Հաշվում են

Հաշվում են

ԿԸՀ պաշտոնական կայքի լռվածության պատճառով մենք Tert.am-ի` ԿԸՀ-ին արված հղումներից իմացանք, որ ժամը 20.00-ին ավարտվել է Արարատ և Նշավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:



 



ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը:



 



Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն, Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% է, իսկ Նշավան համայնքում` 681 կամ 43.63%:



 



Նույն աղբյուրի փոխանցմամբ` Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Արարատ քաղաքում այսօր անցկացված քաղաքապետի ընտրությունները նորմալ է գնահատել: «Նորմալ, օրինական ընտրություններն են, ոստիկանությունն իր աշխատանքն է անում, որևէ լուրջ ընտրախախտում չկա՚,-Tert.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը



 



Ի տարբերություն ՀՀԿ խոսնակի՝ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է նախնական որևէ որակում տալ ընտրություններին: Միայն նշել է, որ տեղի են ունեցել խախտումներ, որոնք արձանագրվել են:



 



Իսկ ինչ վերաբերում է ԿԸՀ կայքի լռվածությանը, ասենք, որ կայքը լռվել է առավոտյան ժամը 8-00-ի վրա, իսկ ամենաթարմ նորությունն էլ այն է, թե Արարատի քաղաքապետի թեկնածուները որ թվի, որ ամսվա որ օրն են ծնվել: