Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության վերաբերյալ Լևոն Զուրաբյանի ելույթը ՀԱԿ խմբակցության անունից

Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության վերաբերյալ Լևոն Զուրաբյանի ելույթը ՀԱԿ խմբակցության անունից

Մենք արդեն երկար տարիներ հետևում ենք Վերահսկիչ պալատի գործունեությանը և պետք է հանուն ճշմարտության արձանագրենք, որ Իշխան Զաքարյանի ղեկավարության օրոք պատրաստված նյութերը լուրջ աշխատանք են և պարունակում են բացահայտումներ և բավական լուրջ փաստեր չարաշահումների, պետական բյուջեի վատնումների և մսխումների մասին: Ընդ որում դրանք ցույցեն տալիս, որ չարաշահումները և կոռուպցիան կրում են համակարգային բնույթ, բայց նաև տրվել են շատ կոնկրետ գործերով կամ դրվագներով բավականին մեծ աղմուկ հանած բացահայտումներ:



 



Մենք օգտագործել ենք ՎՊ զեկույցները տարբեր փաստաթղթերում, սկսած «Արտահերթ նախագահ. և խորհրդարանական ընտրությունների անցկացման և լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության հիմնավորում» փաստաթղթից, որ ներկայացրել ենք երկխոսության ժամանակ: Ավելին, այն ժամանակ շնորհիվ ՎՊ զեկույցների, մենք կարողացանք անգամ տալ պետական միջոցների թալանի հետ կապված ամփոփ պատկերը, և անգամ հանդես գալ գնահատականներով, որ տարեկան թալանվում է կես միլիարդ դոլար: Սակայն, մենք նկատել ենք, որ այնուհետև ՎՊ զեկույցներից հեռացվել են այնպիսի ձևակերպումներ, որ կարող էին ընդհանրական քանական գնահատականներ տալ:



 



Ակնհայտ է, որ իշխող մեծամասնության ճնշումների պատճառով դուք հրաժարվել եք այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որ կարող են կոպիտ ասած՝ ընդդիմության բերանը երկար լեզու դնել: Ավելին, ինչպես ես արդեն ասացի, անցյալ զեկույցի քննարկումներից հետո տեղի ունեցավ հայտնի խորհրդակցությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, խախտելով ձեր ղեկավարած մարմնի անկախությունը, հրապարակային բացահայտ ճնշումներ գործադրեց ձեզ վրա և անգամ ցուցումներ տվեց, թե ինչպես պետք է դատախազությունն արձագանքի ՎՊ զեկույցներում տեղ գտած բացահայտումներին:



 



Եվ ուրեմն՝ ընդունելով, որ կոռուպցիայի մեջ թաղված պետական մարմինների ֆոնի վրա ՎՊ-ն առանձնանում է այնպիսի աշխատանքով, որ ըստ էության, նպաստում է նույն այդ կոռուպցիայի բացահայտմանը, մենք այնուամենայնիվ, արձանագրում ենք հետևյալ իրողությունները.



 



Առաջին՝ Իշխան Զաքարյանի թեկնածությունը ներկայացված է Սերժ Սարգսյանի կողմից, որի գործունեության մեջ մենք ոչ միայն չենք տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ նշույլ, օրինակ՝ իմ հարցում նշված օլիգարխներին հարկեր մուծել տալու ուղղությամբ /ի դեպ, նշելով ռեժիմի կողմից ապօրինաբար հովանավորվող և ապօրինի արտոնություններով օգտվող Սամվել Ալեքսանյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի անունները, ես ուղղակի մոռացա տալ նաև հենց գործող նախագահի այնպիսի ազգականների անուններ, ինչպիսիք են նրա եղբայր Սաշիկ միգուցե Ալեքսանդր Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի անունները/, այլև համարում ենք, որ ինքն ուղղակիորեն ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը և նրա բոլոր նշանակումները դիտարկում ենք հենց այս կոնտեքստում:



 



Երկրորդ՝ մենք որևէ երաշխիք չունենք, հետևաբար, որ ձեր վերանշանակումը չի կատարվում այն պայմաններով, որ դուք այսուհետև շատ ավելի կաշկանդված ուսումնասիրություններ կանցկացնեք: Ընդ որում, ցանկանում եմ ձեզ հենց հիմա հավաստիացնել, որ մենք որևէ նախապաշարմունք չունենք, և եթե ակնկալիքը չարդարանա, մենք առաջինը օբյեկտիվորեն կնշենք ձեր ապագա զեկույցների արդյունավետությունը: Ուստի, Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը որոշում է ընդունել, որ մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածությանը, ինչն առաջին հերթին պետք է ընկալեք որպես վերաբերմունք մեր կողմից մերժվող բուրգային կոռուպցիայի համակարգին:



 



Միևնույն ժամանակ ես ցանկանում եմ մեր խմբակցության անունից անել կարևոր մի հայտարարություն՝ առաջիկա քվեարկության մասին:



 



Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկություն: Մեղադրանքներ հնչեցին, թե որոշ ընդդիմադիրներ հրապարակավ հայտարարելով, որ դեմ են և հրապարակավ քննադատելով Գագիկ Կոստանյանին, այնուամենայնիվ, կողմ են քվեարկել:



 



Որևէ իրողություն գնահատելիս ես առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ:



 



Կարելի է հասկանալ, որ հնարավոր է հրապարակայնորեն ասել, որ կողմ ես, բայց թաքուն դեմ քվեարկել: Փակ քվեարկությունները ստեղծված են հենց դրա համար, որ մարդիկ կարողանան ազատորեն դեմ քվեարկել այն դեպքերում, երբ նրանց նկատմամբ հնարավոր են ճնշումներ:



 



Բայց պետք է իսկապես շատ աղճատված տրամաբանություն ունենալ պնդելու համար, որ հնարավոր է հակառակը: Այսինքն, որ հրապարակավ դեմ արտահայտվողը կարող է թաքուն կողմ քվեարկել մի վիճակում, երբ պարզ է, որ ներկայացված թեկնածուն հաստատվելու է ջախջախիչ մեծամասնությամբ: Այս առումով ես որևէ կասկած չեմ ընծայում հրապարակայնորեն հնչած բոլոր հավաստիացումներին և հավատում եմ և Ալիկ Արզումանյանին, և Ռուբիկ Հակոբյանին, և Նիկոլ Փաշինյանին, և Հրանտ Բագրատյանին, և Լյուդմիլա Սարգսյանին, և Գագիկ Ջհանգիրյանին, և Արամ Մանուկյանին, և Ստեփան Դեմիրճյանին, երբ նրանք հրապարակավ պնդում են, որ քվեարկել են Գ.Կոստանյանի թեկնածության դեմ:



 



Միակ բացատրությունն այն իրողությանը, որ դեմ քվեաթերթիկների թիվը կազմել է 3 կամ 4, դա այն է, որ տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն՝ հենց ԱԺ պատերում, որի միակ նպատակը եղել է ընդդիմության վարկաբեկումը և ընդդիմության մեջ փոխադարձ մեղադրանքների հրահրումը:



 



Ուստի, մենք որոշում ենք ընդունել չմասնակցելու կեղծարարության այս ֆարսին, որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարները չստանան նորից մի հնարավորություն՝ ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու: