ՀՀԿ-ն դեմ է եռյակի՝ ԸՕ-ն փոխելու վերաբերյալ որոշման նախագծին

ՀՀԿ-ն դեմ է եռյակի՝ ԸՕ-ն փոխելու վերաբերյալ որոշման նախագծին

Մինչ Սերժ Սարգսյանի եւ իշխանության ազնվությունն ստուգելու վերաբերյալ ոչ իշխանական եռյակի առաջարկած «ստուգողական թեստը»՝ ԸՕ-ն փոխելու մասին, շարունակում է մնալ անարձագանք, իշխանությունը, հավանաբար, ժամանակ է փորձում շահել, այդուհանդերձ, եռյակը հաջորդ քայլն է կատարում:



Երեկ Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ մտադիր են արտահերթ նիստ հրավիրել նույն թեմայով, որ 12 կետանոց պահանջագրի 10-րդ կետն է: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությանը հանձնարարել է եւս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջներին: Եռյակի մեկ օր անց նիստից հետո Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե եռյակը քննարկումներ կսկսի իշխանությունների հետ, եթե նրանք անմիջապես կատարեն 12 պահանջներից կոնկրետ 10-րդ կետը եւ բարեփոխեն Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ ամրագրելով ընտրացուցակների հրապարակումը: Եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք քննարկելու բան չունեն, եթե կատարված չէ իրենց առաջ քաշած նախապայմանը: Կա՞ իշխանության օրակարգում ԸՕ-ն փոխելու եւ հատկապես եռյակի առաջարկած փոփոխություններն անելու մտադրություն, երեկ զրուցեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:



- Իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ մտադիր են վերափոխել ԸՕ-ն, ի վերջո, եթե այդպես է, ի՞նչն է խանգարում դա անել հիմա՝ բավարարելով նաեւ եռյակի առաջ քաշած նախապայմանը եւ ապացուցելով իշխանության ազնվությունը:



- Վստահության եւ հավատի մասին եռյակը չէ, որ պետք է խոսի, որովհետեւ եթե սկսենք 12 կետերից եւ վերջացնենք այսօրվա պահանջներով, ապա կտեսնենք, որ այս կարճ ժամանակամիջոցում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել իրենց պահանջների եւ փոփոխությունների մեջ: Սա՝ իմիջիայլոց: Ինչ վերաբերում է ԸՕ-ի փոփոխությանը, այո, մենք բազմիցս ասել ենք եւ այսօր էլ պնդում ենք: Ես, որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, տեղյակ եմ այդ գործընթացին, որի էությունը կայանում է հետեւյալում: Սովորաբար ԸՕ-ն վերանայում կամ բարեփոխում են ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, այս պահանջը նաեւ դնում են միջազգային կառույցները, հետեւաբար, արհեստական աղմուկ կամ խնդիրներ բարձրացնելու անհրաժեշտություն այստեղ չկա: Ասեմ ավելին. եթե մենք ուզում ենք այդ ամենը խորքային փոխել՝ թե ընտրական համակարգ, թե պատկերացումներ, թե համակարգային փոփոխություններ, ապա դա կարող է լինել բացառապես սահմանադրական բարեփոխումների ճանապարհով:



- Իրենք դեմ են այդ փոփոխություններին, եւ դրա համար էլ ստեղծվել է այս վիճակը: Բացի դրանից, ձեր խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնել է, որ արդարադատության նախարարությունում այս հարցերով աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ մարտ-ապրիլ ամիսներին, հավանաբար, ԸՕ-ն փոփոխելու աշխատանքներ կծավալվեն: Անհասկանալի է՝ եթե իշխանության օրակարգում արդեն իսկ կա նման մտադրություն, ի՞նչն է խանգարում օր առաջ հարցը լուծել եւ չձգել մինչեւ հաջորդ ընտրություններ:



- Եկեք փաստերով խոսենք, տեսեք, իրենք հարցը եւ 12 կետերում են ընդգրկել, եւ այս մասին անհետաձգելի կարգով եւ արտահերթ ռեժիմով որոշման նախագիծ մտցրել ԱԺ (նախագիծը, հավանաբար, կլսվի դեկտեմբերի սկզբին հրավիրելիք արտահերթ նիստի ընթացքում), իսկ այսօր այդ պահանջը դնում են քաղաքական առումով եւ ասում՝ եկեք փոխեք ընտրական համակարգը, որ վստահություն առաջանա: Այսինքն՝ տարբեր մեթոդներով եւ ժամանակներում այդ խնդիրը կարծես թե դարձնում են քննարկման առարկա: Իսկ մենք ասում ենք՝ գիտեք ինչ, եթե այս ամենը ձեզ համար ընդամենը քաղաքական շահարկումների առիթ է, մեզ համար պատասխանատվություն է: Որովհետեւ ընտրական համակարգի կայունությունը, թափանցիկությունը, ավելի ընկալելի լինելը պետության պարտականությունների եւ պարտավորությունների մեջ է մտնում: Իհարկե, կարելի է այդ փոփոխություններն ԸՕ-ում հպանցիկ անել ու անցնել առաջ՝ առանց մտածելու հետեւանքների մասին, բայց եթե մի փոքր խորը վերլուծություն անենք եւ մտածենք, էսօրվա քաղաքական համակարգի պայմաններում նայենք հարցը, վերցնենք ու ընտրական համակարգը փոխենք 100 տոկոս համամասնական, կտեսնենք, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան: Եվ վերջապես, իսկ ո՞վ է ասել, որ 100 տոկոս համամասնականը դա ամենալավ ընտրակարգն է, որեւիցե մեկը չի կարող պնդել, որ դա ավելի լավն է, քան այսօրվա համակարգը, կամ 100 տոկոս մեծամասնական, կամ էլ խառը ընտրակարգը: Մենք մշտապես ենք ասել, որ ինքներս կողմնակից ենք աստիճանաբար գնալու այդ ուղղությամբ, եւ դրա մասին են վկայում փաստերը, որ հենց մեր նախաձեռնությամբ մեծամասնականով ընտրված պատգամավորների տեղը կրճատվեց, եւ փոխարենը ավելացվեցին համամասնական մանդատները:



- Եթե պարզ ասեք՝ իշխանության համար ընդունելի չե՞ն եռյակի առաջարկները՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու եւ ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ:



- Քանի որ որպես պատգամավոր ես իմ վրա որոշակի պատասխանատվություն եմ կրում, այսօր միանշանակ չենք կարող ասել, որ կողմ ենք կամ դեմ ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու փաստին: Դա ասելու համար պետք է լուրջ քննարկում եւ վերլուծություն անել, միայն մեծամասնական տեղերը վերացնելը չէ խնդիրը, դա բավականին լուրջ գործընթաց է:



- Եռյակն ասում է, որ դա ամենաարագ լուծվող հարցն է, նույնիսկ ժամերի ընթացքում կարելի է լուծում տալ, քանի որ այս տարիներին շատ է քննարկվել, միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց տեսակետն են հայտնել:



- Մենք էլ ասում ենք, որպեսզի դա ավելի արժանահավատ լինի եւ ունենա երաշխիքներ, որ ինքն ավելի ճիշտ մեխանիզմների տակ կիրառվի, եկեք նստենք քննարկենք, սահմանադրական բարեփոխումների խնդիրը քննարկենք եւ կտեսնենք, որ այստեղ էլ կան բազում ընտրական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն հենց սահմանադրությամբ:



- Եռյակը դեռ նախորդ քառօրյաներից մեկում ԸՕ-ն փոփոխելու վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ, որի քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին, արտահերթ նիստում, ՀՀԿ-ն հավանությո՞ւն է տալու, թե՞ մերժելու է, որովհետեւ եռյակն ըստ էության սպասում է ձեր պատասխանին:



- Նախ ասեմ, որ դա բավականին թույլ նախագիծ է, եւ ԱԺ-ն իրավունք չունի նման նախագիծ ընդունելու, եթե չեմ սխալվում՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 49 հոդվածն այդ ամենը կարգավորում է, թե ինչպիսի որոշումներ ԱԺ-ն կարող է ընդունել: Իհարկե, մենք դեմ ենք այդ որոշման նախագծին:



- Փաստորեն, ձեզ այնքան էլ չի անհանգստացնում եռյակի սկսած գործընթացը, եւ անհասկանալի է մնում, թե ինչու նորից վերադարձաք 12 կետերին:



- Դուք ինձ ընդամենը հարցնում էիք ԱԺ-ում ներկայացրած որոշման նախագծի մասին, եկեք չխառնենք հարցերը: Ինչ վերաբերում է եռյակի մասին հարցին, նրանց տասներկու կետերի եւ այդ թվում ընդգրկված ԸՕ-ն փոխելու պահանջի մասին, ապա դա պարզ կլինի, երբ կառավարությունը, երկրի նախագահի առաջարկով, վերանայի եւ իշխանության ընդհանուր դիրքորոշումը հայտնի: