Հովիկ Աբրահամյանը աշխատում է և 100 օր հասկացությանն էլ դեմ է

Հովիկ Աբրահամյանը աշխատում է և 100 օր հասկացությանն էլ դեմ է

Կառավարությունը չի կարող միանգամից ամբողջ ստվերը վերացնել, այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով երկու օր առաջ Ծաղկաձորում իր արած հայտարարությունը, թե Կառավարությանը լրացուցիչ ժամանակ է հարկավոր ստվերը վերացնելու համար, ինչն ընդդիմադիր գործիչների կողմից գնահատվել էր իբրև սփական ձախողման մասին հայտարարություն:

«Պետք է խնդրեմ, որ ճիշտ ընկալեք: Խոսակցությունը վերաբերում էր նրան, որ միանգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում նվազեցնելու ենք մինիմում շեմի, փաստ է: Ժամանակի ընթացքում մենք պետք է աշխատենք: Դա է եղել իմ ասածը... Ես ասել եմ, որ մենք հուլիսի մեկից բոլորս պետք է աշխատենք միասին, իսկ դուք գիտեք, որ հոկտեմբերի մեկից շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, և փաստաթղթավորումը պարտադիր է դառնալու բոլորի համար: Մենք այս ժամանակահատվածում աշխատում ենք և ֆինանսների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ պարբերաբար հաշվետվություն է տրվելու հանրությանը, ինչը վերջերս արվեց Կառավարության նիստին»,-ասել է վարչապետը:



Հարցին, թե իր կառավարման 100 օրվա ընթացքում Կառավարությանը հաջողվե՞լ է ինչ-որ մարդկանց ստվերից դուրս բերել, նա պատասխանել է. «Ի՞նչ 100 օր: Այդ հարյուր օրվա գաղափարը ես պետք է առաջարկեմ, որ հանեն: Դա ոչ մի բան չասող բան է՝ 100 օր, 200 օր: Ուղղակի կա ծրագիր, որ հասատատվել է ԱԺ-ի կողմից, ու Կառավարությունն աշխատում է: Մենք 100 օրով չենք բավարարվում, մենք շարունակական աշխատելու ենք»,- ասել է նա:



Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և մյուսները ևս դուրս կբերվե՞ն ստվերից, վարչապետը խնդրել է անուններ չտալ:



«Ինձ համար բոլորը հավասար են, և մենք հայտարարում ենք հավասար դաշտ... Մեր խնդիրն է, որ բոլորը հավասար պայմաններում աշխատեն: Որևէ մեկը իրավունք չունի մեզնից նեղանալու, մենք ասում ենք՝ հավասար հարկային դաշտ»,- ասել է նա: