Գրիշա Վիրաբյանը կալանավորվել է

Գրիշա Վիրաբյանը կալանավորվել է

Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել: Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում:



 



Ի զարմանս մեզ,  Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ փոխանցեցին: Մասնավորապես այն, որ  Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի եւ հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլեւ փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել եւ տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել: Մեզ պատմեցին, որ Վիրաբյանը նաեւ պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել: 



 



Վիրաբյանը, հիշեցնենք, ՀԺԿ անդամ էր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ:



Նրա դեպքին Հայաստանի մամուլը բազմիցս եւ մանրամասն անդրադարձել է: ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքերից հետո, երբ Բաղրամյան պողոտայի նստացույցը բռնի ուժով ցրվեց, ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին: Ոստիկանությունում նրան ավելի քան հինգ ժամ ծեծի էին ենթարկել, իսկ հաջորդ օրը անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել  հիվանդանոց, վիրահատության ենթարկել ու հեռացրել նրա ձախ ամորձին: Վիրաբյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն հիմնական խոշտանգողը, ում պատճառով էլ ինքը կորցրել է իր ամորձին, եղել է այն ժամանակ դեռեւս ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Կարապետյանը: Վերջինս այժմ Երեւանի ոստիկանապետն է: Վիրաբյանին խոշտանգելիս նա կապիտանի կոչում է ունեցել: Իսկ այդ ամենի պատվիրատուն Վիրաբյանը համարում էր Արարատի մարզը «նայող» Հովիկ Աբրահամյանին, որի դեմ էլ տարիներ շարունակ պայքարում էր: ԵԴ վճռում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է, թե ինչպես եւ ովքեր են խոշտանգել Վիրաբյանին. հիշատակվում է հենց Աշոտ Կարապետյանի անունը: ԵԴ-ն Վիրաբյանի հանդեպ կատարվածը գնահատել է որպես «անմարդկային վերաբերմունքի դրսեւորում, որի համար պետությունը պետք է պատասխանատվություն կրի»: Ըստ Եվրադատարանի վճռի, Հայաստանի Հանրապետությունը 25 հազար եվրո պետք է վճարի` որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու մեջ: Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի՝ խոշտանգման հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի եւ անհավանական»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ