Միքայէլ Հայրապետեանի բաց նամակը ՀՀ պաշտպանության և կրթության նախարարներին

Միքայէլ Հայրապետեանի բաց նամակը ՀՀ պաշտպանության և կրթության նախարարներին

Պարոնա՛յք նախարարներ, դուք բնակա՞ն եք համարում, որ անչափահասի հասցեին հրապարակավ սադրիչ արտահայտություններ հնչեցնողն իրավուքն ունի ձեր համատեղ համակարգում շարունակել ծառայությունը և մանկավարժական գործունեությունը:



 



Առանց որեւէ փոփոխման մեջբերում եմ Պաշտպանության նախարարի ղեկավարած կառույցում մայորի զինվորական կոչում ու Կրթության եւ գիտության նախարարի ղեկավարած կառույցում մանկավարժի հաստիք զբաղեցնող, ծեծված եւ ինքնապաշտպանված անչափահաս երեխայի դեմ ոստիկանությունում կնաբարո բողոք ներկայացրած, ապա իր բողոքը դարձյալ կնաբար հետ վերցրած Հ. Գրիգորյանի հետին թվով արված հրապարակային հոխորտանքը. «Որպես ուսուցիչ, զինվորական, էդ խլուրդի հետ հավես չունեմ, չեմ ուզում գլուխ դնել: Իմ մեջ մարդկություն կա, դրա համար եմ հետ վերցրել: Ուղղակի ինձ համար վիրավորական է, որ իրենք քաղաքական աստառ էին տալիս այդ դեպքին: Այսօր հիմնը երգելու համար մարդուն ուզում ես դաստիարակես, իսկ ինքը այնտեղ ինչ-որ բաներ է ավելացնում ու հորինում: Նման ճիճուները պիտի Հայաստանում չապրեն» (http://news.am/arm/news/193765.html ):



 



Պարոնա՛յք նախարարներ, որպես պարզ քաղաքացի, ինչպե՞ս կվարվեիք դուք, եթե ձեր (Աստված մի արասցէ՝ ձեր երեխաների) հասցեին այսպիսի բառեր հնչեցնեին. արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահի պես դատարան չէիք վազի կամ չէիք լրացնի հերթական չբացահայտված ծեծի կամ սպանության զոհերի ցանկը: Իսկ ինչպե՞ս եք վարվելու որպես նախարարներ:



Ես՝ պահեստի սպաս եւ 27 տարվա մանկավարժս, հեռավոր հույս եմ տածում, թե կաթվածահար օրենքների մեր երկրում, այնուամենայնիվ, կհետեւեք օրենքի տառին եւ սթափ բանականությանը: Իսկ ձեր հավանական լռությունն ու փաստի անտեսումը ստիպված կգնահատեմ որպես պատերազմական տագնապի ազդանշան՝ ուղղված անձամբ իմ զավակների վաղվա օրվա դեմ. ձեր ոչ համարժեք արձագանքը կհամարեմ թշնամու կողմից Հայաստանի պետականությանն ուղղված մարտահրավեր, որով դուք իրականացնում եք առաջիկայում Հայաստանն իմ ու ինձպեսների զավակներից դատարկելու կամ նրանց բռի, անգրագետ ու ստրկամիտ մանկուրտներ դարձնելու օտարերկրյա գործակալական ծրագիր:



 



Մքայէլ Հայրապետեան