Վերածնված «Ջրաբերդ»

Վերածնված «Ջրաբերդ»

Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր խավերի ներկայացուցիչներ`Երևանի քաղաքապետարանի ներակայացուցիչներ, քաղաքագետներ, պատմաբաններ, նկարիչներ, այլք:



 



Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ պատմաբան, լրագրող Գևորգ Յազըճյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց տպագիր մամուլի անցած ուղին ու հեռանկարները, իսկ այնուհետև խմբագրությանն առաջարկեց սերտորեն համագործակցել մտավորական խավի, սփյուռքի, ինչպես նաև տեղի մտավորականության հետ`թերթը հասցնելով նրանց: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ ամենակուլ համացանցի պայմաններում քչերն են ձեռքը թերթ վերցնում, բայց խոստացավ, որ անձամբ ինքը սերտորեն համագործակցելու է թերթի հետ`պարբերաբար իր աշխատություններն ու դրանց մասին նորություններն ուղարկելով խմբագրություն:



 



Այնուհետև ելույթ ունեցավ Իսահակյան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն, ով բարի երթ մաղթեց թերթին ու շնորհավորեց խմբագրակազմին, նշելով, որ այսուհետև գրադարանի ու խմբագրության միջև կապերն ավելի կսերտանան՝ գրադարանի մամուլի բաժնում թերթի յուրաքանչյուր նոր համարի համալրումով:



 



Հետո խոսեց Հայաստանի Առևտրա-Արդյունաբերական պալատի մամուլի բաժնի պետ Վրեժ Սարուխանյանն, ով իր խոսքում նշեց, որ թերթում պետք է ներկայացված լինի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մտավորականությունը:



 



Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ թերթի Հայաստանի արտահաստիքային թղթակից Գարիկ Ավետիսյանն, ով երախտագիտություն հայտնեց բոլորին և հույս, որ այսուհետ ևս «Ջրաբերդը» կշարունակի հայկական մամուլի լավագույն ավանդույթները:



 



ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը լույս է տեսնում 1932-ից (մինչև 1966-ը՝ «Սոցիալիզմի ուղիով», 1966-86-ին՝ «Բարեկամություն», 1986-ից «Ջրաբերդ): 1992-93-ին բռնագաղթի պատճառով թերթը լույս է տեսել որոշակի ընդհատումներով: Թերթի էջերում լուսաբանվել են շրջանի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակույթային խնդիրները: «Արցախյան պատերազմի» տարիներին և հետագայում տպագրվել են նյութեր ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի, զոհված ազատամարտիկների, հերոսների, հրամանատարների, բռնագաղթի, շրջանի բնակավայրերի վերաբնակեցման, տնտեսության վերականգման մասին:



 



Թերթի գլխավոր խմբագիրն է Լուսինե Զաքարյանը, ով ջանք չի խնայում այն կատարելագործելու ու զարգացնելու ուղղությամբ:



 



«Ջրաբերդ» պաշտոնաթերթի գործունեությունը գաղափարական, հասարակական և քաղաքական ուղղվածություն ունի: Թերթն իր ուշադրության կենտրոնում է պահում շրջանի քաղաքային և գյուղական համայնքների խնդիրներն ու նպատակները:



 



Որպես շրջվարչակազմի պաշտոնաթերթ` «Ջրաբերդ»-ը յուրահատուկ խոսափող է շրջանի ղեկավարության և հասարակության համար: Խմբագրի խոսքով՝ ձգտում են թերթը դարձնել շրջանի կյանքը լիարժեք արտացոլող ավելի բարձրորակ տպագիր մի արտադրանք, որը սպասելի կլինի ընթերցողների համար:



 



Կարծում ենք՝ թերթն արդեն սպասված է, որովհետև տպագրության օրերին թե Հայսատանի Հանրապետությունից, թե Ստեփանակերտից և թե Մարտակերտի շրջանից հաճախակի են զանգահարում խմբագրություն և հետաքրքրվում թերթի նոր համարի լույս ընծայումով:



 



Այս տարվանից թերթի առաջին էջը տպագրվում է գունավոր, որը կարծում ենք, դրական փոփոխություն է: Նաև աշխատանքներ են տարվել ստեղծագործական կազմի ունակությունները ժամանակակից լրագրողին ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:



 



Ասենք նաև, որ «Ջրաբերդը» երկշաբաթաթերթ է:



 



Գարիկ Ավետիսյան