Հարաբերությունները կշարունակեն խորանալ

Հարաբերությունները կշարունակեն խորանալ

Նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին: Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից՝ հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորել է Նավրաչիչին՝ նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում:



Այնուհետև կողմերն անցել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը՝ վստահություն հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերությունները կշարունակեն խորանալ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Երևանում մեկնարկելիք՝ 2015 թվականի Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին, տեղեկացրել ընթացիկ աշխատանքների և համաժողովի ծրագրի մասին:

Պատասխան խոսքում նորանշանակ հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի աշխատանքները՝ որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր՝ շեշտելով, որ Հայաստանն առաջին ոչ ԵՄ անդամ երկիրն է, որն իրականացնում է համաեվրոպական նշանակության այս նախագիծը: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ հանդիպման ավարտին նախարար Աշոտյանը Տիբոր Նավրաչիչին հրավիրել է Երևան, ինչը սիրով ընդունվել է վերջինիս կողմից: