Կվերանայեն օրենքը, երբ իշխանությունը կորցնելու վտանգ զգան

Կվերանայեն օրենքը, երբ իշխանությունը կորցնելու վտանգ զգան

Չնայած կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքի ակցիաները չեն մարում, եւ նոր օջախներ են առաջանում, սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունն ընկրկելու միտք չունի, եւ տարբեր օղակներից  վստահեցնում են, որ նահանջ չի լինելու: Ի տարբերություն շարքային քաղաքացիների, խորհրդարանական ընդդիմությունը դեռ քայլեր չի գծագրում, սպասում է գերագույն դատարանի՝ ՍԴ-ի վերջնական խոսքին: Երեկ էլ նրանք հանդես են եկել մի հայտարարությամբ, որով քաջալերում են օրեցօր ահագնացող շարժումը, բայց չեն նշում, թե իրենք ինչի են պատրաստ հանուն այդ հաղթանակի: Առայժմ միայն հորդորում են:



 



«Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետեւել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները: Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից: Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը: Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը եւ պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչեւ հաղթանակ»,-նշված է հայտարարության  մեջ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում դարձյալ պնդեց, որ ՍԴ որոշմանն են սպասում. «Իսկ որպեսզի որոշում կայացնի  ի օգուտ քաղաքացու ու հակասահմանադրական ճանաչի օրենքը, պետք է քաղաքացիների պայքարն ավելանա ու կոնկրետանա, որն արդեն տեղի է ունենում, ձեռնարկությունների, հիմնարկությունների աշխատակիցները եթե պահանջը ներկայացնեն, քաղաքական ուժերն էլ իրենց կողքին լինեն, կարծում եմ՝ իշխանությունը կերերա եւ ստիպված կլինի մտածել՝ արդյոք արժի՞ այս օրենքի կիրառման արդյունքում կորցնել իշխանությունը»:



 



Ըստ ընդդիմադիր պատգամավորի,  հնարավոր կլինի օրենքի ներդրումը կանխել, երբ  իշխանությունն իր դիրքերի ռեալ վտանգ տեսնի, հակառակ դեպքում այն կմտնի կիրառման մեջ: Հարցին, թե մինչ ՍԴ որոշումը ծրագրե՞լ են քայլեր, ասաց, որ այն կլինի միայն որոշումից հետո, իսկ հիմնական քայլը ակտիվությունն ու քաղաքացու  պահանջատիրությունն է: «Լուծումը մեզ համար սկզբունքային է, քանի որ քաղաքացին էլ է գիտակցում, որ թալան է, եւ պատրաստ է դրա դեմ պայքարելու, նախաձեռնությունը քաղաքացուց է գալիս, եւ դրա պատճառով քաղաքական ուժերն ավելի գոտեպնդված սկզբունքային պայքար պիտի տանեն եւ մինչեւ վերջ պայքարեն այդ օրենքի դեմ»,-նշեց պատգամավորը: «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ նշեց, թե հարցը քննարկման փուլում է: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]