Ինքնասարկազմն ու հումորը՝ կինոյում աշխատող լեզու

Ինքնասարկազմն ու հումորը՝ կինոյում աշխատող լեզու

Լինելով գովազդային ռեժիսոր եւ իր ճանապարհը դեպի կինո սկսելով հեռուստաշոուներից, իտալացի ռեժիսոր Մատտեո Օլեոտտոն իր կինոկարիերան սկսում է կարճամետրաժ ֆիլմեր նկարելով։ Օլեոտտոյի 2013-ին նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Զորանը՝ իմ ապուշ ազգականը», ռեժիսորին միանգամից 7 մրցանակ է բերում միջազգային տարբեր փառատոններում։ Այս տարի ֆիլմը ներկայացված է նաեւ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում։



 



Ֆիլմի հերոսը՝ Պաոլո Բրեսսանը, օրերն անցկացնում է Գուստինոյի մոտ, նրա պանդոկում: 40-ամյա այս անհաջողակը ոչ միայն ցինիկ ու մարդատյաց է, այլեւ հարբեցող ու ստախոս, բայց դա էլ քիչ է, դժկամորեն աշխատում է ծերանոցի ճաշարանում եւ անհուսորեն հետամուտ է նախկին կնոջը՝ Ստեֆանիային վերադարձնելու երազանքին: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է Զորանը՝ 15-ամյա, խոշոր ակնոցով մի տղա, որին Պաոլոն «ժառանգում» է սլովենացի հեռավոր ազգականից: Զորանը տարօրինակ ձեւով է խոսում եւ փոքր-ինչ թերաճի տպավորություն է թողնում: Պաոլոյի փորձությունն սկսվում է հենց այդ պահից, երբ ստիպված է Զորանի հետ համակեցության ընդհանուր եզրեր գտնել։ Իր դինամիկ եւ հումորային սյուժեի շնորհիվ ֆիլմը դիտվում է մի շնչով, իսկ Հայաստանից ռեժիսորը «Ոսկե ծիրան» կտանի, թե ոչ՝ պարզ կլինի շուտով։



«Հայկական համայնապատկերի» վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է նաեւ Արման Երիցյանի «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» ֆիլմը, որն ավելի ճիշտ կլինի ասել՝ ֆիլմ է չստացված ֆիլմի մասին։ Հերոսը 68-ամյա դագաղագործն է, ով իր կյանքի գերակշիռ մասը դագաղ է սարքել։ Ռեժիսորը նյութի վրա աշխատել է 7 տարի, փորձել հերոսից հերոս ստանալ ու ֆիլմն էլ դարձնել ֆիլմ, բայց չստանալով այն, ինչ կուզեր, էկրանի առաջ ռեժիսորը, կինոգետը, անգամ ֆիլմի հերոսը քննարկում են դրա պատճառները։ Իսկ պատճառներից մեկն այն է, որ հերոսը չունի անձնական դրամա, քանի որ տարիների ընթացքում իր մեջ հաղթահարել է արդեն մահվան դրաման։ Ֆիլմում տեսնում ենք, որ այդ խնդիրն ստեղծելու վրա մտմտում է անգամ դագաղագործը, ով մտածում է՝ գուցե ընկնի քարի վրա, գլուխը բացի, որ պրոբլե՞մ առաջանա։ Ռեժիսորի ինքնասարկազմը ֆիլմը, որպես վավերագրություն, էլ ավելի հաջողված է դարձնում։



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ