Իմաստավոր կյանքի հորձանուտում

Իմաստավոր կյանքի հորձանուտում

Պողոս Սնապյանի մահվան առթիվ



 



 Ապագա սերունդները, անշուշտ, ժամանակ կունենան արժեւորելու սփյուռքահայ մեծահամբավ արձակագիր, գրականագետ, հրապարակագիր, խմբագիր, մանկավարժ Պողոս Սնապյանի (1927-2014) ստեղծագործական ավելի քան կեսդարյա բացառիկ վաստակը, բայց մեզանում` Հայաստան եւ Սփյուռս արդյո՞ք նրա երկրային կյանքից հեռանալը պատշաճ ուշադրության արժանացավ:



Իբրեւ ազգային-մշակութային երախտավոր` Պողոս Սնապյանն ապրեց գրական, գիտական-ստեղծագործական աներեւակայելի հախուռն, անընդմեջ որոնումներով հագեցած ընդօրինակելի մի այնպիսի կյանք, որ, թերեւս, սակավ նվիրյալների է բնորոշ: Մուսալեռցու տոհմիկ նկարագրի ստեղծագործական երկարակեցության սաղմերը տակավին նկատելի են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ուսանելու տարիներից (1944-1949)` մեծն Հակոբ Օշականին աշակերտելիս: Այդ տարիները Պ. Սնապյանի համար, ինչպես ինքն է բազմիցս նշել մեր զրույցներում, իր համար դարձակետային նշանակություն են ունեցել, մի հանգամանք, որ իր` ապագա գրողի, գրականագետի, վերլուծաբան-բնագրագետի համար ուսանելի ու շարունակաբար ուսումնասիրելի է եղել ողջ կյանքում: Վկայությունն` այն համատարած ու համակողմ սերն ու նվիրումն էր իր մեծ Ուսուցչի վաստակի հանդեպ, մանավանդ` Օշականի 100-ամյա տարելիցի առթիվ իր աշխատասիրած օշականյան հատորների հրատարակման ժամանակ:



Պողոս Սնապյանի վաստակն արժեւորելիս չենք կարող զանց առնել շուրջ կեսդարյա նրա խմբագրությամբ հրատարակված «Բագին» ամսագրի գոյության էականությունը», որի հրատարակումը բոստոնյան «Հայրենիք» հանդեսի դադարումից հետո սփյուռքյան գրական-մշակութային որոշ ժամանակ «բաց տարածությունը» լիարժեքորեն  հ ա գ ե ց ր ե ց ամենատարբեր գեղարվեստական, պատմական բացառիկ հրապարակումներով:



Ազգային, մշակութային, գրական մտահոգությունները մշտաբար Պ. Սնապյանի համար եղել են խնդրո առարկա. «Ազդակ» օրաթերթին աշխատակցելու տարիներին (1966-1973) առավելս բացահայտ անզիջողությամբ ու նվիրումի եռանդով է նա անդրադարձել անցյալի եւ ներկայի այնպիսի էական խնդիրների, որոնք միշտ նույն նպատակին են միտված եղել. գրական արժեքը պետք է լինի ազգային-գեղարվեստական արժեք, ըստ այդմ` ազգային ժառանգությունը սերունդների համար առաջնային, եթե ոչ ուղենիշային. այսպիսին էր նրա հարկ հոգեկանն ու դավանանքը: Եվ ամենեւին պատահական չէր 1983թ.-ից Համազգայինի «Հայագիտական» բարձրագույն հիմնարկում նրա դասավանդումը, ծավալած գործունեությունը, ծավալած, քանի որ Պ. Սնապյանը սոսկ եւ միայն դասախոսական աշխատանքով «զբաղված» չէր` այդքան բազմազբաղ լինելով: Իր բազում սաների վկայությամբ, նա ավելի շատ մեկնաբան էր. բառի ամենախորքային նշանակությամբ, հայ գրականությունը հասկանալու, նվիրումով հասկանալու եւ գրական բազմաշերտ ժամանակների մեջ ներսուզվելու մուսաների փորձեր են եղել մանկավարժի նրա առաքելությունը:



Հստակորեն կարելի է ուրվագծել, որ Պ. Սնապյանի ինքնամերժ գործունեությունն այնքան էլ ժամանակ չէր «թողնում», որ ի վերջո ստեղծագործելու  վայելքը ինքն ապրեր ըստ էության, ինչպես ինքն էր իր ուժերի ներածին չափով ու կարողականությամբ կամենում: Բայց «Ժամանակ չկա» (1953) առաջին իսկ տպագիր հատորով գրողը ժամանակ  գ տ ա վ` իր       



ի ր ա վ  ժամանակը, իր խորհելու, ինքնարտահայտվելու ժամանակը: Ավելի քան 30 ժողովածուներ (պատմվածքներ, վիպակներ, հրապարակագրական նոթեր, քննադատական մտածումներ, պատմական անցյալին անդրադարձներ) մասնահատկվում են հայեցիության տոգորումներով` հատկապես լեզվական ինքնեղությամբ, արեւմտահայերենի երբեմն անթափանցելի շերտերի վերընձյուղման, եւ որոնք տակավին ուսումնասիրելի են, վստահաբար` ուսումնասիրելի, որովհետեւ այն արժեչափումները, որոնք արձակագիր-գրականագետի գեղագիտության ուշադրությունն են  հ ա ր ո ւ ց ե լ, մեզանում իրոք դույզն ինչ աննախադեպ են, ուրեմն` քննարժան:



Ժամանակին, երբ հրատարակվեց Պ. Սնապյանի «Այդ շունը ես եմ» խոհաիմաստասիրական բազմաշերտ պատումը (որն արժանիորեն ունեցավ մի քանի հրատարակություն), հատկապես հայաստանյան գրողների, գրական մամուլի զայրույթը,- մինչ այդ ափնիբերան ունեցած,- այն աստիճան սաստկացրեց, որ Պ. Սնապյանը որոշապես... «վտարանդվեց» նաեւ Սփյուռքում, պատճառը հատկապես ազգային խնդիրների անթաքույց, ճշմարտախոհ մեկնաբանումն էր, կեսճշմարտությունից խուսափելու եւ իրերը, երեւույթներն իրենց անուններով կոչելու աներկմիտ գրողական կեցվածքը: Թերեւս, քաղաքացի (հայ) լինելու քաղաքակրթական-ազգային հանդգնությունը, բայց տարիների հեռավորությունից խոհապատումն այնքան նշանակալից է, որ այսօր էլ ուղղակի զարմանք է հարուցում այն հեռավոր 60-ական թվականներին գրված լինելու հանգամանքով:  Ուրեմն, տեսնելու, տեսանելու կարողությունը Պ. Սնապյանի համար ոչ միայն եղել է  ն շ ա ն ա կ ե ա յ ի ն-թիրախային, այլեւ ժամանակապահանջ ոչ հավուր պատշաճի արձակված վրիպված կրակոց...



Այս ամենով հանդերձ, պետք է ճանաչել մտավորական կեցվածքի ու ընդգրկումի գրողին, գրականագետին` Պ. Սնապյանին, բայց պայմանով, որ համաձայն չլինել այն մտայնությանը, որ Սփյուռքն այսօր գերլարված ճիգերի մեջ օրեօր ուժաթափվում է, արյունազրկվում. ինչպիսի դեր է ստանձնելու հայ գրողի ճակատագրով երբեմնի ապրող Սփյուռքը...  Պողոս Սնապյանը, հավատացնում եմ, մշտաբար ապրել է Սփյուռքի ճակատագրով` սերնդապահպանության ոգեկոչումով խնկարկելի մի կյանք:



 



Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ