Մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որն այս տարվանից կկրի «Ռոլան» անվանումը

Մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որն այս տարվանից կկրի «Ռոլան» անվանումը

ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ս. թ. նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում:



Փառատոնն, այսուհետ կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը:



Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն 2014 թ. նոյեմբերի 12-ին, «Մոսկվա» կինոթատրոնում՝ փակման արարողության ընթացքում:



Մարզային փուլը կշարունակվի մինչև 2014 թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից:



10-րդ հոբելյանական փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները:



Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այս անվանակարգը նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում:



Ս. թ. նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: