Ես կառավարման կիսանախագահական մոդելի կողմնակից եմ․ Վայոց Ձորի մարզպետ

Ես կառավարման կիսանախագահական մոդելի կողմնակից եմ․ Վայոց Ձորի մարզպետ

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, քանզի կարծում է, որ եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց:



«Կարծում եմ, որ դրանք առանձին գործընթացներ են, Սահմանադրությունը մեր հասարակական կյանքը կարգավորող փաստաթուղթն է, և այն պետք է արտացոլի հասարակական զարգացումներն ու ժամանակակից տենդենցները»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե այս բարեփոխումները հիմնականում միտված են փոխելու երկրի կառավարման մոդելը՝ կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանականի, Էդգար Ղազարյանն ասաց, որ ինքն, օրինակ, այս հարցում հենց կիսանախագահականի կողմնակից է և այդ առումով կազմել է իր կողմից կազմված առաջարկությունների մի փաթեթ, որը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների ամսնագիտական հանձնաժողովին։



«Ես կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, մեր հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը: Այդ իսկ պատճառով ես գրավոր առաջարկություններ եմ ներկայացրել սահմանադրական հանձաժողովին, և այնտեղ արտահայտել եմ իմ հակվածությունը այս մոդելի նկատմամբ, քանի որ ես , օրինակ, ավելի շատ հենց կիսանախագահական մոդելի կողմնակից եմ»,-ասաց նա։



Իսկ մեր մյուս դիտարկմանը, թե այս փոփոխությունները իրականում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանն են միտված, Վայոց Ձորի մազրպետն ասաց․ «Դեռևս պարզ չէ, թե կառավարման ինչ մոդելի ընտրության վրա կկանգնի փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը: Բացի այդ, հանձնաժողովի առաջարկած մասնագիտական մոտեցումներին հաջորդելու են քաղաքական փաստաթղթի քննարկումները, և դեռևս պարզ էլ չէ, թե վերջնականապես ինչ որոշում կկայացվի: Հետևաբար, եթե չկա կառավարման մոդելի ընտրություն, ժամանակավրեպ են իշխանության կազմավորման հետագա գործունեությանը վերաբերող ենթադրությունները: Ինձ համար պարզ է մի բան, որ այս գործընթացի միտումը բացարձակապես անձնավորված չէ և պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի շահերով, այլ պետական համակարգի բարեփոխման բնույթ է կրում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ