ԱԺ-ում մեղքը իրար վրա են բարդում, վերջում էլ ուշացումով ցավում

ԱԺ-ում մեղքը իրար վրա են բարդում, վերջում էլ ուշացումով ցավում

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որին ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։ Նիստին, սակայն, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մի շարք ոչ իշխանական ուժի պատգամավորներ։ Մասնավորապես՝ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը, ովքեր այդ հանձնաժողովի անդամ են, մտնելով դահլիճ՝ պարզել են, որ իրենց անունները գրված չէ, և, ըստ այդմ, իրենց համար տեղ հատկացված չի եղել սեղանի շուրջ։ Պատգամավորները վրդովվել են այդ փաստից, որ իրենց անունները չկա, և դուրս են եկել դահլիճից։ Հետո պարզվել է, որ նրանց հետ միասին նաև ՕԵԿ-ական պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի անուններն էլ չի եղել, ինչպես նաև ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանինը։




Ուրիխանյանից ու Բաբայանից բացի ԲՀԿ-ից այդ հանձնաժողովի անդամ էին և նիստին մասնակցելու իրավունք ունեին նաև ևս երկու պատգամավոր՝ Մուրադ Գուլոյանն ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նրանք, սակայն, առհասարակ չէին եկել։
ԱԺ արարողակարգի պետ Անդրանիկ Սարգսյանը մեզ ասաց, որ իրենք ի սկզբանե սեղանին դրած են եղել Գագիկ Ծառուկյանի անունը, բայց հետո որ հասկացել են՝ ինքը չի գալու, նրա անունը հանել Բաբայանինն են դրել։
Այս հարցում փորձեցինք պարզաբանում ստանալ Վահան Բաբայանից, ով կարծում է, որ այստեղ կոնկրետ միտում կա, և ուղղակի ոմանց ձեռնտու չէր, որ իրենք ներկա գնտնվեին այդ նիստին։ Ըստ նրա՝ այստեղ սա շատ կոպիտ վերաբերմունք է ԱԺ-ի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր առանցքային դեր են կատարում այդ հանձաժողովում։ Նա նաև նշեց, որ ինքը չի տեսել, որ իր անունն արդեն կա սեղանին, միայն տեսել է, որ մի տեղ է ազատվել, որտեղ միայն մեկ հոգի կարող էր նստել, մինչդեռ դուրս մնացածները մի քանիսն էին։
«Սրանով հիմք է դրվում վերաբերմունքին, որ ԲՀԿ-ի հանդեպ իշխանւթյունը փորձում է ծավալել որոշակի ոչ ադեկվատ քայլեր, և նույնիսկ արտաքին այս ֆոնին, երբ որ ԲՀԿ-ի պատգամավորների կոողմից կային կոնկրետ առաջարկներ, և հիմա այն ակտիվ պատգամավորները, ովքեր ունեն ասելիք և անելիք, այսօր նրանց վերաբերվում են նման ձևով և մեր անունները չեն լինում սեղաններին»,-ասաց Վ․ Բաբայանը։
Նա նաև ասաց, որ հավանաբար իշխող քաղաքական ուժի կողմից ցանկալի չի եղել իրենց ներկայությունը՝ մտածելով, որ իրենք, հավանաբար, սուր ու քնադատական ելույթներ կարող է ունենան։




Թե՛ Վահան Բաբայանը, թե՛ Տիգրան Ուրիխանյանը պարզաբանման պահանջով գրավոր դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայ Թովմասյանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս խայտառակության գլխավոր պատասխանատուին։ Թովմասյանին նաև լրագրողներն են փորձել հարց ուղղել՝ պարզաբանման խնդրանքով, սակայն հետ չի ցանկացել շփվել լրագրողների հետ և պատասխանել հարցերին՝ պահանջելով գրավոր հարցում ուղարկել իրեն, ինչը «սահմանված է օրենքով»։




Զրուցեցինք նաև ՕԵԿ-ական «տուժած» պատգամավորներից մեկի՝ Մհեր Շահգելդյանի հետ, ով ասաց, որ հրավերը եղել է ԱԺ-ի կողմից, սակայն երբ մտել են դահլիճ, նստելու տեղ չի եղել իրենց համար։



«Դա ես համարում եմ անթույլատրելի, և կարծում եմ՝ դա պետք է քննարկվի և պարզվի՝ ինչն էր էստեղ խնդիրը»,-ասաց Մ․ Շահգելդյանը՝ ընդգծելով, որ այս ամենի մեղավորները պետք է անպայման պատասխան տան։




Այս խնդրի կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ի պաշտոնե այս ամենի համար պատասխանատվություն կրող ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովից։ Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց մեզ հետ շփվել ու պատասխանել մեր հարցերին՝ ուղղորդելով մեզ «համապատասխան» վարչություն, որը, ըստ նրա, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն է։
«Ես մամուլի հետ չեմ շփվում, դիմեք համապատասխան վարչություն»,- ասաց նա ու տարրական քաղաքավարության կանոններն արհամարհելով՝ փորձեց հեռանալ։
Մեր դիտարկմանը, թե համապատասխան վարչության պետը ինքն է, իրեն ենք դիմում, և եթե ինքը կոմպետենտ չէ իր վարչությանը վերաբերող հարցերին պատասխանել, թող ասի՝ իմանանք, էլ չդիմենք, նա մեջքով շրջվեց և արագ-արագ հեռացավ՝ առանց որևէ ձայն հանելու։ Նշենք, որ միջոցառումը զուտ տեխնիկապես կազմակերպում է ԱԺ արարողակարգի վարչությունը, սակայն այն ընդամենը կատարող է, պատասխանատվութjոuն կրում է արտաքին կապերի վարչությունը, որի ցուցումով է արարողակարգի վարչությունը իրականացնում կազմակերպչական աշխատանքները։ Դա պնդեցին նաև պատգամավորները։




Ավելի ուշ մենք տեղեկացանք, որ Բիյագովն, իրականում, պատգամավորներից մեկի հետ զրույցում ընդունել է, որ իրենց վարչության սխալ ու թերի աշխատանքի արդյունքում է, որ վերոնշյալ պատգամավորները տեղ չեն ունեցել նստելու կլոր սեղանի շուրջ՝ չկարողանալով սահմանված կարգով մասնակցելու նիստին։ Սակայն նա մեղքը բարդել է վարչության աշխատակիցների վրա, թե «ես կապ չունեմ, աղջիկներն են արել»։



Մոտ երկու ժամ անց՝ Ազգային ժողովը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում տարածեց՝ նշելով, որ իրականում ԲՀԿ-ական երկու պատգամավորների անունները պարունակող ցուցանակնեչը եղել են սեղանին դրված, ուղղակի հեռու են եղել, և Ոuրիխանյանն ու Բաբայանը ի8ենք չեն ցանկացել հեռու նստել։ Նրանք, սակայն, հերքեցին, որ նման բան է եղել՝ պնդելով, որ իրենց անունները սեղաններին չի եղել, այլ դրված է եղել պատի տակ շարած աթոռներին, և հետո են վերցրել ու դրել սեղանի ծայրում, այն էլ միայն Վահան Բաբայանին համար, երբ վերջինս աղմուկ է բարձրացրել։
Պարզաբանման վերջում նշված է նաև, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը ցավում է վերոգրյալ միջադեպի համար և վստահեցնում, որ այսօրինակ միջոցառումներն այսուհետ ավելի բարձր մակարդակով կկազմակերպվեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ