Իշխանությունը թուլացել է, այնքան շատ, որ Ծառուկյանը դուրս է եկել նրա դեմ

Իշխանությունը թուլացել է, այնքան շատ, որ Ծառուկյանը դուրս է եկել նրա դեմ


Հեշտ չէ Հայաստանում գործող ռեժիմի պայմաններում գործարարը դուրս գա ռեժիմի դեմ: Որպեսզի տեսական խոսակցություն չստացվի, վերցնենք հենց Գագիկ Ծառուկյանի օրինակը: Ժողովրդի համար համարյա անհնարին է պատկերացնել, թե ինչպես կարող է իշխանության շրջանակից, նրա սյուներից մեկն ասել՝ ես ձեզ փրկելու եմ: Ինչու ժխտել, հենց միայն փաստը անվստահություն է առաջացնում: Եթե մարդկանց համար սա շատ դժվար է պատկերացնել, Ծառուկյանի համար էլ ավելի դժվար է անել: Հիշենք ոչ հեռու ժամանակները, երբ նա փորձեց ընդառաջ գնալ ժողովրդին, իսկ հետո իշխանությունների ճնշման ներքո, ետ կանգնեց: Սա ավելի է խորացնում անվստահությունն ու այսօր շատերը, գաղտնիք չէ, չեն հավատում Ծառուկյանին ու սպասում են, որ նա ամեն պահ կարող է ետ կանգնել պայքարից: Իշխանությունն էլ չհավատացողների ջրաղացին՝ իր նազիր- վեզիրներով, ջուր է լցնում:
Բայց, ինչպես ականատես ենք, եթե սկզբից ավելի անհաստատ, այսօր արդեն երևում է, որ Ծառուկյանը մինչև վերջ գնալու է: Իսկ եթե Ծառուկյանը մինչև վերջ գնալու է, ուրեմն նա հաստատ առաջ շարժվելու հիմք ունի ու այն փոքր գործոն չի: Նորից եմ հիշեցնում, նախկինում, ինչքան էլ Տեր Պետրոսյանն ուզում էր նրան ամրացնել ընդդիմադիր դաշտում, չէր հաջողվում: Ծառուկյանը խուսանավում էր, որովհետև գիտեր իր բիզնեսի, իր գխին գալիքը: Այսօր դրանք կարծես թե չեն մտահոգում Ծառուկյանին ու քայլ առ քայլ ԲՀԿ-ն ավելի վճռական է դառնում: Մի կողմ թողնենք ռուսական աղբյուրները, որ Մեծ պապան մտադրություն չունի կոտրել եռյակին, մեր տրամաբանությամբ առաջնորդվենք: Ինչպե՞ս կարող է Ծառուկյանը ընդդիմանալ: Կամ պետք է խաղա, կամ պետք է վստահ լինի, որ իշխանությունը շատ է թուլացել: Իշխանության կողմից Ծառուկյանին «ջիգյարով վարկաբեկումը» վկայում է, որ այն խաղ չէ, մանավանդ երբ գործի են դրվում իշխանական նախկին ու ներկա բոլոր դհոլները: Պրոֆեսիոնալ չեն գործում դհոլները: «Դեմ լինելով» իշխանությանը, նրանք պիտի որ գոնե հավասար հարթության վրա դնեն իշխանությանն ու Ծառուկյանին, այնինչ նրանք մարտի կանոններին ոչ հարիր բոլոր միջոցներով «խփում են» Ծառուկյանին, հույս ունենալով, որ ժողովուրդը չի նկատի, որ Ծառուկյանի ոչնչացումը նշանակում է իշխանության պահպանություն մի տևական ժամանակաշրջան: Ինչու՞ են սա ուզում դհոլները, հասկանալի է, իրենք էլ լավ գիտեն, որ հանպատրաստի նոր շարժում չի ձևավորվի, տարիներ են պետք, երկար տարիներ: Ու այդ պատճառով անընդհատ նույն միտքն են առաջ քաշում՝ ի՞նչ տարբերություն Ծառուկյանը, թե՞…
Դե եթե տարբերություն չկա, լռվեք: Մնում է հիմք ընդունել տրամաբանությունը. իշխանությունը թուլացել է, շատ է թուլացել, այնքան շատ, որ Ծառուկյանն արդեն առանց երկմտելու դուրս է եկել նրա դեմ: Եվ ինչ որ բան հաջորդ դասին թողնելը, ևս մի անգամ ինքն իր հնարավորությունները ստուգելու քաղաքական ենթատեքստ ունի: Ու՞մ համար հասկանալի չի, որ Ծառուկյանի պարտության դեպքում, նրան ինչ է սպասվում: Նման պարագայում հասկանում եմ հայտարարություն անելու կամ ելույթ ունենալու ծառուկյանական ձգձգումները: Ռուսական որոշ աղբուրներ հուշում են, որ Ռուսաստանի իշխանությունը անտարբեր չի ՀԱԿ- ԲՀԿ –ի նկատմամբ, ավելին, կան համակրանքի դրսևորումներ: Միգուցե դա՞ է հանդիսանում ամենալուրջ գործոնը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ