ԵԽԽՎ-ում Հայաստանի վերջին հայտարարությունն ու Ադրբեջանի բանաձևը (թարգմանություն)

ԵԽԽՎ-ում Հայաստանի վերջին հայտարարությունն ու Ադրբեջանի բանաձևը (թարգմանություն)

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն այսօր հանդես կգա մամուլի ասուլիսով: Հույս ունենանք, որ ասուլիսում կխոսվի ադերբաջանական պատվիրակության այդքան վտանգավոր նախաձեռնությունների և մեր պատվիրակության կատարած քայլերի մասին: Նշենք, որ ադրբեջանցի պատվիրակները նախագիծ էին ներկայացրել՝ ընդդեմ Հայաստանի, որով ցանկանում էին հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Ադրբեջանցիների այդ ագրեսիվ նախաձեռնությունը, սակայն, կասեցվել է և չի քննարկվել:



 



Բացի այդ՝ հայ և եվրոպացի պատվիրակների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացմանն առնչվող հայտարարություն է հրապարակվել ու դրվել շրջանառության մեջ։



 



Hraparak.am-ը ստորև թարգմանաբար ներկայացնում է հայ պատվիրակների մասնակցությամբ վերջին հայտարարությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևի ամբողջական տարբերակը, որն այդպես էլ չի քննարկվել ԵԽԽՎ-ում։ Նկատենք, որ Ադրբեջանի բանաձևը հիմնված է ՌԴ-ի և Ղրիմի հարցով ռուսաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու փաստի վրա:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



 



 



Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառում՝ ադրբեջանական տարածքների զինված օկուպացման համար



 



Որպես հայկական զինված ագրեսիայի հետևանք՝ ադրբեջանական տարածքների 20%-ը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը և յոթ հարևան շրջանները, օկուպացվել է, իսկ ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ Հայաստանի կողմից այդ տարածքներում տարվող էթնիկ զտման քաղաքականության պատճառով։ Զինված օկուպացիան մեծ նյութական և բարոյական վնաս է հասցրել Ադրբեջանին։



 



Ադրբեջանական տարածքների այս զինված օկուպացիայի անօրինական բնույթը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բանաձևերում և փաստաթղթերում՝ պահանջելով օկուպացիայի շուտափույթ և անվերապահ ավարտ։ Հայաստանը 22 տարի է, ինչ միջազգային համայնքի առջև միջազգային իրավական պատասխանատվություն է կրում այս օկուպացիայի համար։



 



1416 բանաձևում (2005) Վեհաժողովը վերահաստատեց այն, որ «պետությունից տարածաշրջանի անկախացմանն ու անջատմանը հնարավոր է հասնել միայն իրավական և խաղաղ ճանապարհով՝ հիմնված այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության և ոչ թե էթնիկ արտաքսմանը և ուրիշ պետության կողմից տվյալ տարածքի դե ֆակտո բռնակցմանը հանգեցնող զինված հակամարտության վրա»։ Վեհաժողովը միաժամանակ կրկնեց, որ «անդամ պետության կողմից օտար տարածքի օկուպացիան հաստատում է այդ պետության պարտականությունների կոպիտ խախտումը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ»։ 2014 թ ապրիլի 10-ին Վեհաժողովը 1990 բանաձևն (2014) է ընդունել, որը մեկ անգամ ևս հաստատում և ընդգծում է վերոհիշյալ սկզբունքների կարևորությունը։ Նույն բանաձևում վկայակոչելով Ղրիմը և նկատի ունենալով այդ սկզբունքների խախտումը՝ Վեհաժողովը դադարեցրել է Ռուսաստանի պատվիրակության՝ քվեարկելու և Վեհաժողովի առաջնային մարմիններում ներկայացված լինելու իրավունքը։



 



Վեհաժողովը պետք է կիրառի մեկ ստանդարտ և Հայաստանի պատվիրակության դեմ ընդունի նույն պատժամիջոցները՝ դադարեցնելով նրա՝ քվեարկելու և Վեհաժողովի առաջնային մարմիններում ներկայանալու իրավունքը՝ մինչև ադրբեջանական տարածքների անօրինական օկուպացման ավարտը։



 



Բանաձևը ստորագրված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհամ Սուլեյմանովի և Վեհաժողովի 58 անդամների կողմից:



 



 



Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացումն Ադրբեջանում



 



Գրավոր հայտարարություն No. 577



 



 



Ներքոստորագրյալ անդամներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում՝ կապված Ադրբեջանի՝ իր պարտականություններն ու հանձնառությունները կատարելու ուղղությամբ կայուն ձախողման հետ։



 



Իրավիճակի առավել վատթարացման մասին անհանգստացնող զեկույցները՝ խոսքի ազատության և շարունակական ոտնձգությունների, կամայական կալանքի և ազատազրկման մասին, որ սովորաբար օգտագործվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ լռեցնելու ընդդիմությանը և անկախ մամուլին, ՀԿ-ների աշխատանքի առավել մեծ սահմանափակումները և քաղաքացիական հասարակության նկատմամբ խիստ հետապնդումները պահանջում են Խորհրդարանական վեհաժողովի շուտափույթ գործողությունը՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները։ 



 



Վեհաժողովն արդեն իսկ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ կատարելու իր հանձնառությունները և հարգելու Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները։ Ցավալի է, որ ոչ մի իրական առաջընթաց տեղի չի ունեցել։ Ավելին, երկրի՝ Նախարարների կոմիտեում նախագահության ժամանակ իրավիճակը նույնիսկ վատթարացել է։



 



Այդ պատճառով մենք ստիպում ենք Ադրբեջանին հարգել մամուլի և մեդիայի ազատությունը, ինչպես նաև արտահայտման ազատությունը, համապատասխան օրենսդրություն տողագրել, մասնավորապես օրենքներ զրպարտության, ՀԿ-ների և օրենսդիր ժողովի ազատության մասին՝ Եվրոպայի խորհրդրի չափանիշներով և Դատարանի նախադեպային իրավունքով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով վերջինիս կարծիքները և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գծով հանձնակատարի կողմից Ադրբեջանի մասին զեկույցում արված առաջարկությունների վրա աշխատելով։



 



Գրավոր հայտարարությունը Հայաստանի կողմից ստորագրել են ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Լևոն Զուրաբյանը, Նարիա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը, Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը։