պահանջը և երջանկացնի նրան։
Բանն այն է, որ այս դեպքում էլ Անիրազեկի «փաստարկների» մեծ մասը սխալ է կամ՝ վիճելի։ Ավետարան և Վեհափառ բառերի գրությունն առ այսօր չունի միօրինակություն։ Ավետարանի անունը մասնավորեցնելիս պարտավոր ես մեծատառով գրել, օրինակ՝ Ղուկասի Ավետարան։ Իսկ երբ խոսքն ընդհանրապես ավետարանների մասին է՝ առանց անունը նշելու, գրվում է փոքրատառով։



 



Մեր աշխատության 57 էջում հանդիպում ենք հոգնակի՝ «ձեռագիր ավետարաններ» և առանց անուն նշելու ձևերին։ Ուստի, ի հեճուկս Անիրազեկի՝ երկուսի դեպքում էլ փոքրատառը ճիշտ է։ Նույնը նաև Վեհափառ բառի պարագան է։ Կաթողիկոսին դիմելիս պետք է ընտրել հարգական ձևը՝ Վեհափառ Տեր։ Բայց մնացած դեպքերում, ինչպես և մեր օրինակում (էջ 234), դարձյալ ճիշտը փոքրատառով գրելն է։ Ամբողջ շարադրանքում վերոհիշյալ բառերի ու բառակապակցությունների առաջին տառերը միշտ չէ, որ փոքրատառով են գրված։ 96 էջում «Ամենայն հայոց կաթողիկոսը» գրված է ճիշտ՝ առաջին բառը մեծատառով, 233 էջում՝ փոքրատառով։ Վերջին վրիպակը նկատվել և սրբագրվել է մեկ տարի անց նույնանուն վերնագրով մեր հրատարակած մենագրությունում (տե՛ս գիրքը, էջ 236)։ «Թուրքահպատակ գավառ» ձևն ընտրել ենք ոչ պատահական՝ Արևմտյան Հայաստանի տարածքում եղած հայկական երկրամասերի հասցեին «թուրքապատկան» տարբերակը չգործածելու համար։ Ավելորդ անգամ սինագոգի կողքին հրեաներին հիշելը պարտադիր չէ, բայց արգելված էլ չէ։



 



Կա տեխնիկական բնույթի երկու վրիպակ, որոնք անվերապահորեն ընդունում ենք։ «Օգնություն ցուցաբերել» արտահայտությունն օգտագործել ենք բազմաթիվ անգամներ, բայց մի քանիսում սպրդել է նույն վրիպակը. երկրորդ բառի ր (րե) տառի փոխարեն գրվել է ց (ցո)։ Նույն կերպ էլ Մ.Վարանդյանի ֆրանսերեն աշխատության վերնագրում guerre բառի մեջ առաջին g տառի փոխարեն տեղ է գտել q տառը։ Ուզում ենք, այս դեպքում «սրտացավ» հոդվածագրին շնորհակալություն հայտնել այդ տեխնիկական «կոպիտ» սխալների հայտնաբերման համար և իրազեկել, որ դրանք էլ ուղղված են իմ նույն գրքում (համապատասխանաբար տե՛ս մենագրության (Երևան, 2003) 239, 240, 263 և 312, 383 էջերն ու դրանց լուսապատճենները)։ Այլ վրիպակներ մեր բծախնդիր ընդդիմախոսը «մեծահոգաբար» չի նշում՝ չմոռանալով անել մերկապարանոց հայտարարություն. «տեխնիկական վրիպակների քանակն անցնում է հարյուրը»։ Կասկած չունենք, որ լինելու դեպքում հոդվածագիրը չէր զլանա դրանք ևս «մատերիալի» մեջ ընդգրկելու համար։



 



Այժմ երկու խոսք անսխալականության (իմա՝ թերարժեքության) բարդույթով տառապող և «ամենագետ» ներկայացող Անիրազեկի գրագիտության մասին։ Անգամ նրա 3,5 էջանոց «մատերիալում» առկա են լեզվաոճական մի շարք սխալ արտահայտություններ և տեխնիկական վրիպակներ։ Ինչ կարելի է հասկանալ ոճական սխալներով «հարուստ» հետևյալ նախադասությունից. «Պետք է պնդել, որպեսզի հեղինակը (ընդգծումն իմն է - Ա. Մ.) բացի թուրքերեն, ֆրանսերեն աղբյուրներից, պարտադիր կերպով ապացուցի. . .»։



 



Հաջորդ նախադասությունում՝ «…լոկ հպանցիկ ծանոթ պատմաբանի եզրակացություններ են, ուստի կարծում եմ, որ այս կարծիքի հրապարակումը հիմք կդառնա ավելի մանրամասն մասնագիտական հետաքննություն ու եզրակացություններ անելու համար», զավեշտալին լոկ Անիրազեկի գործածած անբարեհունչ ձևակերպումների՝ «եզրակացությունների» հիման վրա «եզրակացություններ» անելու, «կարծիքի» հիման վրա «կարծելու» և իրեն «մասնագետի» նոր՝ «լոկ հպանցիկ ծանոթ պատմաբանի» տեսակ վերագրելու մեջ չէ։ Այլ նաև այն, որ նա ոչ թե մասնագիտական քննության, այլ «հետաքննության» կոչ է անում։ Իսկ վերջին բառը նշանակում է՝ քրեական գործի քննություն։



 



Դժվար է ասել, թե նման ձևակերպումով Անիրազեկն ինչ նկատի ունի. հերթական անգամ շփոթի մեջ է, թե՞ նաև սպառնալիքներ է հնչեցնում։ Իրականում՝ հետաքննության անհրաժեշտություն կա Անիրազեկի զրպարտությունները մերկացնելու համար։



 



«Հեղինակի օգտագործված (վ-ի ընդգծումը մերն է -Ա.Մ.) աղբյուրագիտական ցանկը թերի է և աղճատ»։ Այս պարզ նախադասության և՛ սկիզբն է «փառահեղ» և վերջը։ Հաջորդ միտքն իր «փառահեղությամբ» չի զիջում առաջինին. «…ապա կոչվում է շատ պարզ հայերեն մի բառով՝ գրագողություն»։ Անիրազեկի թույլ տված ոճական սխալ այս արտահայտության պայմաններում հնարավոր չի լինում մեր «մեղանչումը» հայերեն շատ պարզ «որակելու» որպես «գրագողություն»։ Ավելին, մեր մայրենին, ըստ Անիրազեկի՝ դառնում է «շատ պարզ հայերեն»։ Ինչ կարելի է հասկանալ՝ կարդալով. «…որի լուսանկարը հավաստի լինելու համար, ներկայացնում ենք ստորև»։



 



Կրկին երկար բացատրական աշխատանք չտանելու համար մեջբերենք մի նախադասություն և բավարարվենք սխալները տեղում՝ փակագծի մեջ սրբագրելով. «Հիշյալ անձը տաս (տասը) տարուց ավելի հանդիսանում է (ստորոգյալն ավելորդ է) նաև Հայոց պատմություն 00.01 (Է. 00.01)մասնագիտական խորհրդի նախագահը (նախագահն է) և, այսպես ասած, ի պաշտոնե կոչված է ապահովել (ապահովելու) այդ խորհրդում հրապարակային պաշտպանության ներկայացվող թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների գիտականությունն ու դրանց հանդեպ գիտական օբյեկտիվության չափանիշների անկողմնակալ կիրառումը:



 



Անիրազեկը չգիտի, որ իր օգտագործած «անհամապատասխանելիություն» բառ հայերենում չկա (պիտի լինի անհամապատասխանություն, տե՛ս Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ. 1, Ա-Ե, Երևան, 2010, էջ 137, Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976, Ա-Ձ, էջ 64 և այլն)։ Չկան նաև «Մեկական աղբյուրներ», այլ կա «մեկական աղբյուր»։ Անիրազեկի չիմացության արդյունք է «առաջին հանրապետության» Առաջին բառը փոքրատառով գրելը։ Ուսուցանենք «թղթակից-անդամի» գրության ճիշտ ձևը։ Երկու բառերի միջև Անիրազեկի «խցկած» գծիկն ավելորդ է, այսինքն՝ պետք է գրել «թղթակից անդամ»։ Խիստ վիճելի է դառնում Անիրազեկի ռուսերենի պատշաճ իմացությունը, երբ նա археографическии բառը թարգմանում է ոչ թե հնագրագիտական կամ հնագրական, այլ՝ հնագիտական (археологическии)։ Վերջապես Անիրազեկի «գլուխգործոցի» մասին. նրա կարծիքով՝ գոյություն ունի «գրագողության ժանր»։ Չմեկնաբանենք. պարզ է, որ այդ ժանրը շատ հոգեհարազատ է Անիրազեկին։



 



Կարծում ենք, որ այլևս չարժե շարունակել Անիրազեկի սխալների շարքի մեր բացահայտումները, քանի որ դրանք կարող են գերազանցել նրա փնթի «մատերիալի» 3,5 էջանոց ծավալը։
Ամփոփենք այնպես, ինչպես Անիրազեկն է ամփոփել իր «մատերիալը».



 



ա)գրագողություն փնտրող և ուրիշի լեզվաիմացությունը ստուգող անձը բացահայտել է թուրքերենի և պարսկերենի իր կատարյալ չիմացությունը, ռուսերենի տկար իմացությունն ու հայտնվել տխուր վիճակում,



 



բ)սարքովի նյութերով ու հնարքներով զրպարտել է քննվող ատենախոսության հեղինակին,



 



գ)գերազանցապես շինծու «վրիպակների բացահայտումով» փորձել է կեղծ տպավորություն ստեղծել ատենախոսության որակի վերաբերյալ, դ)իր «եզրակացությունները» ներկայացրել է հիմնականում ատենախոսության մեջ օգտագործված գրականության ցանկին «հպանցիկ» ծանոթանալով՝ միտումնավոր զանց առնելով հարուստ աղբյուրագիտական, մասնավորապես՝ վրացալեզու նյութի առկայությունը, ե)օգտագործել է անստորագիր նամակներ ու զրպարտագրեր գրելու ստալինյան ժամանակների արատավոր փորձը։



 



Հ.գ. – Շատ կկամենայինք, որ մեր դեմ ուղղված այս կեղծագրի հեղինակը մնար անանուն՝ հաշվի առնելով նրա աշխատավայրի հանգամանքը։ «Հրապարակ» թերթում տպելով իր անստորագիր «նյութը», նրան թվաց, թե իրեն հաջողվեց Ա.Մելքոնյանի դոկտորական ատենախոսության հարցում հանրությանն ապակողմնորոշել, առավել ևս, որ ինքն էլ կատարեց «Հրապարակի» թղթակցի հետ ունեցած հարցազրույցում (տե՛ս ս. թ. օգոստոսի 27-ի համարը) տված խոստումը՝ «պատժեց» ինձ (սույնով երևում է, թե իրականում ով՝ ում)։



 



Անդուլ եռանդով շարունակելով գործը՝ նա շուտով իր «նյութը» էլեկտրոնային փոստով հասցեագրեց ակադեմիական հաստատություններին, ՀՀ ԲՈՀ-ին՝ «ազատ հրապարակման ու տարածման համար» ահասարսուռ բնաբանով։ Խմբագրված էր միայն վերնագիրը. «Կարծիք (իրականում՝ կեղծիք) ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ՝ «Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին» դոկտորական ատենախոսության պաշտպանության և դրա հաստաման վիճելիության հարցերի շուրջ»։ Մեկ նախադասությունը բավարար էր, որ ի հայտ գար նոր «գլուխգործոց»՝ հայերենում գոյություն չունեցող բառ՝ «վիճելիություն»։ Կար նաև այլ նորություն. նամակն ուներ հեղինակ՝ «Հայկ Դեմոյան»։ Այսինքն՝ «Հրապարակ» թերթի հոկտեմբերի 11-ի համարում իմ հայտնած կարծիքը՝ հոդվածագրի անձի մասին, հաստատվեց։



 



Այժմ այն մասին, թե ինչո՞ւ վերոհիշյալ անձը 11 տարի անց դիմեց այս անհեթեթ ու ամոթալի քայլին։ Պատճառը 2012 թ. մեծ աղմուկ հանած նրա դոկտորական ատենախոսությունը ռուսերենով գրելու քայլն իմ և բազմաթիվ այլ անձանց կողմից անընդունելի համարելն ու այդ աշխատանքում առկա քաղաքականապես վտանգավոր թեզերը վերանայելու պահանջն էր։



 



Ընդգծենք, որ մեզ համար հատկապես անընդունելի էր Հ.Դեմոյանի ատենախոսության հետևյալ թեզը. այն է՝ քանի որ Արցախի խնդրում Թուրքիան բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին, հետևապես դառնում է կոնֆլիկտի կողմ։ Ի դեպ, այդ կապակցությամբ գրավոր կարծիքում լուրջ անհանգստություն էր հայտնել նաև Դեմոյանի պաշտոնական ընդդիմախոս, պատմագիտության դոկտոր, ՀՀ ԱԳՆ աշխատակից Արսեն Ավագյանը։ Նրա կարծիքում կարդում ենք. «Հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ հակամարտությունն ունի երկու կողմ՝ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, նույնիսկ ՄԱԿ ԱԽ բանաձևերում Հայաստանին կոչ է արվում օգտագործել իր ազդեցությունը ԼՂ-ի վրա, որպեսզի հայկական ուժերը դուրս բերվեն նրանց վերահսկողության տակ գտնվող շրջաններից։ Քաղաքագիտական տեսակետից եթե Թուրքիան հանդիսանում է հակամարտող կողմ, ապա նա ոչ թե միջնորդ, այլ իրավունք ունի հավակնելու մասնակցել հակամարտության կարգավորմանը որպես բանակցային լիիրավ կողմ»։ Նույն կարգի անհանգստություններ էին հայտնվել նաև պաշտոնական այլ կարծիքներում։ Բայց Դեմոյանը հրաժարվեց վերանայել ինչպես այս, այնպես էլ այլ դրույթներ և նույն վիճակում ատենախոսությունը ներկայացրեց հրապարակային պաշտպանության։



 



Անհասկանալի է, թե նրա սխալ մոտեցումները վերանայելու մեր կեցվածքը ինչպես կարող էր նման թշնամական վերաբերմունքի «պատճառ» դառնալ։ Կարելի՞ է արդյոք մեր ժողովրդի ազգային ողբերգության հարյուրերորդ տարելիցի նախօրյակին՝ կատարելիք ահռելի աշխատանքի առկայության պայմաններում, գերխնդիր դարձնել հայագիտական մեկ այլ հիմնարկի ղեկավարին հանիրավի սևացնելը։ Անկեղծ ասած, հիշյալ անձնավորությանը լավ ճանաչելով, առանձնապես հույսեր չենք փայփայում, որ մեր այս պատասխան հոդվածը նրան կսթափեցնի և հեռու կպահի համանման նոր քայլերից։




Աշոտ Մելքոնյան