Րաֆֆին Բրյուսելում ելույթ է ունեցել

Րաֆֆին Բրյուսելում ելույթ է ունեցել

Երեկ Բրյուսելում մեկնարկած ԵԺԿ քաղաքական վեհաժողովին Հայաստանից մասնակցող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ են ունեցել:



Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հարկ է համարել «մուննաթ» գալ ԵԺԿ-ի վրա, որ վերջինս 2013թ. ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, իսկ ԵԺԿ ղեկավար Վ. Մարթենսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, որից հետո Րաֆֆին անցել է նամակի «բուն բովանդակությանը»` տեղեկացնելով «Յուրոփին», որ հայաստանյան պառլամենտում մնացել է մեկ եվրոպական ուժ, եւ այդ մեկ ուժն իրենք են, եւ որ իրենք առաջիկա օրերին դեմ են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, իսկ ԵԺԿ անդամ մյուս 2 կուսակցությունները` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, եւ ԵՏՄ-ի կողմնակից են, եւ ԵԺԿ անդամ:



ԵՏՄ-ասեր ԲՀԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում կանգնող, վերջիններիս հետ եռյակ կազմած «Ժառանգության» առաջնորդը հարկ է համարել նաեւ եվրոպացիներին դուր գալու համար Պուտինին դիտարկել Ալիեւի եւ Էրդողանի հետ նույն շարքում: Վեհաժողովում ելույթ ունենալով՝ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին ասել է, որ չի ցանկանում գործընկերոջ հետ պալեմիկայի մեջ մտնել եւ ԵԺԿ բարձր ամբիոնը դարձնել ներքաղաքական դիսկուրսի վայր, քանզի հայաստանյան իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, իր քաղաքականության մեջ առաջնորդվել եւ առաջնորդվում է միմիայն ազգային շահով, եւ որ ԵՄ փորձագետներն էլ այն կարծիքին են, որ այսօր ավելի, քան երբեւէ, ԵՄ-ն պետք է Հայաստանին, իսկ Հայաստանը` ԵՄ-ին: