ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Հարավային Ամերիկա

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Հարավային Ամերիկա

Արգենտինական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները մեկնաբանելու «Արմենպրես»-ի խնդրանքին ի պատասխան, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը նշել է. «Առաջիկայում նախատեսվում ն ՀՀ Նախագահի այցեր Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Չիլիի Հանրապետություն, որոնց ժամկետների և ծրագրերի վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»:

Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին: 2011թ. սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Սենատում, իսկ հոկտեմբերի 6-ին Պատգամավորների Պալատում ստեղծվել են ՀՀ-ԱՀ բարեկամության խորհրդարանական խմբեր: 

Այս ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 19 համաձայնագիր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին: Հայաստանից Արգենտնիա հիմնականում արտահանվում է հագուստ, իսկ ներմուծվում միս, շաքար և ծխախոտ: Արգենտինայի հայ համայնքը խոշորներից է: Ձևավորվել է հիմնականում 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: 

Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 հզ. հայ։ Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ)։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։ Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։ 

Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ։

Ներկայումս գործում են 10 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան։ Հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր։ Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով՝ 2007 թվականին: