Մտորումներ՝ Նախիջևանում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին

Մտորումներ՝ Նախիջևանում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին

Արդյոք, օգոստոսի 18-ին Նախիջևանում սպասվող Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումով Թուրքիան չի՞ փորձում վերականգնել հայ-թուրքական արձանագրությունների տապալումից հետո Անդրկովկասում իր սասանված հեղինակությունը: Չի բացառվում:



Թուրքիան, բնականաբար, իր արևմտյան պարտնյորներին պետք է ցույց տա, որ դեռևս վաղ է իր վրա, որպես անհույս գործընկերոջ, խաչ քաշելը: Մանավանդ Ղրիմի իրադարձությունները, որոնցում Արևմուտքը որոշակի հաշվարկներ էր կատարել Թուրքիայի և Ղրիմի թուրք-թաթարական տարրի վրա, ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ միայն ասելիք չունի Ղրիմում, այլև լծակներ, որոնցով կարողանար զսպել Ռուսաստանին:



Նախիջևանի հանդիպումը, անկասկած, պետք է դիտարկել ռուս-թուրքական մրցակցության և ոչ թե Հայաստանի դեմ դավադրության համատեքստում: Մեր կարցիքով սա ավելի շուտ Սոչիի պատասխանն է, քան դեմարշ Հայաստանի և Իրանի դեմ, ինչպես կարծում են ոմանք:



Այսպիսի եզրակացություն անելու համար հիմք է տալիս Նախիջևանի հանդիպմանը Վրաստանի մասնակցության փաստը: Վրաստանը տարածաշրջանում ավելի շատ հավասարակշռություն և կայունություն ապահովող երկիր է, քան լծակ՝ կողմերից մեկի վրա ազդելու համար: Վրաստանը նորմալ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Իրանի հետ, ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, շատ ավելի խորացված են այդ երկրի կապերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ասել, որ Վրաստանը Նախիջևանում գործարքի կգնա Հայաստանի կամ Իրանի դեմ, նշանակում է՝ ոչինչ չասել կամ պարզապես մտածել, որ Վրաստանի իշխանությունները չեն ըմբռնում սեփական երկրի շահերը:



Այո, Նախիջևանի հանդիպմանը ամենաէականը հենց Վրաստանի ասելիքն է լինելու:



Ինչո՞ւ:



Նախիջևանում, մեր կարծիքով, վճռվելու է ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալ-չմիանալու հարցը: Սա շատ կարևոր հարց է Վրաստանի համար, եթե հաշվի առնենք Ադրբեջանի հետ այդ երկրի առևտրային կապերն ու, առհասարակ, տնտեսական համագործակցությունը: Մի բան է էներգակիրներ ստանալ, կամ դրանց տրանզիտն ապահովել Ադրբեջանից դեպի Թուրքիա, մեկ այլ բան՝ ԵՏՄ-ից, եթե Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ: Այս տեսանկյունից Թուրքիային և Ադրբեջանին պետք է որ հետաքրքրի, թե ինչպես կպահի իրեն Վրաստանը, եթե Ադրբեջանը հրաժարվի ԵՏՄ անդամակցությունից և հայտնվի Ռուսաստանի՝ խիստ, ընդհուպ կոպիտ ճնշումների տակ: Պատրա՞ստ է արդյոք Վրաստանը կատարել կամրջի դերը Թուրքիայի և Ադրբեջանի միջև, երբ Ռուսաստանը սկսի լրջորեն զբաղվել Ադրբեջանով և Ալիևի աստղաբաշխական հարստություններով: Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօրվա Վրաստանն այլևս Սահակաշվիլիի Վրաստանը չէ և հնաևավոր չէ նրան ներքաշել ծայրահեղությունների մեջ, ինչպես դա եղավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ:



Մյուս կողմից էլ Ադրբեջանի համար ձեռնտու չէ ողջ ծավալով ռուս-վրացական հարաբերությունների վերականգնումը: Դա կարող է վերջնականապես խաչ քաշել Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում շրջանցելու թուրք-ադրբեջանական ծրագրերի վրա, որոնք շատ ավելի հեռուն գնալու միտումներ ունեն:



Իսկ թե ինչու է Նախիջևանի հանդիպումը կազմակերպվում հատկապես պաշտպանության նախարարների մակարդակով, պետք է հարցնել Թուրքիային և Ադրբեջանին, երկրներ, որոնք մինչ այս էլ քանիցս բարձրաձայնել են ռազմական դաշինք ստեղծելու մասին: Գուցե սա մի փորձ է Վրաստանին ևս այդ դաշինքի մեջ ներառելու և ՀԱՊԿ-ին հակակշիռ որևէ բան ձևավորելո՞ւ: Հնարավոր է: Բայց նորից միանշանակ չէ, որ Վրաստանը կհամաձայնի նման մի արկածախնդրության, մանավանդ այս փուլում, երբ դժվար է հասկանալ, թե ի վերջո ինչ կանի Ալիևը, երբ Ռուսաստանի ձեռքերն ազատվեն Ուկրաինայում: Թուրքիայի և Ադրբեջանի հետ անհասկանալի դաշինքի մեջ լինելը Վրաստանին կարող է զրկել հյուսիս-հարավ առանցքի վրա կամրջի դերակատարումից, մինչդեռ այդ դերակատարոթյունն իրականում ավելի հեռանկարային է, եթե հաշվի առենք Իրան-ԱՄՆ, Իրան-ԵՄ արդեն բոլորովին այլ որակի հարաբերությունները:



Ամեն դեպքում՝ հաջողություն մաղթենք Նախիջևանում ցուցադրական հավաք կազմակերպած Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությանը: Ի՞նչ է տալու դա, բացի այն, որ կստիպի ժպտալ գերտերություններին և համաշխարհային քաղաքականություն ճշտողներին: