Կիսատ-պռատ կառույց Գառնիկիչի համար

Կիսատ-պռատ կառույց Գառնիկիչի համար

Երբ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր, իսկ նրա պաշտոնանկությունը դեռ օրակարգում չէր, քրեական գործերով նախաքննության անարդյունավետության մասին խոսում էին, թերեւս, միայն փաստաբաններն ու լրագրողները:



 



Պաշտոնապես թեման չէր քննարկվում: Հակառակը՝ համարվում էր, որ տարբեր մարմինները` ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊՆ-ն, մաքսայինին ու հարկային, որոնք 2005 թվականին նախաքննություն իրականացնելու լիազորություն ստացան, լավ էլ աշխատում են, իսկ հետաքննության եւ նախաքննության նկատմամբ դատախազության տոտալ վերահսկողությունը պաշտոնական տաբուների շարքում էր եւ երբեք քննադատության առարկա չէր դառնում: Քննչական տարբեր մարմինների միավորման, ինքնուրույն, միասնական քննչական ապարատ ստեղծելու հարցն արծարծում էր միայն Կոնգրեսը: Մեկ էլ պարզվեց, որ թվարկածս մարմինների աշխատանքի արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ, դրանք այնքան էլ անկախ չեն, եւ նոր կառույց է պետք ստեղծել, նոր վերադաս մարմին, նոր ապարատ, բյուջեից նոր փողեր տանող նոր կառույց, որի մասին մինչ օրս մի բան հստակ գիտենք՝ ղեկավարի անուն-ազգանունը՝ Աղվան Հովսեփյան:



 



Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրեց հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի միասնական քննչականով, կապահովի իրավական կողմը, իսկ մինչ նոր մարմինը ձեւավորվում է, Կոստանյանից տուժած մարզային եւ համայնքային դատախազներն ուրախ-ուրախ գնում են համակարգից, վստահ, որ Գառնիկիչն իրենց գործ կտա: Անորոշ սպասումներ են սկսվել նաեւ իրենց աշխատավարձից դժգոհ քննիչների շրջանում: Կարո՞ղ է նոր մարմնում իրենք ավելի շատ փող ստանան:



 



Մինչդեռ այնտեղ տեղավորվելու հնարավորությունները նվազում են, քանի որ, ըստ չհերքված տեղեկությունների, ոչ միայն Հատուկ քննչական ծառայությունն ու ԱԱԾ քննչականը չեն մտնելու նոր միացյալ կառույց, այլեւ ՊԵԿ համապատասխան վարչությունը: Հավանաբար, ՊԵԿ-ում որոշել են, որ, զրկվելով նախաքննություն իրականացնելու լիազորությունից, իրենք կզրկվեն գործարարների վրա ներազդելու լուրջ լծակից, եւ համոզել են երկրի ղեկավարին, որ չարժե վտանգի տակ դնել բյուջեի կատարողականը եւ ձեռք տալ հարկերի հավաքագրման ներկայիս սեւ ու սպիտակ մեխանիզմներին, որոնք գործի դնելով, հազիվ են կարողանում ինչ-որ թվեր ապահովել:



 



Արդյո՞ք սա այն միասնական քննչական ապարատն է լինելու, որի մասին ժամանակին գրել է ՀԱԿ ծրագրում նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, եւ որի վերաբերյալ նա դրական է արտահայտվել: Պատասխանելով մեր հարցին, երեկ նա ասաց, որ դատաիրավական բարեփոխումների ՀԱԿ ծրագրով նախատեսվում էր միավորել բոլոր 5 նախաքննական մարմինները, որոնք կունենան ներքին ստորաբաժանման կարգավիճակ եւ մեկ ընդհանուր  կառույցի մեջ կպահպանեն իրենց մասնագիտացումը: «Իմ հայեցակարգում, որը մենք մշակել էինք, որը հրապարակվել էր, մենք այն տեսակետի կողմնակից ենք, որ քանի որ նախաքննությունը, որպես քրեական դատավարության փուլ, լուծում է միասնական խնդիրներ, ուրեմն պետք է իրականացվի մի միասնական մարմնի կողմից: Այսօր նախաքննության մարմինների բազմակիությունը բերում է հակառակ արդյունքի, երբ ամեն մի նախաքննական մարմին ենթարկեցրել ենք որեւէ հզոր գերատեսչության՝ դա կլինի ՊՆ, ոստիկանություն, հարկային, մաքսային մարմիններ, թե այլ, եւ ըստ էության դատախազության հսկողությունը նախաքննության կամ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այդ գերատեսչությունների ներսում ֆորմալ բնույթ է կրում, եւ դրա արդյունավետությունը քիչ է: Դրա համար էլ մենք դատաիրավական բարեփոխումների հայեցակարգում դեռ 2009 թվականին առաջարկել էինք ստեղծել նախաքննական միասնական մարմին: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գաղափարին կողմ եմ, բայց նույնիսկ այդ հանձնաժողովի ստեղծման պահին այն արդեն թերի էր, որովհետեւ մենք ունենք 5 նախաքննական մարմին:



 



Եթե լավագույն դեպքում երեքը միավորվում էին, առանց ՀՔԾ-ի եւ ԱԱԾ քննչականի, ապա լինում էր թերի միասնական մարմին: Հիմա, եթե ճիշտ է, որ մաքսայինը եւ հարկայինը դուրս են գալիս, ոչինչ էլ չի լինում, այլ ուղղակի միանում են ոստիկանության եւ ՊՆ քննչական ծառայությունները, ինչը կիսատ լուծում է: Այն չի բերելու ռեալ տեղաշարժի կամ տեւական արդյունքի»: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ