Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջում է Ռուսաստանին

Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջում է Ռուսաստանին

Ընդամենը 15 րոպեանոց նիստի արդյունքում Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց՝ սահմանադրական ճանաչելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միության պայամանագրին։ Այսպես անդրադարձավ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նոյեմբերի 14-ին երկրի և ժողովրդի համար պատմական ու ճակատագրական նշանակություն ունեցող ՍԴ-ի անշրջելի որոշմանը:



«Եթե քաղաքական ուժերը որևէ կերպ չընդդիմացան այդ միությանն անդամակցելու որոշմանը, ուրեմն մենք չպետք է սպասեինք, որ Սահմանադրական դատարանը Հունան Ավետիսյանի նման կրծքով փակեր այդ եվրասիական գնդացիրը»,- նկատեց Մեհրաբյաը՝ շեշտելով, որ հատկապես ՍԴ-ն միշտ էլ աչքի է ընկել հակաժողովրդական ու հակասահմանադրական որոշումներ կայացնելով՝ կապված հենց նախագահական ընտրություններն օրինական ճանաչելու և այլնի հետ, այնպես որ, այլ բան չէր կարելի սպասել մի կառույցից, որը քաղաքական վերնախավի կամակատարն է։



«Շատ ցավալի և խայտառակ փաստի հետ գործ ունենք․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները պատադիր են բոլոր անդամ երկրների համար։ Այդ միությանն անդամակցելով Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջում է Ռուսաստանին»,- վստահաբար ասում է Մեհրաբյանը և նույնքան վստահ է, որ երբ գա ժամանակը, այդ խայտառակ փաստաթղթերը կոչնչացվեն, ինչպես Խորհրդային միության փաստաթղթերը ոչնչացվեցին։



Փաստորեն անկախության հանրաքվեից 23 տարի անց մենք այն մի գրչի հարվածով կրկին զոհաբերում ենք միապետության շահերին։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչեց ՀՀ նախագահի կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, և այդ միանձնյա կամ մի խմբի կողմից որոշումը միանշանակ չընդունվեց հանրության բոլոր շերտերի կողմից:



«Միանալ այն միությանը, որը կասկածներ է հարուցում, թե կորցնում ենք մեր անկախությունը, պետք է դնել հանրաքվեի, ոչ թե թողնել մեկ անձի որոշմանը»,- նշում է Մեհրաբյանը։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին մենք հանրաքվեով ենք հռչակել մեր անկախ ապրելու կամքն ու իրավունքը և այն մասնակի կամ ամբողջովին զիջելու հարցը նույնպես պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ինչը չի արվել։



Իսկ ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը խնդիրը դիտարկում է իրավական տեսանկյունից․«Մենք պետք է արձանագրենք այն իրողությունը, որ ցանկացած պետություն ուզի, թե չուզի պետք է մասնակցի ինտեգրացիոն գործընթացներին, իսկ այդ ինտեգրացիոն գործընթացներն այնքան կայծակնային տեմպերով են զարգանում, որ այդ գլոբալացման գործընթացներում պետությունները նույնիսկ չեն հասցնում իրավական առումով հարմարվել այդ երևույթներին»։



Սահմանադրագետը Սահմանադրության հոդվածները դիտարկելով եզրահանգեց, որ սահմանադրական որևէ դրույթի խախտում չկա այս գործընթացում, իսկ թե ուր կտանի այդ անդամագրությունը՝ վերելք, թե անդունդ, իր քննարկման խնդիրը չէ, ինքն ընդամենն իրավական հարթության վրա է դիտարկում երևույթը։



Ֆելիքս Եղիազարյան