Մարզակոշիկներով տիկինը՝ Կողբացի 3-ում

Մարզակոշիկներով տիկինը՝ Կողբացի 3-ում

«Ինչ հոտ ունեն մեր բակերը» շարքից






Тигровка մաշված սովետական խալաթով կինը նստած էր ընկերուհիների հետ, նրա կողքին դրված էր մուլտֆիլմերի կախարդների ցախավելներից, ոտքերին էլ հանրահայտ սպորտային բրենդի կիսաճղված մարզակոշիկներ էին։ 3 ընկերուհիներով սրտաբաց զրույց են անում, բողոքում են 3-րդ մուտքի բնակիչներից մեկից։ Կանայք ապահովում են Եզնիկ Կողբացի 3 հասցեի շենքի մաքրությունը։



 



- Ես քո տեղը լինեի, էդ հազար դրամը կհանեի, կշպրտեի դեմքին։



 



- Ախր դա վերաբերմունք ա՞, ամոթ ա, էլի՛։ Ես թքած ունեմ էդ փողի վրա։



 



Նստում եմ նրանց կողքին։ Կապույտ ներկված փայտե նստարանի դիմաց ազատամարտիկ Արմեն Միսակյանի կիսանդրին է, կիսանդրու կողքին քանդակված է մի շուն, իսկ արձանի դիմաց դրված է կանաչ գույնի բանվորական գլխարկ, հոսում է ցայտաղբյուրից սառնորակ եւ «համով» ջուր։ Զրույցի ենք բռնվում սպորտային կոշիկներով կնոջ հետ։ Նա շենքում ճանաչում է բոլորին, «արդեն քանի՜ տարի է աշխատում այնտեղ»։ Նրա խոսքերով, մարդիկ շատ են փոխվել, սկսում է. «Ժամանակներն են փոխվել, ախր։ Էն ժամանակ հարգանք կար, կապ չուներ, թե դու ինչ աշխատանք ունես։ Ըհըն, հիմա հավաքարար եմ աշխատում, ով ոնց ուզում ա՝ խոսում ա հետս։ Իբր էն ժամանակ «պերեստրոյկա» էին անում։ Սաղ քանդեցին՝ կանգնեցին մի կողմ»։ Այդ ընթացքում մի խումբ հազիվ 7 տարեկան երեխաներ են գալիս։ Նրանք ջուրը լցնում են բերանները եւ պզզանում շուրջը։ Տղաներից մեկը շշի մեջ ջուր է լցնում ու «սպառնում» իր ընկերներին, որ կջրի նրանց։ Այդ ընթացքում աչքի տակով նայում եմ շուրջս՝ «գարաժապատ» տարածությունից վերեւ «լվացքապատ» մռայլ գույնի մի շենք է։ Այդ մռայլ շենքը գունավորում են միայն մարդկանց ամառային գույներով շորերը՝ կախված պարանից։



 



- Այ՛ տղա, մի արա,- երեխան շշով ջուրը ցայտում է տիկին «մարզակոշիկի» վրա։



 



Հարցնում եմ՝ ձեր ժամանակ երեխաները երեւի պակաս ագրեսիվ էին։



 



- Չէ-հա, նույն էրեխեքն են, էլի։ Ուղղակի տեղ չունեն խաղալու։



 



Գնում եմ դեպի երեխաները։ Հարցնում եմ՝ ի՞նչ խաղեր են խաղում, թվարկում եմ մանկությունից մտքումս մնացած խաղերի անունները։ Պարզվում է՝ երեխաները ոչ պահմտոցի են խաղում, ոչ «Գործագործ», ոչ էլ «15 քար»։ Ֆուտբոլն ու ջրոցին են հիմա նրանց նախընտրելի խաղերը։ Դե, փառք տանք աստծուն, որ գոնե դրսում խաղացող երեխաներ դեռ կան, տեխնոլոգիաները դեռ լրիվ չեն խլել նրանց մանկությունը։ Կողբացու բակերից մեկում նաեւ խաղահրապարակ կա, սակայն երեխաներն ասացին, որ «ընդեղ հավես չի»։ Այն կողմում մի հին «բեսեդկա» է աչքովս ընկնում։ Տեսքից երեւում է, որ այն բավական երկարաժամկետ գոյություն է։ Մարդիկ, ցանկանալով դրան նոր տեսք տալ, կապույտ եւ կարմիր գույներով ավելի էին «մխտռել» տեսքը։ «Մարդկանց տեսքից միանգամից երեւում ա, էլի, հարուստ են, թե աղքատ,- ու նորից սկսվում է խոսակցությունը, թե ինչքան լավ էր սովետի ժամանակ։- Էն ժամանակ վերաբերմունք կար, վերաբերմունք, ոչ թե հիմիկվա պես»։



 



Այս բակի համուհոտը չզգացվեց, դրա փոխարեն վիզուալ պատկերների մի մեծ կույտ ծանրաբեռնեց ուղեղս՝ կիսաթափած ներկի գույնը, «անկանաչ» տարածությունը եւ շենքերի մռայլությունը, մի կերպ իրար կողք կանգնած շատ մեքենաներ, որոնք ուղղակի փակում են մարդկանց ազատ տեղաշարժվելու ճանապարհը։



 



Փորձում եմ բնակիչների հետ զրուցել, վերջիններս շտապող հայացքով նայում են՝ «ժամանակ չունեմ»։ Իսկ ամենավերջում մարզակոշիկներով կինը հետեւիցս գոռում է. «Լավ բաներ կգրես, աղջիկ ջան»։



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ