Տվեք Եռյակին օրակարգ, և նա, գուցե, իշխանափոխություն անի

Տվեք Եռյակին օրակարգ, և նա, գուցե, իշխանափոխություն անի

Արդեն երկու օր է լրագրողները եռյակի փողոցային պայքարի մասին իրենց հարցերով ԲՀԿ-ական պատգամավորների հոգին են հանում: Անպայման նրանցից են ուզում պարզել Եռյակի՝ ոչ այն է անկյունաքարային, ոչ այն է առանցքային օրակարգը: Ինչո՞ւ Լևոն Զուրաբյանից չեն հարցնում, Արամ Մանուկյանից կամ Արմեն Մարտիրոսյանից: Կամ ինչո՞ւ մանրանալ: Միանգամից Լևոն Տեր-Պետրոսյանին եկեք հարցնենք՝ Եռյակի օրակարգը ո՞րն է, պարոն առաջնորդ:



ԲՀԿ-ականները անփորձ մարդիկ են, բիզնեսից ու փողից դենը բան չեն տեսել: Մեկն ասում է՝ գնում ենք արտահաերթ ընտրությունների, բայց եթե իշխանությունները մեր երեք պահանջները կատարեն, չենք գնա, մյուսն այսօր ասել է՝ մեր գերխնդիրը մարզային շտաբներ ստեղծելն է, պետք է շարժումը Երևանից տարածել մարզեր, և դա այն դեպքում, երբ մի քանի շաբաթ մարզային հանրահավաքներ էին անում և մարզերին հրավիրում Երևան: Այս կուսակցությունում, առհասարակ, անոտուգլուխ վիճակ է: Այդ մարդիկ միայն փող ունեն և ոչ մեկ՝ քաղաքական ծրագիր և օրակարգ:



Ո՞ւր են ՀԱԿ-ի լեզվանիները, ճարպիկները, ինքնավստահ խորամանկիկները: Եռյակը կատարյալ գեղի կլուբի է վերածվել, ով ուզում, ինչ ուզում ասում է, օրակարգ է սահմանում, օրակարգ է փոխում: Ամեն ինչ տեսել էինք՝ առանց նպատակի հեղափոխություն չէինք տեսել:



Ի՞նչ է նշանակում՝ իշխանափոխություն ենք ուզում: Ես էլ եմ ուզում, հետո՞: Պարզվում է՝ հետո չկա: «Սերժի հեռացիր» ճչացողներին ԲՀԿ-ն մի կողմ է հրել ու ստանձնել օրվա բանախոսի դերը: Բայց չի ձգում, որովհետև Գագիկ Ծառուկյանն ասել է, որ շտաբներ ենք բացելու, բայց չի ասել, թե ինչի համար: Ու հիմա ԲՀԿ-ականները գուշակություններ են անում՝ ամեն մեկն իր տեսակետն արտահայտելով Եռյակի առանցքային օրակարգի վերաբերյալ, որը պարզապես չկա: