Մարտի մեկի թեմայով Աշոտյանի մտավարժանքները

Մարտի մեկի  թեմայով Աշոտյանի  մտավարժանքները

ՀԱԿ երիտասարդների հասցեին վերջին օրերին հնչած ՀՀԿ-ական երիտթեւի սպառնալիքներին անդրադառնալով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ կառավարության շենքում լրագրողներին հակադարձեց, թե  ինքն էլ կարող է տասնյակ սպառնալիքների օրինակներ բերել, որոնք հնչում են ոչ ՀՀԿ-ականների շուրթերից:



 



Ըստ Աշոտյանի, եթե քաղաքական ուժերը պատրաստ չեն իրենց բոլոր մակարդակներով՝ երիտասարդներից մինչեւ քաղաքական մարմիններ, բարեկիրթ, «սպիտակ» քաղաքական պայքարի, եւ եթե ոմանց թվում է, որ իրենց կարելի է ամեն ինչ, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից վիրավորանքներ ու զրպարտանքներ հնչեցնելը, ապա ցանկացած նման գործողություն առաջացնելու է հակազդեցություն:



«Դա քաղաքական մշակույթի համար առհասարակ ցանկալի չէ, դրա համար ցանկալի է մեղավորներին փնտրել այնտեղ, որտեղից գալիս են անհանդուրժողականության, ատելության, վիրավորանքների կոչերը»,-ասաց նա: Ապա իր ավագ կուսակցի՝ Գալուստ Սահակյանի ոճով փնովեց ՀԱԿ-ին. «Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի կուսակցությունը, ուժը, խմբակցությունը, այդուհանդերձ այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, այս 6 տարիների ընթացքում որեւէ այլ քաղաքական կապիտալ չկուտակեց իր համար, քան այդ ողբերգական  դեպքերի ընթացքում մահացած մարդկանց արյունն ու հիշատակը շահարկելը:



Սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսեւորումներից է: Ես հիշում եմ, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հետ եւ փաստացի սակարկում էր Մարտի 1-ի իրադարձություններն ու զոհերի հիշատակը»: