Այո՛, արդարությունն ինչ-որ տեղ վերացական բառ է. Հովիկ Աբրահամյան

Այո՛, արդարությունն ինչ-որ տեղ վերացական բառ է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին տոնական օրվա առթիվ և նշել.



«Սիրելի՛ երիտասարդներ
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային տոնի, ինչպես նաև օրեր առաջ նշված Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Դուք նախանձելի տարիքում եք, երբ ամեն ինչ դեռ առջևում է, երբ շատ են երազանքներն ու ծրագրերը: Ես ձեզ համարձակություն եմ մաղթում՝ գնալու ձեր երազանքների ու նպատակների հետևից: Մի՛ վախեցեք համարձակ նպատակներ դնել, բայց իմացե՛ք, որ դրանց իրականացումը պահանջում է մեծ նվիրում ու աշխատանք:
Ես գրեթե ամեն օր հանդիպում ու զրուցում եմ մեր կամ արտերկրյա գործարարների հետ, ովքեր իրենց բիզնեսն են պատրաստվում ընդլայնել կամ ներդրումներ կատարել Հայաստանում: Գրեթե բոլորի մոտ Հայաստանում աշխատելու մոտիվացիան նույնն է. նրանք բոլորը պնդում են՝ Հայաստանում կարողանում են որակյալ արտադրանք տալ: Սա, իրոք, ճշմարտություն է, որովհետև մեր երկրում մարդիկ գիտեն ու սիրում են աշխատել: Գիտեն նվիրված ու ստեղծագործաբար աշխատել:



Այս բնատուր շնորհքը՝ մեր ժողովրդի աշխատասիրությունը, Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկն է: Սա նոր չի ի հայտ եկել: Մենք միշտ էլ այդպիսին ենք եղել: Դուք էլ եք այդպիսին, եթե նույնիսկ դեռ չեք գիտակցում այդ մասին: Այլ կերպ լինել չեք կարող. դուք լավ աշխատողներ ու ստեղծողներ եք լինելու, որովհետև ձեր ծնողներն ու պապերն են այդպիսին եղել: Բնությունից եք այդպիսին: Հիմա ձեր աշխատասիրությունը պետք է դրսևորվի ուսման մեջ՝ վաղն արդեն մեր երկիրն ու տնտեսությունն առաջ տանելու հարցում:



Բայց հանկարծ չմտածեք՝ մենք այսպես նստելու ենք սպասենք, թե դուք երբ եք մեծանալու, որ մեր երկրի խնդիրները լուծեք: Նույնիսկ չերազեք: Մինչև դուք ամրանաք, մենք բոլորովին այլ երկիր ենք հանձնելու ձեզ: Այսօր մենք բոլոր ուղղություններով ընդլայնում ենք մեր արտադրածն ու ստեղծածն իրացնելու հնարավորությունները, լայն շուկաների հասանելիությունը: Վաղն արդեն նոր արտադրանքն ու ծառայություններն են գալու լրացնեն այդ շուկաներում ներկայանալու մեր ներուժը:
Սիրելի՛ երիտասարդներ



Սերնդափոխությունը բնության օրենքն է: Ամեն սերունդ ունի առաքելություն, որ հաճախ արմատապես տարբեր է նախորդ սերնդի արածից, ապրելակերպից ու գործելակերպից: Բայց շատ բանով նման է, որովհետև շարունակություն է: Եղե՛ք արժանի շարունակողը լավ գործերի, ոչ թե գործեք իներցիայով:



Դրա համար պետք է լինել որակապես տարբեր. ավելի ուժեղ և՛ հոգեբանորեն, և՛ մտավոր ունակություններով: Ապրե՛ք ձեր ժամանակի մեջ՝ ձե՛ր ժամանակի չափանիշներով: Համարձակորեն դեմ գնացեք իրենց դարն ապրած ավանդույթներին:



Բայց հիշեք՝ որպես քարերի վրա քանդակված անբեկանելի պատգամ, որ ընտանիքը, հավատարմությունը, բարոյականությունն ու հայրենասիրությունը չեն հնանում երբեք և չեն հնանալու: Ընտանիքը հայության առաջին ու վերջին ամրոցն է: Եթե խարխլվեցին դրա հիմքերը, չեք ունենա ոչինչ. ո՛չ Հայաստան, ո՛չ հայություն, ո՛չ էլ անձնական երջանկություն:



Երբ մենք ուշադիր նայում ենք, թե տարբեր ժամանակներում ու երկրներում ինչ առիթներով են երիտասարդները և ուսանողները ելնում պայքարի, թե ինչ հողի վրա են բախվում հայրերի ու որդիների սերունդները, ապա մեկ բառով կարելի է ասել, որ դա պայքար է հանուն արդարության:



Այո՛, արդարությունն ինչ-որ տեղ վերացական բառ է, բայց շատ որոշակի է տարբեր սերունդների ընկալումների մեջ: Փորձեք հասարակությանը պարտադրել արդարության ձեր ընկալումը թե՛ մասնագիտության մեջ, թե՛ մնացած բոլոր ասպարեզներում: Բայց փորձեք դա անել՝ դիմացինին լսելով:



Սա կարևոր է, որովհետև նախ և առաջ տեսնել և լսել չցանկացողների բանավեճերն արդյունավետ չեն: Եվ երկրորդ. ոչ քիչ երկրներ են կործանվել և տասնամյակներով հետ շպրտվել իրենց զարգացման ճանապարհից հենց այն պատճառով, որ փորձել են արդարություն պարտադրել՝ միմյանց չլսելով:



Համոզե՛ք, քարոզե՛ք, բարձրաձայնե՛ք այն, ինչը դուք ճիշտ եք համարում, որովհետև վաղը դուք և ձեր երեխաներն ապրելու եք այն միջավայրում, որն ինքներդ այսօր ձևավորում եք: Փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները գլխացավանք չեն, ճիշտ հակառակը՝ նրանց գոյությունը բնության օրենքն է, զարգացման հիմնական խթաններից մեկը: Ավելին՝ փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները համակրելի են՝ ի տարբերություն հեղափոխական ծերունիների:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ ձեր տոնի կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում ուսման մեջ ու կյանքում»: